Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձվող ընտանիքը՝ գեղեցիկ ու ոգևորող օրինակ

Մարտ 22,2018 16:41

Մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձվող բազմազավակ ընտանիքի հայր, գործարար Կարեն Պապյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարեն Պապյանի և նրա կնոջ՝ Սվետլանայի անզուգական ընտանիքը, որում մեծանում են նրանց 5 հիասքանչ զավակները, օրինակ են յուրաքանչյուրի համար: «1993 թվականից լինելով Հայրենիքից հեռու, ապրելով Ռուսաստանի Պերմ քաղաքում, լինելով տեղի հայ համայնքի և հայկական մշակութային կենտրոնի ստեղծման ակունքներում՝ Դուք չեք մոռացել Ձեր արմատների, պատմության ու հայրենի հողի մասին, Հայաստանը պահել եք Ձեր սրտում, հայեցի դաստիարակել Ձեր զավակներին: Պատահական չէ, որ  2011թ.-ին հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարության կողմից ստացել եք շնորհակալագիր: Եվ ահա այսօր անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ Ձեր մեծ, գեղեցիկ ընտանիքը որոշել է վերջնականապես հայրենադարձվել, ապրել ու արարել ազատ ու անկախ Հայաստանում»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին և ողջ նախարարությանը՝ Կարեն Պապյանը շեշտեց, որ հայրենադարձվելու որոշումն ընդունելու հարցում վճռորոշ է եղել «Արի տուն» ծրագրի դերակատարությունը: «2017 թվականին երեք երեխաներս դարձան արիտունցի, վառ տպավորություններ ստացան և խնդրեցին մեզ վերադառնալ ու ապրել Հայաստանում: «Արի տուն» ծրագրի շնորհիվ էլ ավելի ուժգնացավ մեր երեխաների սերը Հայրենիքի նկատմամբ, նրանք ցանկանում են այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել: Վստահ եմ, որ նրանք կլինեն լավ քաղաքացի ու լավ հայ»,-նշեց հայրենադարձած ընտանիքի հայրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Կարեն Պապյանի ընտանիքի որոշումը՝ վերադառնալու Հայրենիք, գեղեցիկ և ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031