Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

Մարտ 22,2018 18:04

Մարտի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց «S’Unique» կինոթատրոնը:

Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:

Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ: Հյուրերը շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

«S’Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», – լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S’Unique» կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:

Նշենք, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031