Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Շաբոյան, դուք չպիտի՛ լինեք այդ հանձնաժողովի անդամ». Մարուքյանը Շաբոյանին հիշեցրեց իր կենսագրությունը

Մարտ 23,2018 13:07

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ օրենքը կատարյալ չէ, բայց մեկ քայլ առաջ է, դրա համար էլ ինքը հանձնաժողովի նիստում կողմ է քվեարկել: Նա նաեւ նշեց. «Հանձնաժողովի վարկանիշը բարձրացնելու խնդիր կա, դրա համար առաջարկվել էր, որ ընդդիմադիր կուսակցությունից էլ ներկայացուցիչ լինի հանձնաժողովում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ պետք է ավելի շատ եւ ավելի կոշտ գործիքներ տալ հանձնաժողովին, հատկապես՝ գնումներում մասնակցության մասով. «Շուկա մուտք գործելու եւ շուկայից դուրս գալու խնդիրն է շատ կարեւոր: Մարդը բիզնես է անում, շուկաները կենտրոնացված են, պետք է վաճառի գնա: Գնորդները, քանի որ կենտրոնացված է շուկան, մեկ-երկուսն են: Ոչ մեկը չի խոսում շուկայից դուրս գալու պրոբլեմների մասին, որը պետք է լուծի էլի այս հանձնաժողովը: Մարդիկ ներկրում են ապրանքներ, բերեցին, որտե՞ղ են վաճառելու, առեւտրային ցանցերը նորից կենտրոնացված են, ցանցի տերերը էլի 2-3-ն են, ո՞ր մեկի մոտ դնեն»: Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկելու:

«Ելքի» պատգմավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն պնդմանը, թե ՏՄՊՊՀ-ի անդամ չի կարող լինել ընդդիմադիր կուսակցության առաջարկած թեկնածուն, քանի որ նա կաշկանդված կլինի կուսակցական որոշումներով, կսկսի կատարել կուսակցության պատվերները, ինչքան էլ մասնագիտական առումով համապատասխանի:

Մարուքյանն էլ հիշեցրեց, թե իրենք ժամանակին հակակոռուպցիոն փաթեթ էին ներկայացրել, դրել շրջանառության մեջ, որը մերժվել էր. «Մենք առաջարկում էինք ապակուսակցականացնել հանձնաժողովը եւ պնդում էինք, որ քանի որ Արտակ Շաբոյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, նա չի կարող ՀՀԿ-ի մյուս գործարարներին, ովքեր պատգամավորներ են կամ պատգամավորներ չեն, հետապնդել տնտեսական մրցակցության պաշտպանության լույսի ներքո եւ իրականում մրցակցությունը պաշտպանել»:

ԱԺ նիստերի դահլիճից Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց, թե որտեղի՞ց է վերցրել, որ Շաբոյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: Մարուքյանն էլ պատասխանեց՝ Շաբոյանի կենսագրությունում գրված է:

Մարուքյանին զարմացրել էր այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ լինելով՝ Շաբոյանը հիմա կանգնում է ԱԺ ամբիոնի մոտ եւ ասում՝ դա անթույլատրելի է, խայտառակություն է ախր, էդ ի՞նչ առաջարկներ եք ներկայացնում, ո՞նց կարելի է. «Հիմա այստեղ երկու տարբերակ կա: Պարոն Սարգսյանն ասում է, որ օրենքը մեկ քայլ առաջ է, ինքը կողմ է քվեարկել, եթե մեր հանձնաժողովականն այդպես է պնդում, պետք է կողմ քվեարկենք, բայց ես կարծում եմ, նոր հանձնաժողովը, երբ որ նշանակվի, պարոն Շաբոյան, դուք չպիտի՛ լինեք այդ հանձնաժողովի անդամ՝ ձեր իսկ այս ամբիոնից պնդումների հիման վրա»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը միացավ Մարուքյանին՝ ասելով. «Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել: Այս մտածողությունը պետք է մեր մտքից հանենք ընդհանրապես, որ որեւէ կուսակցության անդամ իր լիազորությունների շրջանակներում չի կարող անկախ լինել»: Նա հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին, քանի որ սկզբունքային խնդիր ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031