Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, վարչապետի՛ց պիտի պատասխան պահանջենք, ապրիլի 9-ից հետո էլի՛ վարչապետից եւ հատկապե՛ս վարչապետից». Կոստանյան

Մարտ 23,2018 15:16

«Մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ մենք ստեղծում ենք իր ժողովրդի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագծի եւ կից ներկայացված օրենքների քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նա անդրադարձավ նաեւ «Ելքի» հարցադրմանը, թե ինչու ԱԱԾ-ն, ոստիկանությունը նախարարություններ չեն դառնում. «Դա սկզբունքային հարց է: Ե՛վ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգությունը հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք պետք է առավել եւս ապաքաղաքական լինեն: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկն ասի՝ եկեք ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը դարձնենք քաղաքական մարմին: Իրենց համար քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը»:

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը թվարկեց տարբեր մարմինների անունները, որոնք այս կամ այն նախարարության կազմում են. «Այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարման են անցել եւ ունեն ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում եւ քաղաքական պաշտոններ են, բայց ծառայությունը դրանից չի տուժում, Հայաստանում դա սկզբունքային հա՞րց է»:

Կոստանյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարություն կարող է լինել խորհրդարանական երկրում, բայց այդ դեպքում նախարարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում, այդ թվում՝ ոստիկանության համար՝ որպես առանձին ծառայություն եւ դրա համար նրանք մտած են նախարարության կազմի մեջ. «Մենք ավելի լավ բան ենք անում, քան դուք առաջարկում եք: Եթե մենք Ներքին գործերի նախարարություն ենք դարձնում, դա նշանակում է, որ ոստիկանության քաղաքական պատասխանատուն լինելու էր նախարարը: Մենք ոստիկանական գործողությունների համար քաղաքական պատասխանատուն դարձրել ենք վարչապետին, վա՞տ բան ենք արել, թե՞ լավ»:

Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Կոստանյան, դուք վատ բան եք արել: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դուք ցույց եք տալիս, որ երկրում որեւէ բան չի փոխվում, եղած գործող համակարգի մեջ բան չի փոխվել: Ասում եք՝ վարչապե՞տն է պատասխան տալիս ոստիկանության ամեն ծառայողի համար: Պետք է լիներ ՆԳ նախարար, ԱԱԾ նախարար, պատգամավորները կարողանային տարրական հարցուպատասխանի ժամանակ հարց տալ նախարարին: Հիմա որ վարչապետին հարց տանք, ասենք, Գեղարքունիքի մարզում մի ոստիկանի արածի մասին, նա տեղյա՞կ է լինելու դրա մասին, որ ասում եք՝ վարչապետը պատասխան կտա, ո՞ւմ պատասխան կտա: Վարչապետը ոստիկանների համար պիտի պատասխա՞ն տա այս խորհրդարանին: Կամ լսումներին ո՞ւմ պիտի հրավիրենք, վարչապետի՞ն»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Այո, վարչապետի՛ց պիտի պատասխան պահանջենք այսօրվա կառավարման մոդելի պայմաններում, ապրիլի 9-ից հետո էլի՛ վարչապետից եւ հատկապե՛ս վարչապետից»:

Ըստ Մարուքյանի, այսպես է լինում, որ բացահայտվում է կեղծ պառլամենտական կառավարման համակարգը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ արձագանքեց. «Այդ թյուր պատկերացումը, որ իրականում կեղծ խորհրդարանական մոդել ենք առաջ տանում, գալիս է հետեւյալից՝ ժողովրդավարություն ամենեւին էլ չի նշանակում ամենաթողություն»:

ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո քվեարկության դրվեցին քննարկված օրենքները եւ բոլորն ընդունվեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031