Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք անչափահաս երեխաների մորը 10 000 դրամի գողության համար ազատազրկել են 6 տարի 6 ամիս ժամկետով

Մարտ 24,2018 14:00

Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի անչափահաս դուստրը հայտնել էր, որ իր քրոջ հեռախոսահամարին է զանգել ծանոթը եւ ասել, որ մայրը գողություն է կատարել: Երբ Սիսիանի իրենց տուն է գնացել` խոհանոցում տեսել է բանջարեղենով լի երեք տոպրակ:
2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը:

Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:

Մինչ օրս Հասմիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը 2017 թվականի օգոստոսի 16-ից գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է:
Առաջին ատյանի դատարանում Հասմիկն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա ասել էր, որ միայնակ, երեք երեխաների հետ վարձով բնակվել է Սիսիանում: Աշխատանք չի ունեցել, ապրուստի միակ միջոցը ընտանեկան նպաստն էր: Տուժողի հետ ծանոթացել էր գողությունից 6 ամիս առաջ, հաճախ գտնվել է նրա տանը: Մի օր էլ նկատել է, թե տուժողը որտեղ է թաքցնում իր գումարը:

Զանգել է տուժողին, ճշտել, որ նա տանը չէ, այլ գտնվում է Հացավան գյուղում:
«Տանը ուտելիք չկար, գնացի Մարիետայի բնակարան, վերցրի 2 հատ 5000 թղթադրամները, հեռացա»,-ասել էր Հասմիկը:

Նույն օրն էլ երեխաների համար գնել էր միրգ եւ բանջարեղեն: Սակայն գիշերը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նրան հրավիրում են ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանում է, որ գողություն կատարողն ինքն է:

Տուժողը միայն Հասմիկին էր ասել Հացավանում իր գտնվելու մասին, ու երբ եկել էր տուն, եւ տեսել գումարը չկա, անմիջապես զանգել էր ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին:

Այս գործը կարող էր դատարան չհասնել, Հասմիկը գումարը վերադարձրել է, սակայն ոչ միայն հասել է, այլ կատարված հանցագործության համար հաշվի չի առնվել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, որ հանցագործության պատճառը երիտասարդ կնոջ սոցիալական ծանր վիճակն է եղել, երեք անչափահաս երեխաներին պահելու անհնարինությունը, վարձով բնակվելը, տուժողի վնասը հատուցելը:

Վկա է ճանաչվել տուժողի հարեւաններից մեկը, ում խնդրել էր վերանորոգել իր տան դռան փականը եւ փեղկը: Նա վկային ասել էր, թե «ընկերուհին մտել է տուն եւ 10000 ՀՀ դրամ գողացել, այդ պատճառով էլ դուռը վնասվել է»:

Ի դեպ, դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ՝ «Բնակարանի ներսում գտնվող իրերը խառնված չեն»:

Դատավոր Ն.Օհանյանի իրավական գնահատականների համաձայն, կատարվածը որակվում է որպես գողություն` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, որով էլ նա ենթակա է պատասխանատվության եւ պատժի:

Պատժի տեսակը եւ չափը որոշելիս դատարանը հանգել էր հետեւության, թե ամբաստանյալ կնոջ կատարած արարքը «դասվում է ծանր հանցագործությունների շարքին եւ ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում»։
Մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ պատիժ նշանակելու պահին խնամքի տակ է գտնվել երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը վատառողջ է:

Տուժողն իր հերթին դատարանից խնդրել էր մեղմ վարվել Հասմիկի նկատմամբ:
Դատարանը այդպես էլ վարվել է, տալով «մեղմ» պատիժ: Վճռել է Հասմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում` 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերացնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատվածության` պատժի պայմանականորեն չկիրառելը, եւ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել ամբաստանյալի կողմից չկրած պատիժները եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:
Միաժամանակ, դատարանը, ելնելով ամբաստանյալի գույքային վիճակից, նպատակահարմար է համարել չկիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատժատեսակը` գույքի բռնագրավումը:
Այս գործով քաղաքացիական հայց չկար, իրեղեն ապացույցն էլ`«ծախսվել էր»:
Դատարանը անդրադառնալով Հասմիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցին, այն թողել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    #FailedState,
    #ՁախողուածՊետութիւն,
    #ԱրդարադատութեանՏնազ,
    #ԹալանչիՀանրապետականներ,
    #ԱնպատիժՀանրապետականներ,
    #ՅանցագործԼիսկա,
    #ԱնպատիժԼիսկա,
    #ԱրցախիՀերոսներ,
    #Քաղբանտարկեալներ,
    #4միլիոն2040,
    #ԱնխուսափելիԱրտագաղթ,
    #ԴատարկուածՀայաստան,
    #ՀաստատունՔայլերովԴէպիՎախճան,

  2. Ara Shahbazian says:

    Հետաքրքիր է, իսկ էն պեչենու աղմկահարույց գողության համար քանի՞ տարի տվեցին…

  3. Արտակ says:

    Առավոտին չի սազում սենց լրատվությունը։

    Ֆբ-ից։

    10.000 դրամ գողանալու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված երեք անչափահաս երեխաների մոր մասին սրտաճմլիկ պոստերի շարք է սկսվել… որոնցում, սակայն, փաստերը շարադրված են հենց այսքանով (որ ճմլի երևի):
    Բայց կարելի էր հերթական «համազգային թեման» շրջանառելուց առաջ ծանոթանալ փաստական հանգամանքներին։
    Այդ կինը 4-րդ անգամ գողություն կատարելու համար 3-րդ անգամ է մեղավոր ճանաչվել։ Վերջին անգամ քրոջ դստեր տուն մուտք գործելով գողացել է վերջինիս ամուսնու ամսական ամվողջ աշխատավարձը 110.000 դրամ, ներողամիտ են կրկին անգամ գտնվել, նշանակել են պայմանական ազատազրկում, սահմանել փորձաշրջան։
    Փորձաշրջանի ընթացքում նորից գողություն, նորից ծանր հանցագործություն (բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունն օրենքով ծանր հանցագործություն է): Իսկ փորձաշրջանի ընթացքում նոր հանցագործություն կատարելը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը… Այսինքն դատարանն այս պայմաններում այլ բան անել չէր կարող օրենքով։

Պատասխանել Ara Shahbazian

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031