Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի ընդունել բոլոր ավտոբուսները հարմարեցված լինելու առաջարկը

Մարտ 24,2018 14:30

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման» մասին օրինագիծն այժմ Ազգային ժողովում է: Չնայած օրինագիծն առաջին ընթերցմամբ անցել է, այդուհանդերձ այն այնքան էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների սրտով չէ: ՀԿ-ներն այս օրինագծում ներառելու մի շարք առաջարկություններ են արել, որոնց մի մասն այդպես էլ չի ներառվել:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի քաղաքականության պատասխանատու Մուշեղ Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սկզբում կոալիցիայի առաջարկները մերժվել են, բայց երբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտեն դիտարկումներ է ներկայացրել Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, ինչպես մեր զրուցակիցն է ասում, կառավարությունը հասկացել է, որ «իրենք միակ ճշմարիտը չեն», եւ սկսել է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ կազմակերպությունների ձայնը, եւ առաջարկությունների մի մասն ընդունվել է:

Սակայն, ըստ Մուշեղ Հովսեփյանի, նախագծում այս պահին կան թերություններ, որոնք չեն բավարարում կոնվենցիայի պահանջներին. «Օրենքի նախագիծը չի ասում, որ նոր գնվող բոլոր ավտոբուսները պետք է հարմարեցված լինեն: Ասում է, որ կառավարությունը համապատասխան կարգով կսահմանի նվազագույն շեմ, ինչը ենթադրում է, որ մենք կունենանք նույն իրավիճակը, ինչը կա այս պահին: Օրինակ՝ ավելի քան 600 ավտոբուս կա, բայց նրանցից ընդամենը 25-ը ունեն վերելակներ»:

Պարոն Հովսեփյանի խոսքով՝ կառավարությունը մերժել է նաեւ կոալիցիայի առաջարկը` ապաինստիտուցիոնալացումը որպես հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման քաղաքականության հիմնական ուղղություն ընդունելը. «Ինչ է ներառում ապաինստիտուցիոնալացումը: Դա ենթադրում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները առաջին հերթին մանկատներից կտեղափոխվեն ընտանիքներ, եւ երկրորդ` կան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք այլեւս փակված չեն մնա տարիներ շարունակ եւ չեն ենթարկվի խոշտանգումների, զրկված չեն լինի իրենց ազատությունից: Սակայն կառավարությունը մերժել էր այս առաջարկը, բայց հայտարարում են, որ ապաինստիտուցիոնալացումն իրենց քաղաքականության հիմնական մասն է»:

Կոալիցիայի առաջարկությունները վերաբերել են նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանակի ընդլայնմանը. «Նպատակն այն է, որպեսզի օրենքի նախագիծը տարածվի ոչ միայն այն անձանց վրա, որոնք բժշկասոցիալական գործակալության կողմից ճանաչվել են որպես հաշմանդամություն ունեցող անձ, այլեւ ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ բախվում են միջավայրային արգելքների եւ խտրականության: Տարբեր երկրներ ունեն հաշմանդամության տարբեր չափանիշներ, բայց իրավունքների առումով դրանք մեկն են, եւ բոլորի իրավունքները կարեւոր են: Տարբեր խմբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց կարող են չհամապատասխանել երկրի չափանիշներին, բայց իրենց իրավունքները պետք է ապահովեն, եւ պետք է ունենան համապատասխան իրավունքներ իրենց իրավունքները իրացնելու համար»,- ասաց Մուշեղ Հովսեփյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031