Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքը Սեւանի վրա գցելու փոխարեն ոռոգման ջրերի կորստի հարցը լուծեք». Կարինե Դանիելյան (Տեսանյութ)

Մարտ 24,2018 12:02

Բնապահպաններն անհանգստացած են, որ Սեւանա լճից հնարավոր հավելյալ ջրառն աղետալի հետեւանքների կհանգեցնի՝ առավել եւս, որ նախորդ տարվա հավելյալ ջրառի հետեւանքով Սեւանի մակարդակն արդեն իջել է 4 սանտիմետրով: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Հիշեցնենք՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ ջրամբարների թերլցվածության խնդիրը լուծելու համար գուցե դիմեն ԱԺ-ին՝ Սևանից հավելյալ ջրառ կատարելու թույլտվության համար:

Ջրամբարների խնդիրը լուծելու համար Կարինե Դանիելյանն առաջարկում է ոչ թե Սեւանին հարվածի տակ դնել, այլ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների կորստի հարցը լուծել. «Ոռոգման համակարգում մեծ քանակության ջրի կորուստ է գրանցվում ամեն տարի: Պետք է այս ուղղությամբ աշխատել, ոչ թե ամեն անգամ ձեռքը գցել Սեւանի վրա: Դրական եմ գնահատում, որ ուզում են շարժական պոմպեր կիրառել, բայց հիմա գյուղացիները  ջուրը չեն կարողանում օգտագործել, որովհետեւ եղած պոմպը վնասված է կամ  հոսանքի գումար չունեն: Այդպես ջուրը հոսում է ու կորում»:

Կարինե Դանիելյանն արձանագրեց, որ ջրամբարների ցանց ստեղծելու ուղղությամբ եւս պետությունը քայլեր է անում, բայց պետք է ոչ թե խոշոր ջրամբարներ ստեղծվեն, որոնք սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր են, այլ միջին եւ փոքր չափերի: Դառնալով Սեւանի խնդրին՝ բնապահպանը նշեց՝ Արփա-Սեւան թունելը լիարժեք չի վերականգնվել, ինչի պատճառով Սեւանն անհրաժեշտ քանակության ջուր չի ստանում:

«Վերջին տարիներին Սեւանի ջրի որակի լավացում ենք նկատել: Եթե նորից հարվածենք Սեւանին եւ հավելյալ ջրառ կատարենք, կխաթարենք նրա վերականգնման գործընթացը»,-համոզմունք հայտնեց փորձագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031