Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրպագուների բազմամարդ երթեր՝ Հայաստան-Էստոնիա խաղից առաջ

Մարտ 24,2018 17:51

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական խաղը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆան ակումբներում, որոնք մեր ընտրանուն աջակցելու եւ ոգեւորելու նպատակով հանդիպումից առաջ զանգվածային միջոցառումներ էին կազմակերպել Երեւանի փողոցներում:

«Red Igles Fan Club»-ը ազգային հավաքականի բոլոր ակտիվ երկրպագուներին հրավիրել էր Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածք՝ կոչ անելով գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, շարֆիկներով եւ երկրպագելու այլ պարագաներով՝ իրենց հետ միասին տեղ զբաղեցնելով հարավային տրիբունայի առաջին սեկցիայում եւ համախմբված ոգեշնչելու մեր ընտրանուն:

«FAF»-ը ազգային հավաքականի երկրպագուների հավաքի վայր ընտրել էր Ֆրանսիայի հրապարակի մոտ գտնվող Արամ Խաչատրյանի արձանի շրջակա տարածքը մասնակցելու նախախաղային երթին:

FAF-ի թմբկահար Սարգիս Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Արդեն ինը տարի FAF-ի անդամ եմ, ու ազգային հավաքականի բոլոր խաղերին մենք աջակցում ենք ամենաակտիվ կերպով: Ֆուտբոլի մարզադաշտը թերեւս միակ վայրն է, որտեղ ամբողջ հայ ժողովուրդը միասնական է՝ անկախ քաղաքական հայացքներից: Ազգային հավաքականը մեր երկիրը, եռագույնն է ներկայացնում ամբողջ աշխարհում եւ մեր երկիրը ճանաչելի դարձնում: Մենք երազում ենք, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականը միշտ հաղթի: Դրա համար էլ մենք մշտապես նրա հետ ենք, նրա կողքին: Այս հարցում մեզ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել: Անգամ օդերեւութաբանների՝ այսօր  խոստացած փոթորիկն ու քամին»:

Պատանի ֆուտբոլասեր Արսենը նույնպես Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուն է, հատկապես՝ Հենրիխ Մխիթարյանի: Այսօր նա մարզադաշտ է եկել պապիկի հետ եւ հավաքականի ավագի հետ լուսանկարվելու շատ մեծ հույս ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031