Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատարանը գտնի, որ ռեկտորը սխալ է, մենք կպատժենք ռեկտորին». Ֆելիքս Ցոլակյան (Տեսանյութ)

Մարտ 24,2018 20:11

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը։ Այն փակ էր․ ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բուհի ուսանողներին չէին թույլատրել անգամ համալսարանի շենք ներս մտնել, որն էլ առաջացրել էր նրանց վրդովմունքը։ Ի պատասխան՝ ուսանողները նստացույց էին հայտարարել համալսարանի դիմաց, չնայած բավական ուժեղ քամուն՝ չէին հեռանում ու հայրենասիրական երգեր էին կատարում։ Նրանց ներս թողեցին այն ժամանակ, երբ քամին  ավելի ուժգնացավ։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, երբ նախարարը հանդիպեց լրագրողներին ու ուսանողներին, վերջիններս իրենց վրդովմունքը հայտնեցին այս առթիվ։

Ուսանողների ու լրատվամիջոցների հետ համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի ու նախարարի հանդիպումը տևեց բավական երկար։ Անդրադառնալով դասադուլ հայտարարած ուսանողների պահանջին՝ այն է անհապաղ հետ կանչել աշխատանքից ազատված սիրելի դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին, նախարարն ասաց․ «Երբ որ հրամանը տրված է, հրամանը կարող է վիճարկվել, բողոքարկվել միայն դատական կարգով։ Եթե կատարված է Աշխատանքային օրենսգրքի խախտում, և ռեկտորն ապօրինի հրաման է տվել, դա լուծման միայն մի ճանապարհ ունի աշխարհի պետությունների մեջ՝ օրենսդրական ճանապարհն է։ Այսինքն` պիտի դիմեք դատարան և դատարանով խնդիրը լուծել, և ձեր դասախոսները հայտարարել են, որ մենք կդիմենք դատարան, այդ ճանապարհով գնում են։

Հիմա դուք գնացեք դասի և հետևեք էդ գործընթացին, որովհետև  այլ լուծումը ո՞րն է, ի՞նչ պետք է անենք, օրինակ ո՞րն է այդ լուծումը, դուք  պետք է լուծում ասեք չէ՞, որի համար դասադուլ եք անում։ Հասկացանք բարձրաձայնելը կարևոր խնդիր է, խորհրդի նախագահն եկել է, հանրապետության բոլոր մասսայական ինֆորմացիայի միջոցները գիտեն, խնդիրը բարձրաձայնված է, և մարդիկ էլ աջուձախ հարցազրույցներ են տալիս, ամեն մեկն իր մակարդակով իրեն պահում է, ասում է, անձնական վիրավորանքների դաշտ է մտնում։ Պարոն Խորիկյանը երբեք իրեն թույլ չի տալիս, դրա համար ես իրեն որպես անձնավորություն՝ շատ հարգում եմ։ Հիմա էսպես է, գնում է այս գործընթացը, դուք ի՞նչ եք ուզում երեխեք, ասեք»։

Ըստ նախարարի՝ հարցի լուծման տարբերակներից մեկն էլ մրցույթի մասնակցելն է, «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը, որը Ազգային ժողով կմտնի քննարկման ապրիլին,նախատեսում համալսարանական բոլոր պաշտոններն, այդ թվում դասախոսներինը ևս ընտրովի լինեն։ Նախարարի վստահեցմամբ, ընտրությունները կլինեն թափանցիկ։

Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ հոգաբարձուների խորհրդին իրավունք չի տրված ռեկտորի՝ դասախոսներին աշխատանքից ազատելու հրամանը բեկանել։ «Եթե դատարանը գտնի, որ ռեկտորը սխալ է, այն ժամանակ էլ մենք ռեկտորին կպատժենք»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Ուսանողներից մեկը մեղադրեց նախարարին՝  իր լռությամբ նման հանգուցալուծման հասցնելու համար։

Այս մասին կանդրադառնանք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    Էդ որ դատարանի դատավորն է օրենքը կիրառելու: Աշխատանքային օրենսգրքում կա հստակ կետ. եթե գործատուն չի վստահում ապա կարող է աշխատողին ազատել աշխատանքից. հարգարժան Ցոլակյանը դրա մասին չգիտի?

  2. Jek says:

    Ձեր հարգարժան Ցոլակյանը լավ էլ պաշտռպանեց վատահամբավ Մինասյանին:Գլուխը քարին է տվել գործատուն այդ կետով մարդուն գորխից ազատելու համար:Դատարանում պատասխան է տալու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031