Արմեն Սարգսյանի լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը

Արմեն Սարգսյանի լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը

Հիմա ցանկացած լրատվական կայք բաց անես, Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության մասին մի բան կգտնես: Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության հարցը սկսվեց քննարկվել նրա ընտրվելուց ընդամենը մեկ-երկու օր առաջ և հատկապես ու առանձնապես նրա ընտրվելուց հետո: Մինչ այդ գրեթե բոլոր լրատվամիջոցներն ավետում էին, որ Հայաստանի 4-րդ նախագահն իսկական նախագահի տիպար է ՝ բոլոր առումներով:

Լեգիտիմության, ավելի ճիշտ՝ ոչ լեգիտիմության մասին, ոչ մի խոսք ու ոչ մի ակնարկ: Մի խոսքով՝ մեծամասնության կարծիքը միանգամայն դրական էր, և նախընտրական ամբողջ ընթացքում Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև՝ Սփյուռքում, ինչպես նաև՝ զանազան կուսակցությունների ու կազմակերպությունների հետ:

Մինչ այդ ու հընթացս 4-րդ նախագահի թեկնածուն աջուձախ հայտարարում էր, որ դեռևս վերջնականապես չի համաձայնվել դառնալ նախագահ: Եթե Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմությունն այդքան ակնհայտ էր, ինչու՞ ողջ նախընտրական ընթացքում այդ մասին չէին խոսում ու բարձրաձայնում: Եթե խոսեին ու բարձրաձայնեին, միգուցե մարդն իսկապե՞ս հրաժարվեր առաջարկված պաշտոնից, մանավանդ որ՝ ինքը շարունակ ասում ու կրկնում էր, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Իր էդ ասածին հավատանք թե չհավատանք, դա էս դեպքում առանձնապես էական չի:

Կարևորն այն է, որ ոչ ոք Արմեն Սարգսյանին չէր ակնարկում, որ իր նախագահ դառնալը ձեռնտու չի Հայաստանին: Նույնիսկ Նիկոլենք, որ դեմ քվեարկեցին, Արմեն Սարգսյանի դեմ չէին խոսում: Ավելին. բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները, որոնց հետ նախընտրական շրջանում հանդիպել էր 4-րդ նախագահի թեկնածուն, միաձայն հայտարարում էին, որ Արմեն Սարգսյանը նախագահի լավագույն թեկնածուն է, և միայն 4-րդ նախագահի ընտրվելուց հետո ընդդիմադիր որոշ կուսակցություններ ու գործիչներ հայտարարեցին, որ տվյալ ընտրությունը Նազարբաևյան ընտրություն էր, քանի որ Արմեն Սարգսյանը նախագահի միակ թեկնածուն էր և, փաստորեն, հակառակորդ չուներ: Գումարած՝  ոչ լեգիտիմությունը: Հանկարծ բավական թվով մարդիկ հիշեցին, որ 4-րդ նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացիություն պիտի ունենար:

Հիշեցին ու բավական մեծ աղմուկ բարձրացրին: Ընդ որում՝ ոչ միայն 4-րդ նախագահի քաղաքացիության վերաբերյալ, այլև՝ նախընտրական բազմաթիվ հանդիպումներում նրա ունեցած ելույթների: Նաև նրանք, ովքեր միանշանակ բացարձակ դրական կարծիք ունեին 4-րդ նախագահի մասին, դադարեցին իրենց դրական կարծիքը բարձրաձայնել և նախընտրեցին լռել՝ ասպարեզը զիջելով քննադատողներին: Փաստորեն, մեզանում արդեն բնավորություն է դառնում ընտրվողին գովելն ու ընտրվածին փնովելը: Խորհրդարանում էլ ընդդիմադիրները շոշափեցին Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը : Եթե համոզված էին, որ իրենք ճիշտ են, կարող էին, չէ՞, Սահմանադրական դատարան դիմել: Թեկուզ ձևականորեն. եթե նույնիսկ համոզված էին, որ Սահմանադրական դատարանը կպաշտպանի 4-րդ նախագահի շահերն ու իրավունքները:

Մի խոսքով՝ մերոնք պաշտոնյաներին, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներին չեն սիրում: Ոչ միայն ընդդիմադիրները, այլև՝ շարքային քաղաքացիների մեծ մասը: Պաշտոնյա չենք սիրում ու՝ վերջ: Դրանում, իհարկե, մեր պաշտոնյաները մեղքի իրենց լուրջ բաժինն ունեն, բայց մերոնք նույնիսկ լավ պաշտոնյաներին չեն սիրում: Լրագրողները՝ ներառյալ: Լրագրողները՝ հատկապես: Ձեզնից շատերը զարմացած կհարցնեն՝ բայց լավ պաշտոնյաներ կա՞ն: Կպատասխանեմ՝ իհարկե կլինեն: Ոչ միայն լավ, այլև՝ ազնիվ պաշտոնյաներ: Ոչ միայն ազնիվ, այլև՝ գերազնիվ: Մեկին  անձամբ եմ ճանաչել: Անձամբ ճանաչել եմ Կրթության նախարար Վարդգես Գնունուն: Բայց լրագրողները նույնիսկ Գնունու ազնվության մասին որևէ բան չէին գրում : Եթե գրեին, շատ պաշտոնյաներ կմտածեին, որ, այնուամենայնիվ, ազնվությունը նկատվում ու գնահատվում:

Բայց վերադառնանք 4-րդ նախագահին, որի նախընտրական սկիզբը  բավական հաջող ստացվեց, ինչպես որ վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքն էր չափազանց հաջող  ստացվել: Այդուհանդերձ, 4-րդ նախագահին ընդդիմությունն ավելի շուտ սկսեց քննադատել: Ընտրության հաջորդ իսկ օրվանից: Ոչ միայն քաղաքացիության ու ոչ լեգիտիմության հարցով, այլև՝ Նազարբաևյան անկոնկուրենտ ու անայլընտրանք ընտրության. կարծես դրանում էլ էր Արմեն Սարգսյանը մեղավոր: Շատ էիք ուզում այլընտրանք ունենար, ընդդիմադիրներից մեկին որպես այլընտրանք ներկայացնեիք:

Գոնե վերջնականապես կիմանայինք՝ ընդդիմությունն իրականում քանի ձայն ունի Ազգային ժողովում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    Ընկեր Ոսկան Ըստ Ձեզ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում ունեցել է Հայաստանի քաղաքացիություն: Սա սահմանադրության պահանջն է: Ընդիմադիրներին հանգիստ թող

  2. Ara Shahbazian says:

    Իսկ Ոսկան Երևանցին ինքն ի՞նչ է մտածում Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասին…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք