Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով»

Մարտ 26,2018 19:15

Մարտի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց բեյրութահայ գրող, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությանը:

Լևոն Վարդանի գրական ժառանգությունը, արխիվային նյութերը, անտիպ ձեռագրերը գրողի ընտանիքի կողմից նվիրաբերվել են Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու,  հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին»,-նշեց Սուրեն Օհանյանը:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը  ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասնիկը:

Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:

Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031