Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սկզբունքներով կկազմավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Մարտ 31,2018 15:00

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը կարծում է, որ վարչապետի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է վերանայի իր մոտեցումները:

Սկիզբը` 

– Ապրիլի 10-ից սկսվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման գործընթացը: Վստա՞հ եք, որ իշխանությունները կցուցաբերեն բավարար քաղաքական կամք` ապահովելու բացարձակ նոր որակի անկախ հակակոռուպցիոն մարմին, թե՞ հանձնաժողովի նոր անվան տակ վերարտադրվելու են ներկայումս գործող Էթիկայի հանձնաժողովի անդամները:

– Նախ՝ հանձնաժողովի կազմավորման կարգի մասին, ըստ որի՝ ապրիլի 10-ից սկսած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը կձեւավորի մրցութային խորհուրդ, որը կազմված կլինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Հենց այս խորհուրդն էլ կկազմակերպի եւ կանցկացնի Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթը, թեկնածուների թվից հաղթողներին կներկայացնի Ազգային ժողովի նախագահին, որից հետո քվեարկությամբ Ազգային ժողովը կնշանակի հանձնաժողովի անդամներին, երեքին` վեց տարի, իսկ երկուսին` չորս տարի ժամկետներով:

Անդրադառնալով Ձեր դիտարկմանը, ցավոք, պետք է նշեմ, որ այն ճիշտ է, քանի որ կառավարությունն ի սկզբանե որոշել էր օրենքի ուժով միանգամից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներին ի պաշտոնե թողնել, որպեսզի նրանք ավտոմատ կերպով շարունակեին իրենց պաշտոնավարումը նոր հանձնաժողովի կազմում: Միայն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ջանքերի շնորհիվ հետադիմական այդ դրույթը դուրս հանվեց օրենքի նախագծից: Օրենքում մտցվեց դրույթ, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից ուժը կորցրած կճանաչվեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերաբերող դրույթները, ինչպես նաեւ մեր առաջարկների հիման վրա օրենքում մտցվեցին նոր ձեւավորվելիք հանձնաժողովի անդամներին բացառապես մրցույթի միջոցով ընտրելու վերաբերյալ դրույթները:

Այս առումով ներկայումս` անկախ հակակոռուպցիոն մարմնի կազմավորման այս փուլում, անչափ կարեւոր եմ համարում հետեւյալ չորս հանգամանքները.
-մրցութային խորհրդի ձեւավորմանը մասնակից մարմինները եւ կազմակերպությունները (Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպան, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ, Հանրային խորհուրդ, Փաստաբանների պալատ) պետք է հստակ պահպանեն իրենց անկախությունը, գիտակցեն հանրության սպասելիքները ձեւավորվելիք հանձնաժողովից եւ մրցութային խորհուրդ գործուղեն բացառապես բարոյական բարձր նկարագիր ու հակակոռուպցիոն ոլորտում փորձառություն ունեցող ներկայացուցիչների` այդ հարցում զերծ մնալով որեւէ կողմնակի բացասական ազդեցությունից, որը կվտանգի իրենց ինստիտուցիոնալ անկախությունը,
-խորհրդարանը, ներառյալ խորհրդարանական մեծամասնությունը, պետք է մտածի արկղից դուրս, հասկանա իրեն վստահված կարեւոր դերը եւ գիտակցված ու հավասարակշռված մոտեցում ցուցաբերի հանձնաժողովի կազմի ձեւավորման ժամանակ՝ հանձնաժողովի կազմում նշանակելով բացառապես անբիծ, ազնիվ եւ մաքուր անցյալ ունեցող հակակոռուպցիոն փորձ ունեցող գործիչների, եւ քաղի դասեր ձախողված հանձնաժողովների փորձից` հակակոռուպցիոն կանխարգելման ոլորտում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անարդյունավետ փորձը չկրկնելու համար,
-մասնագիտական հակակոռուպցիոն ՔՀԿ-ները իրենց բարեխիղճ, պրոֆեսիոնալ, հակակոռուպցիոն աշխատանքի բավարար փորձ ունեցող ներկայացուցիչներին պետք է առաջարկեն մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների համար ԱԺ-ի կողմից անցկացվելիք մրցույթին եւ ստանձնել պատասխանատվություն երկրում հակակոռուպցիոն համակարգի կրթության ու կանխարգելման հենասյուներ հանդիսացող օղակների ստեղծման եւ զարգացման համար,
– ԶԼՄ-ները, ՔՀԿ-ները եւ հասարակությունը պետք է ստեղծեն միասնական միջավայր, որը կբացառի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների մեխանիկական վերարտադրությունը եւ կապահովի արժանի թեկնածուների արդար ընտրությունն ու նշանակումը:

– ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ՊՆ-ի կողմից վերջին աղմկահարույց բացահայտումները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակո՞ւմ են:

– Այո, վերջին ժամանակներս այս հարցում ունենք որոշակի դրական ակտիվություն եւ միտում. կարծում եմ՝ շնորհիվ վերոհիշյալ պատկան մարմինների ղեկավարների, դատախազության եւ քննչական մարմիների որոշակի համագործակցության: Սակայն շատ կարեւոր է, որ այդ բացահայտումները կրեն պարբերական բնույթ` մեր երկրում արմատավորելով պատժի անխուսափելիության կարեւորագույն սկզբունքի անխափան իրականացումը` անկախ պաշտոնատար անձի կողմից զբաղեցրած պաշտոնեական դիրքից: Այստեղ շատ կարեւոր մեկ դիտարկում եմ ցանկանում կատարել. իրավապահ եւ քննչական մարմինները պետք է սերտորեն համագործակցեն քաղաքացիական հասարակության հետ` մեր երկրի քաղաքացիներին դարձնելով իրենց հիմնական գործընկերը, որպեսզի ստանան բավականաչափ հանրային վստահություն եւ աջակցություն կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար: Հուրախություն պետք է նշել, որ նման մոտեցում վերջին ժամանակներս որդեգրել է ՀՀ դատախազությունը` հանձին Գլխավոր դատախազի, ինչը իսկապես ողջունելի է:

– Դուք վարչապետի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ եք. ինչպե՞ս կգնահատեք այդ խորհրդի աշխատանքները:

– Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կյանքի կոչված բոլոր հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք ներկայացված են եղել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, հիմնականում արդյունավետ կերպով քննարկվել են խորհրդի կողմից: Իմ պատկերացմամբ՝ այդ ժամանակահատվածում խորհուրդը բացառապես գործել է հանրային շահերից ելնելով` սպասարկել է հանրության սպասումները կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ ժամանակահատվածը ես որակում եմ շատ արդյունավետ եւ օգտակար, որտեղ կառավարությունը եւ քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունները միասին արդիական օրակարգ են առաջարկել, որի շուրջ կառուցողական եւ փաստարկված երկխոսություն են իրականացրել` ունենալով սկզբնական արդյունքներ` վերը նշված հակակոռուպցիոն բարեփոխումները օրենսդրական մակարդակով կյանքի կոչելու տեսքով:

Սակայն պետք է նաեւ ավելացնեմ, որ դեռեւս չկա կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի օրակարգերի ձեւավորման միասնական պրակտիկա, որը կբխի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային պատկերից եւ կարտահայտի քննարկվող հարցերի հրատապությունն ու կարեւորությունը, հանրային սպասելիքներն ու ակնկալիքները: Ցավոք, վերջին երկու նիստերի (աշխատանքային քննարկումների) օրակարգերը կազմվում են կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային պատկերի ընդհանուր կոնտեքստից դուրս, դրանք շատ հատվածային են, չեն արտահայտում խորհրդի բոլոր անդամների կողմից արված առաջարկությունները, իսկ այդ օրակարգերի հարցերից որոշները նաեւ ժամանակավրեպ են: Կարծում եմ, որ խորհուրդը մոտ ապագայում պետք է վերանայի իր կողմից որդեգրած այս գործելաոճը, եւ խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա որոշակի պարտականությունների շրջանակ` խորհրդի գործունեության իրականացման համար: Չպետք է նաեւ մոռանալ, որ խորհուրդը Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմին է, այն պետք է լինի կառավարության եւ հասարակության հակակոռուպցիոն կառուցողական երկխոսության ու հակակոռուպցիոն բարեփոխումների գեներացման հարթակը` իր թիկունքում մշտապես զգալով ժողովրդի աջակցությունն ու սպասումները:

Հուսով եմ՝ իմ սույն դիտարկումները կարող են նոր շունչ, թարմություն եւ տեսլական հաղորդել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031