Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտակցելով, որ Հայաստանը տանում են ադրբեջանացման ճանապարհով, գնում են ա՛յդ ճանապարհով»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի մասին (Ֆոտոշարք և տեսանյութ)

Մարտ 31,2018 19:11

Ինչպես տեղեկացրել ենք, « Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խորագրով շարժումը մեկնարկեց Գյումրու Վարդանանց հրապարակից։

Մինչ քայլարշավը սկսելը, մի քանի օր է՝ Գյումրու կենտրոնական փողոցների մայթերի սալահատակներին հայտնվել էին «Իմ քայլը» գրառումներ:

Չնայած ցուրտ, անձրևային եղանակին՝ այսօր Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ Գյումրիից շարժվեց դեպի Ջաջուռ, որտեղ պատասխանեց լրագրողների հարցերին։ Թե ինչո՞ւ իր քայլերթը սկսեց Գյումրիից, ընդ որ առանց իրազեկման, պարոն Փաշինյանն ասաց․ «Այն պարզ տրամաբանությամբ, որովհետև Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է»։ Նա թվարկեց նաև երթուղին՝ նշելով, որ անցնելու են Հայաստանի 6 խոշորագույն քաղաքներով՝ Վանաձորով, Հրազդանով, Աբովյանով, Սպիտակով, Դիլիջանով, Սևանով, իհարկե չեն հասցնի լինել հանրապետության բոլոր քաղաքներում ու բնակավայրերում։

Իսկ առանց նախապես տեղեկացնելու Գյումրի գալը, պարոն Փաշինյանը մեկնաբանեց նրանով, որ իրենք փորձել են ի ցույց դնել հենց «անսպասելիության էֆեկտը»։ «Մենք հույս ունեք, որ այն անսպասելիության մթնոլորտը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տիրում է, նույնպիսի անսպասելիությամբ էլ կճեղքվի, որովհետև մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի, և քայլ է հանուն քաղաքացու հաղթանակի։ Մենք շատ կոնկրետ խնդիր ենք հետապնդում, մեր առաքելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակի հնարավորություն ստեղծելն է և այդ հաղթանակին ծառայելը։ Նպատակը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի կասեցնելուն ուղղված կոնկրետ գործողություններ անելը, որը իր հերթին կբերի իշխանափոխության։ Եվ մենք խնդիր ունենք այս գործընթացով, այս արշավով վստահություն ներշնչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոշակի հավատ ներշնչել իրենց ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ և իրենց ֆիզիկական ներկայությամբ, առանց որևէ բռնության կիրառման, նույնիսկ առանց որևէ հակաբռնության կիրառման, իրենց ֆիզիկական ներկայությամբ թույլ չտալ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը և ի վերջ հասնել փոփոխությունների»:

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ աննախադեպ ակցիան կբերի սպասված արդյունքների։ Նա ասաց, որ ապրիլի 13-ին, ժամը 18․30-ին հասնելու են Երևանի Ազատության հրապարակ, որտեղ և կախված քաղաքացիների ակտիվությունից՝ կձեռնարկեն քաղաքացիական անհնազանդության կոնկրետ ձևեր ու կպլանավորեն գործողություններ իրականացնել՝ անկախ քաղաքացիների մասնակցության քանակից։ Ըստ նրա, քաղաքացիների մասնակցության քանակն ու ակտիվությունը իր հետ կբերի նոր սցենար։

«Ես չեմ ուզում թաքցնել, ուզում եմ մեր գործողությունների ճանապարհային քարտեզը ներկայացնել, քանի որ Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը լկտիաբար խախտում են, խզում են քաղաքացիների հետ կնքած պայմանագիրը, դա, ըստ էության, պայմանագիր է եղել և Սերժ Սարգսյանի կողմից  ստանձնած պարտավորություն, որ նա չի առաջադրվելու նախագահի թեկնածու, չի հավակնելու վարչապետի պաշտոնին և սխալ է համարում անգամ, որ որևէ մեկը երրորդ անգամ լինի կառավարման ղեկին։ Նրանք, ըստ էության, գիտակցելով, որ Հայաստանը տանում են սխալ ճանապարհով և ցնցումների ճանապարհով և ադրբեջանացման ճանապարհով, նրանք գնում են այդ ճանապարհով։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հնարավորություն ունենա սրա վերաբերյալ արտահայտել իր կամքը և գնալ, ֆիզիկապես թույլ չտալ Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում։ Ինչպե՞ս, մենք պատկերացնում ենք էսպես, պետք է էնպիսի թվով մարդիկ հավաքվեն, որ մենք գնանք և ուղղակի Ազգային ժողովի շենքը շրջափակենք բոլոր կողմերից, որպեսզի ուղղակի  ֆիզիկապես հնարավոր չլինի Ազգային ժողովի նիստ անցկացնել ներսում։ Իսկ եթե մարդկանց մասնակցությունն այլ լինի, մենք այլ գործողություններ կձեռնարկենք, մասնավորապես կփորձենք մեր խոսքը բարձրաձայնել, այդ թվում չենք բացառում կոնկրետ փողոցներում որոշակի ցույցեր իրականացնելով, ընդհուպ նստացույց իրականացնելով»։

Նա հայտարարեց, որ թեև այս որոշումը կայացրել են թիմային՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ, սակայն նրանցից յուրաքանչյուրն այս պահին անում է իր քայլը, որովհետև յուրաքանչյուրը նաև անհատական որոշում է կայացրել։ Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կանի իր քայլը՝ հանուն ազատ և երջանիկ Հայաստանի, նոր կյանքի և ընդդեմ ստի, լճացման ու հուսահատության, հանուն քաղաքացիների հաղթանակի և ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ն իշխանավարման ողջ շրջանում մի խնդիր է ունեցել․ քաղաքացուն ներշնչել, որ նա ուժ չունի և ոչ մի բան չի որոշում, որ ամեն ինչ որոշված է վերևներում, և քաղաքացին չի կարող փոփոխություններ անել։ «Ամեն ինչ արել են, որ մեր քաղաքացիները չվստահեն իրենք իրենց նույնիսկ, չհավատան իրենց ուժին, չհավատան իրենց իշխանությանը, չհավատան երկրի տեր լինելու կարգավիճակին։ Մեր խնդիրը հենց հակառակն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասել՝ դու հզոր ես, կարող ես դուրս գալ հրապարակ և լուծել ցանկացած հարց»։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «Իմ քայլը»  ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համագործակցելու պրակտիկա կունենան, քանի որ ոչ միայն բացառում են բռնությունն այս գործողություններում, այլև հակաբռնությունը, այսինքն՝ բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։ Նա ասաց, որ երեկ հանդիպում են ունեցել «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչների հետ ու ձեռք են բերել պայմանավորվածություն համատեղ գործողությունների շարք սկսելու։

Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր «ճանապարհային քարտեզին» չմիացած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «Ելքը» հանրությանը պետք է տանի ճիշտ ճանապարհով՝ առանց արկածախնդրության, պարոն Փաշինյանն ասաց․ «Ես ասել եմ, որ լիովին համաձայն եմ պարոն Սարգսյանի այդ դիրքորոշման հետ, և այս է պատճառը, դուք էլ գիտեք, որ բավական երկար ժամանակ քննարկում ենք մեր գործողությունների ճանապարհային քարտեզը և բանավեճեր ենք ունենում և շատ մանրամասն պլանավորել ենք, հաշվարկել ենք, և մենք ծրագրված խաղաղ, քաղաքական և քաղաքացիական շարժման գործընթաց ենք սկսում»։

Դիտարկմանը՝ եթե հաջողությամբ չավարտվի ձեր նախաձեռնությունը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ բոլոր սցենարների գործողություններն ունեն, սակայն ասաց, որ չի ուզում հոռետեսական սցենար քննարկել, քանի որ քայլարշավին հնչած առաջին արձագանքները հույս են ներշնչում։ Ըստ նրա, այս ընթացքում տասնյակ քաղաքացիներ իրենց զորակցությունն են հայտնել, բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել Սախալինից, Մոսկվայից, Վրաստանից, մեր հանրապետության բազմաթիվ բնակավայրերից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031