Քառօրյա պատերազմ՝ երկու տարի. չքաղված քաղաքական դասերը

Քառօրյա պատերազմ՝ երկու տարի. չքաղված քաղաքական դասերը

Երկու տարի առաջ ապրիլի 2-ին Արցախի սահմանը հանկարծ հայտնվեց ինտենսիվ կրակի տակ: Կրակի տակ հայտնվեցին եւ գնդակահարվեցին նաեւ այն խոսակցությունները եւ «տեսակետները», որ Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքներն «ավելի շատ ներքին լսարանի համար են», որ Ռուսաստանի կողմից մատակարարվող՝ մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենքը «մեր դաշնակցի բիզնեսն է», որ «միեւնույն ռուսները վերահսկում են…», որ «ավելի լավ է ռուսները վաճառեն, քան…», որ «ռուսները թույլ չեն տա…», որ «Պուտինը թույլ չի տա…», «մեր ռազմավարական դաշնակիցը…», «մեր դարավոր բարեկամը…» եւ նման կարգի մնացյալ դատարկաբանությունները: Ցանկացած պատերազմ սկսվում է, երբ պարտվում է քաղաքականությունը:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ «ռուսները մեզ չեն սիրում», կամ «ռուսները վատն են»: Դա թելադրված էր այն տրամաբանությամբ, որն ընկած էր Պուտինի նոր քաղաքականության հիմքում՝ դե-ֆակտո վերանվաճել հետխորհրդային տարածքը, փլուզել Երկրորդ համաշխարհայինի եւ Սառը պատերազմի արդյունքում ձեւավորված աշխարհակարգը, Արեւմուտքին պարտադրել նոր «Յալթա», ըստ որի՝ հետխորհրդային երկրները պետք է Արեւմուտքի կողմից ճանաչվեն որպես ռուսների «բացառիկ շահերի գոտի» եւ նրանց ինքնիշխանությունը պետք է սահմանափակվի: Եվ Մոսկվան այստեղ արեց այն, ինչ կարող է, եւ այն, ինչ գիտի՝ սկսած 1905 թվականից, այն է՝ հարցերը լուծել հայկական շահերի, նույնիսկ հայերի գոյության հաշվին:

Մի բան աներկբա է. Ադրբեջանն առանց ռուսների ազդանշանի պատերազմ չէր սանձազերծի, չէ՛ր կարող: Պատերազմի սանձազերծումն ունի առանց այն էլ բարձր քաղաքական գին, եւ առանց ռուսների համաձայնության Բաքվի համար այդ գինը կլիներ ուղղակի «անբարձրացնելի»:

Ռուսները տվեցին Ադրբեջանին զենք, տվեցին ազդանշան եւ տվեցին ժամանակ՝ հակամարտության ստատուս քվոյի եւ «երկրաչափության» էական փոփոխության համար՝ այն ամենը, ինչ պետք էր Բաքվին, եւ ինչ կարող էին տալ ռուսները: Ռուսներին հաստատապես ձեռնտու չէր եւ չէ լայնամասշտաբ, անկանխատեսելի ընթացքով պատերազմ Արցախում, որի հետեւանքներն անկանխատեսելի կլինեն առաջին հերթին հենց ռուսների համար: Իսկ տարածության եւ ժամանակի առումով սահմանափակ, վերահսկելի պատերազմ, որի արդյունքն էապես կմեծացնի ռուսների ներկայությունը տարածաշրջանում, դա ռուսների համար 2016-ի գարնանը թվաց միանգամայն ընդունելի: Այդ պատերազմը փոթորիկ չէր մեկ բաժակ ջրում, ոչ էլ «ակվարիումի մեջ էր», այլ լիովին տեղավորվեց ռուսական նեոկայսերական քաղաքականության համատեքստում: Սա շատ կարեւոր է հասկանալ եւ ընդունել՝ մանավանդ որ քաղաքական իրողությունները մեծ հաշվով չե՛ն փոխվել:

2010-ից, երբ Մոսկվան սկսեց իր աննախադեպ զինամատակարարումները Բաքվին, ի՞նչ արեց Երեւանը պատերազմի ահագնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ՝ մանավանդ աչքի առաջ ունենալով 2008-ի կաթվածը, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, եւ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ազդարարված «ֆուտբոլային դիվանագիտության» ֆիասկոն: Արդյո՞ք Երեւանի քայլերն այդ վեց տարիների (2010-2016) ընթացքում ուղղված էին այդ պատերազմական վտանգի չեզոքացմանը եւ վերացմանը: Ո՛չ, պաշտոնական Երեւանի մոտ կոռուպցիոն տրամաբանությունը մթագնել էր միտքը եւ կաթվածահար արել կամքը:

Իսկ ապրիլի 2-ին այդ ամենն ուղղակի պայթեց: Եվ պայթեց «անսպասելի», երբ մեզ վրա կրակեց ռուսական զենքը: «Ընկեր» Բորդյուժան ասում էր, որ «սա բիզնես է», հայկական դիվանագիտությունը հաստատում, որ, այո՛, «սա մեր դաշնակցի բիզնեսն է», մինչդեռ մի քանի միլիարդի հարձակողական զենքի մատակարարումը ոչ թե բիզնես է, այլ առաջին հերթին՝ քաղաքականություն:

Իհարկե, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երազանքը մնաց փորներում հայկական զորքերի անօրինակ համառության շնորհիվ: Նորից կարդացե՛ք, թե ինչը ինչպես եւ երբ է եղել այդ չորս օրերի ընթացքում` լրագրողական հետաքննությունների Bellingcat միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ, որը նաեւ արբանյակային պատկերներ է պարունակում:

Այսօր Հայաստանում եւ Արցախում հայտնի են բոլոր՝ հարյուրից ավելի զոհված հայերի (զինվորականների եւ քաղաքացիական անձանց) անունները: Bellingcat-ը նշում է, որ Ադրբեջանի կողմից զոհերի թիվը, իրատեսական գնահատականներով, տատանվում է 400-500-ի միջակայքում, ինչը նույնպես տրամաբանական է, քանզի Ադրբեջանն էր հարձակվող կողմը, եւ, ըստ այդ հաշվետվության, առաջին իսկ օրը ադրբեջանցիներին հաջողվել էր ներխուժել առաջին գիծ, հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումներով, 8 դիրքերի ուղղությամբ, սակայն ուղղակի հենց հաջորդ օրվանից այնտեղ հայտնված ադրբեջանցիների ուղղությամբ հայկական ստորաբաժանումները եւ հրետանին, վերախմբավորվելուց հետո, վերցնում են մահացու կրակի տակ: Իսկ երբ հայկական հրետանին հաուբիցների եւ ռեակտիվ համակարգերի միջոցով սկսում է պատժել հակառակորդին ամբողջ խորությամբ՝ այդտեղ ռուսների «խաղաղասիրության» ժամն է գալիս…

Ռազմակազմակերպական եւ ռազմատեխնիկական խնդիրների հետ կապված խոսվել եւ արվել է շատ, եւ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանին այլեւս չի հաջողվի հանկարծակիի բերել հայկական կողմին, իսկ հայկական կողմից պատժիչ պատասխանը լինելու է շատ ավելի նպատակային, համակարգված, ակտիվ եւ հուժկու:
Սակայն այլ է վիճակն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, ներքին եւ տնտեսական քաղաքականության առումով:

«Դասեր քաղելու անհրաժեշտություն» բառակապակցությունը զզվեցնելու աստիճան գործածվող է դարձել շատերի հռետորաբանության մեջ: Բայց գործնականում դա շատ դեպքերում հռետորաբանությունից այն կողմ չի անցել:

Եվ ո՞վ քաղաքական պատասխանատվություն կրեց, ստանձնեց այդ պատասխանատվությունն այդպիսի անպատասխանատու անհոգության համար, որը կար վեց տարի շարունակ՝ 2010-2016 թվականներին:

Այսօր Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Այդ պատերազմը հաստատապես չի՛ կրկնելու նախորդը: Գեներալները, ինչպես համաշխարհային փորձն է ցույց տալիս, սիրում են պատրաստվել նախորդ պատերազմին, բայց այդ համաշխարհային փորձը հաստատապես հայ գեներալներին եւ հրամանատարներին էլ է ծանոթ: Եվ վստահաբար, եթե Ադրբեջանի խելքին փչի եւս մի պատերազմ սանձազերծել, ապա կմնա առանց ատամների, եւ սրով եկողը սրից էլ կընկնի, ինչը բազմիցս ցույց է տվել Հայ Զինվորը:
Սակայն խոսքը դրա մասին չէ. քաղաքականության նպատակն է կանխել նոր պատերազմի հնարավորությունը: Օլիգարխիզացված, կոռումպացված, ինքնագոհ, անմեղսունակ քաղաքականությամբ Հայաստանն ի վիճակի չէ՛ պատերազմ կանխել: Ռազմական ոստիկանության համազգեստով ռուս վարձկաններին ներս թողած Հայաստանն ի վիճակի չէ՛ պատերազմ կանխել: Արտագաղթ չկասեցրած, ներգաղթը նպատակ չհայտարարած եւ այդ ճանապարհին գոնե փոքր արդյունքների չհասած Հայաստանն ի վիճակի չէ՛ պատերազմ կանխել: Մերձքաղաքական չարչիությունը քաղաքականություն կոչող եւ ինքն իր հնարավորությունները չընկալած Հայաստանն ի վիճակի չէ՛ պատերազմ կանխել:

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Իսկ անցած պատերազմից դասերը քաղվում են առաջին հերթին քաղաքականության հարթության վրա: Մեր քաղաքականությունն այսօր համարժեք չէ՛ պատերազմի վտանգին, չի՛ սպասարկում պատերազմը կանխելու նպատակը մի աշխարհում, որտեղ էապես նվազել է կանխատեսելիությունը, որտեղ միջազգային ինստիտուտներն աշխատում են խիստ ցածր արդյունավետությամբ, երբ հինն այլեւս չի աշխատում, նորը չկա, իսկ դուրսպրծուկները շարունակում են ինքնահաստատվել ազգերի եւ հասարակությունների անվտանգության հաշվին: Եվ քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է, որ պատերազմի կանխման գործում ամբողջ բեռը չմնա բանակի ուսերին, եւ բանակը չդառնա բոլոր քաղաքական անբանների «հաշիվ փակողը», ինչպես դա եղավ երկու տարի առաջ:

Հավերժ փա՜ռք բոլոր պաշտպաններին, հավերժ փառք եւ հիշատակ՝ բոլոր զոհվածներին, ովքեր պաշտպանեցին հայ ժողովրդի անվտանգությունը եւ արժանապատվությունը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

03.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք