Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինից հիասթափված Էրդողանի ու Ալիեւի ղարաբաղյան թմբիրը

Ապրիլ 04,2018 12:00

«Նոր հնարք են գտել, թե ինչու են հրաժարվում միջնորդների առաջարկներից»

Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ցայսօր հրաժարվում է կատարել այս հունվարին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Վերջին այսպիսի հանդիպումը, որը Կրակովում էր, երբ որ եռանախագահողների առաջարկությամբ մենք համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները, եւ դրա մասին հայտարարեցին եռանախագահող երկրները եւ Հայաստանը, եւ մինչեւ հիմա Ադրբեջանը հրաժարվում է ընդհանրապես որեւէ հղում կատարել այդ ձեռք բերված պայմանավորվածությանը եւ հարգել, իրականացնել այդ պայմանավորվածությունը: Ոչ միայն Կրակովում. դրանից առաջ բազմաթիվ անգամ է դա եղել»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի արդյունքում սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Հունվարի վերջին լրագրողների հետ հանդիպմանը Նալբանդյանը հայտնեց, որ, ըստ պայմանավորվածության, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմը պետք է ավելացվի յոթ հոգով: «Մեր մայրաքաղաքը՝ Երեւանը, որի 2800-ամյակն ենք այս տարի նշում, ասացին, որ Ադրբեջանի պատմական տարածքն է: Կամ Հայաստանի այլ շրջանները… Այն կրեատիվությունն է, որ իրենք մշտապես սպառնում են ուժ կիրառել: Միգուցե իրենք այսպիսի նոր հնարք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից՝ ամենաբարձր մակարդակով: Ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող սկզբունքներից, հայտնի առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն»,- նկատել էր Նալբանդյանը:

«Արվում է ամեն ինչ՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտի թեմային անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում՝ փաստելով, որ դրա հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական եւ թշնամական դիրքորոշումն է: «Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, մտահոգված է այս բարդ հարցի լուծման փնտրտուքով: Սակայն մեր խորը համոզմունքն է, որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական եւ թշնամական դիրքորոշումը այն հիմնական խոչընդոտն է, որը չենք կարողանում հաղթահարել՝ լուրջ համաձայնությունների հասնելու համար»,- ասել էր Բակո Սահակյանը:

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Բակո Սահակյանը շեշտել էր, որ հաճախ խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն բավարար ուշադրություն չի դարձվում հայ փախստականների խնդիրներին, եւ որ ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ եւ ապրել այնտեղ՝ պայմանով, որ ընդունեն հանրապետության իրավազորությունը։ Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Արցախի նախագահն ընդգծել էր, որ երկիրը պետք է բանակցային կողմ դառնա՝ ինչպես Հայաստանը եւ Ադրբեջանը։ Նա նշել է, որ արվում է ամեն ինչ՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։

ՀԱՊԿ ԽՎ-ն՝ ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում Ամերիկյան առեւտրային պալատի ամենամսյա գործնական ընթրիքում խոսել է ԼՂ խնդրի մասին՝ շեշտելով նրա խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Մենք պետք է հիշենք շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ միջազգային համաձայնեցված սկզբունքների հիման վրա դրա խաղաղ կարգավորմանն աջակցելու անհրաժեշտության մասին»,- ասել է ամերիկացի դեսպանը:

Ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտնել է, որ ենթադրվում է, որ նրանք կքննարկեն ԵԱՀԿ դերը Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի կայունության ուղղությամբ հարցերը:

Իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում մարտի 29-ին հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին: Որոշման մեջ, մասնավորապես, հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ եւ կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի: «Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարության մեջ, եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»:

Որքան էլ պաշտոնական Բաքուն ձգտում է ամեն գնով միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով՝ ղարաբաղյան բանակցությունները փակուղում պահել, անվերջ խոսել «գրավյալ տարածքների» ու Ղարաբաղի «վերադարձի» մասին, միջազգային հանրությունը շարունակում է շեշտել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ինչը հակասում է Ադրբեջանի նախագահի պատկերացումներին:

Թեհրանը՝ ԼՂ խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման կողմնակից

Ուշագրավ էր, որ օրերս Բաքվում Իրանի նախագահ Հասան Ռուհանին նույնպես շեշտեց ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։

Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,- ասաց Իրանի նախագահը։ Ռուհանիի խոսքով՝ անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով. «Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»։

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

Թերեւս դժգոհ մնալով միջազգային հանրության խաղաղության կոչերից ու խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին հայտարարություններից՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ շարունակում են երկրի ռազմական հզորությունն ապահովել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից հետո շեշտեց, որ Ռուսաստանի նախագահն առանձնապես հույսեր չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ստացվում է, որ Բաքվի ու Անկարայի միակ հույսը՝ Պուտինը, եւս Ղարաբաղյան հարցում Էրդողանի ու Ալիեւի սպասումները չի արդարացնում: Այս ֆոնին Ադրբեջանի կողմից ռուսական զենքի դժգոհության վերաբերյալ վերջերս նաեւ ռուսաստանյան մամուլով տարածված տեղեկատվության ֆոնին Ադրբեջանի իշխանությունները կարծես ցույց են տալիս, որ «եղբայրական» Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը կարող են հասցնել նոր աստիճանի:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարի հրավերով մարտի 28-ին պաշտոնական այցով այցելել էր Թուրքիա: Մարտի 31-ին թուրքական Գիրեսուն քաղաքում նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումն էր ծրագրված: Մինչ այդ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, որի հետ քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը: Հասանովը հանդիպել է նաեւ Թուրքիայի պաշտպանական ռազմարդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները եւ մտքերի փոխանակություն են արել ռազմական արդյունաբերության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30