Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմը մեծ փորձ էր իր սերնդակիցների համար

Ապրիլ 04,2018 17:35

Aravot.am-ի զրուցակիցը ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանն է։

Այսօր նա Արցախի զորամասերից մեկում ծառայում է որպես պաշտպանության բանակի սպա։

2016 թվականի ապրիլին Մարատը ժամկետային զինծառայող էր։ Լինելով հակատանկային դասակի զինվոր՝ ապրիլի 2-ից 5-ը, 4 օրվա ընթացքում, իր ֆագոտ զինատեսակով ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա)։ Իսկ, թե ինչպես՝ պատասխանում է կարճ և կոնկրետ․ «Հաջողվեց՝ խփեցի էլի»։

Ընդհանրապես չի սիրում երկար խոսել, մանավանդ, ապրիլյան օրերի մասին։ Իսկ, անդրադառնալով ժամկետային ծառայությունը դեռ չավարտած՝ ՊԲ սպա դառնալուն, նշեց, որ 2016 թ-ի ապրիլից հետո, լինելով մեկուկես տարվա ժամկետային զինծառայող, ստացավ առաջարկը և որոշեց համաձայնել։

Մարատը 5 տարեկանից զբաղվում էր ուշու սանդա մարտարվեստով՝ հասցնելով դառնալ Հայաստանի քառակի չեմպիոն։ Ժամկետային ծառայության ավարտից հետո էլ ցանկություն ուներ շարունակել մարզումները և լուրջ հաջողությունների հասնել։

«Սակայն ապրիլյան պատերազմը փոխեց պլաններս: Որոշեցի որպես սպա շարունակել ծառայությունս պաշտպանության բանակի շարքերում, լինել տղաների կողքին, շարունակել հայրենիքի պաշտպանության գործը»,- ասաց նա՝ իր որոշումը պարզաբանելով։

Եվ այսօր նույն մասնագիտությամբ, որպես ՊԲ սպա, ծառայում է Արցախի զորամասերից մեկում՝ մասնագիտական գիտելիքները ու «տանկ խոցելու հմտությունները» սովորեցնելով նոր սերնդի զինվորներին։

Վերջիններիս հետ, ինչպես ինքն է ասում, իր հարաբերությունները ընկերական են: «Նրանք ցանկանում ինձնից սովորել, և դա ինձ ոգևորում ու պարտավորեցնում է»։ Անկեղծացավ․իր մասին զինվորները պատմում են նաև իրենց ծնողներին․ «Գալով զորամաս՝ իրենց որդիներին այցելության, հաճախ ցանկանում են ինձ հետ ևս հանդիպել ու ծանոթանալ»։

Մարատը 2016-ի ապրիլը համարում է մեծ փորձ իր սերնդակիցների համար։ «Մինչ այդ միայն մեծերից էինք լսել պատերազմի մասին։ Հիմա մենք ևս տեսել ենք, անցել այդ ամենի միջով և ավելի պատրաստված ենք ու փորձառու։ Հակառակորդն էլ ևս մեկ անգամ սխալվելու դեպքում կստանա մի քանի անգամ ավելի ցավոտ պատասխան»,- եզրափակեց ապրիլյան պատերազմի հերոսը։

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Artsakhpress.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30