Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Գեղարքունիքի մարզպետարանի 22 տարվա վարչության պետը

Ապրիլ 04,2018 17:51

Գեղարքունիքի մարզպետարանի կայքը մարտի 29-ին հայտնել է. «Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները:

Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Բադալյանին՝ երկարամյա ու անբասիր աշխատանքի համար՝ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով եւ հուշամեդալով պարգեւատրելով նրան:

Իր հերթին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ Գարիկ Բադալյանն իր գործին նվիրված ու գիտակ անձնավորություն է, ում աշխատանքը տարիներ շարունակ բարձր է գնահատվել նախարարությունում: Եվ այդ գնահատականը եղավ ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւը՝ նախարարի «Ոսկե հուշամեդալը», որը Գարիկ Բադալյանին հանձնեց փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Գարիկ Բադալյանի աշխատանքային գործունեության մասին դրվատանքի խոսքերով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ: «Շնորհակալ եմ Գեղարքունիքի ներկա ու նախկին բոլոր մարզպետներից, փոխմարզպետներից, դպրոցների ներկա ու նախկին տնօրեններից, Գեղարքունիքի մարզպետարանի իմ բոլոր գործընկերներից՝ համատեղ ու համագործակցված աշխատանքի համար: Շոյված եմ այսօր ինձ տրված պետական պարգեւների համար, մեծ պարգեւ եմ համարում նաեւ իմ աշխատանքին տրված գնահատականը, որ այսօր հնչեց դահլիճում»-իր շնորհակալական խոսքում նշեց Գարիկ Բադալյանը»:

Գեղարքունիքի մարզում տարածված լուրերի համաձայն՝ Գարիկ Բադալյանն ամենեւին էլ իր ցանկությամբ չէ ազատվել աշխատանքից, պաշտոնից նրա ազատվելը կապված է վերջերս Գեղարքունիքի մարզ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հետ, վարչապետին խիստ զայրացրել է Սարուխան գյուղի դպրոցի հետ կապված Գարիկ Բադալյանի ոչ հիմնավոր պատասխանը:

Այսօր հեռախոսազրույց ունեցանք Գարիկ Բադալյանի հետ, նրան հարցրինք, թե ինքն ի՞ նչ աշխատանքի է տեղափոխվել: Նա ասաց, որ առայժմ հանգստանում է: Նրան հարցրինք՝ պաշտոնից իր ազատվելը կապ ունի՞ վարչապետի Գեղարքունիք այցելության հետ: Նա ասաց`բացառվում է:

Գ. Բադալյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նոր պետ է նշանակվել Կարեն Զազյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները` Գեղարքունիքի մարզպետարանի ինտերնետային էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30