Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին են լռում Մոսկվան ու Բաքուն

Ապրիլ 05,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է»

Մարտի 29-31-ը Երեւանում անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում էին ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս մասնակցել է ցուցահանդեսին, ծանոթացել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական եւ բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության եւ արդյունաբերության զարգացման գործում։ Կարճ ժամանակահատվածում մշակվել եւ ԶՈՒ սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնցից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում։ Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է։ Արդեն իսկ ընդունվել է 2018-24թթ. ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մասնագիտական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելը եւ դուրս գալ արտասահմանյան շուկաներ։ Վստահ եմ, որ «ԱրմՀայԹեք-2018»-ը մասնակից երկրների զինվորականների գիտական եւ գործարար շրջանակների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ կդառնա, ինչպես նաեւ խթան` միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»:

Այնուհետեւ ներկաներին ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որը նշել է, որ ուրախ է մեկ հարկի ներքո տեսնել կազմակերպության անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների պատվիրակություններին։ «Ժամանակակից մարտահրավերների պայմաններում, որոնք երբեմն արտահայտվում են ահաբեկչական գործողություններով, անհրաժեշտություն է դառնում հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների անվտանգությունը եւ սպառազինության համալրումը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Կարեւորագույն այդ խնդրի լուծումը մեծապես կախված է յուրաքանչյուր պետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացվածությունից»։

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում էր սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների եւ բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ եւ համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող սարքեր եւ համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման եւ զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ ռադիոհակազդման միջոցներ, հանդերձանք եւ այլ թեմատիկ բաժիններ:

Ըստ «Արցախպրեսի»՝ «ԱրմՀայԹեք-2018»-ում ներկայացվել է շրջուն հեներանային սարքի վրա տեղադրված «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, որի վրա էլ տեղադրված է հայկական արտադրության նոր ջերմատեսիլ նշանոց: «Իգլա» համակարգի վրա տեղադրված է ջերմատեսիլ նշանոցը, որը հայկական նոր արտադրանք է, թույլ է տալիս գիշերային կամ վատ տեսանելիության պայմաններում հայտնաբերել սարքը, տեղում որոշել սարքի կոորդինատները, կատարել արձակում, նշանակետի ոչնչացում: «Իգլան» հարմարեցված է շրջուն հեներանային սարքի վրա (ՇՈՒՍ), որը թույլ է տալիս հրաձիգին առավել երկար ժամանակով կատարել մարտական հերթապահություն եւ անհրաժեշտության դեպքում արձակել հրթիռը:

«ԱրմՀայԹեք-2018»-ում ցուցադրվել են նաեւ հայկական նոր բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-ներ՝ անօդաչու թռչող սարքեր: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ցուցադրվող անօդաչու թռչող սարքերի լուսանկարները: Հայկական նոր ԱԹՍ-ները բոլորն էլ անցել են փորձարկումներ: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր նաեւ ցուցադրության դրված հակաօդային պաշտպանության Автобаза М ռադիոլոկացիոն համակարգի լուսանկարը եւ կատարել հետեւյալ գրառումը. «Ադրբեջանական օդուժի մահը»:

Բաքուն հերքեց տեղեկատվական արտահոսքը

Մինչ Երեւանում անցկացվում էր սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, ուշագրավ տեղեկություններ ստացվեցին Ադրբեջանից: Պաշտոնական Բաքուն հերքեց մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանում դժգոհ են ռուսական զենքի որակից: Հիշեցնենք, որ «Беларуская Праÿда » պարբերականն էր այդ տեղեկությունը հրապարակել, որն էլ տեղ էր գտել ռուսաստանյան մի շարք պարբերականներում: Մասնավորապես, նշվում էր այն մասին, որ Ադրբեջանը դժգոհ է մատակարարվող ռուսական զենքի որակից, եւ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: «2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստում Բաքուն բարձրացրել է այդ հարցը եւ հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ»,- նշվում էր հրապարակման մեջ: Ադրբեջանական կողմը, ըստ պարբերականի, դժգոհություն էր հայտնել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի եւ այլ տեսակի ռուսական սպառազինությունների որակից: «Մատակարարված տեխնիկան չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական կոմպլեկտացիային, բացակայում են տեխնիկական փաստաթղթերը, սպառազինության որոշ նմուշներ շարքից դուրս են եկել արտադրական թերության պատճառով, բացի այդ՝ բացակայում են ընթացիկ վերանորոգման համար պահեստամասերը»,- նշել էր ադրբեջանական կողմը՝ հավելելով, որ «Սմերչ» ՀԿՀՀ-ները կրակելիս չեն պայթում: Նաեւ հավելել էին, որ ԲՏՌ-82Ա-ի համար նախատեսված զինամթերքը չի հասնում նշանակետին, իսկ Մի-35 ուղղաթիռների մոտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք թույլ չեն տալիս գործի դնել շարժիչը:

Ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշեց վերջակետ դնել բարձրացած աղմուկին: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, թե նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ կրում են սադրիչ բնույթ: «Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս որոշակի արտադրող երկրներում տարբեր տեսակի սպառազինության ձեռք բերմանն ու գնումներին: Մենք ջանասիրաբար ընտրում ենք ամենալավ, ամենաորակյալ եւ արդյունավետ ռազմական արտադրանքը… Ադրբեջանի բանակում շարք ընդունված նոր ռուսական սպառազինությունը համապատասխանում է ժամանակակից սպառազինության համակարգի ամենաբարձր պահանջներին, ինչպես նաեւ զգալիորեն ուժեղացնում է ստորաբաժանումների մանեւրումների եւ կրակային հնարավորությունները, հատկապես նրանց, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում պաշտպանության առաջնագծում»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Աղմուկը, թե Ադրբեջանը խոտանել է ռուսական զենքը, ապա Բաքվից այդ տեղեկությունների հերքումը, թերեւս վկայում են այն մասին, որ Բաքուն անհարմար դրության մեջ է հայտնվել: Բաքուն հերքեց տեղեկատվական արտահոսքը, սակայն անպատասխան մնաց գլխավոր հարցը՝ ո՞վ կազմակերպեց ադրբեջանական դժգոհության արտահոսքը: Եթե ռուսական կողմը, ուրեմն հաշվարկը լավ է աշխատել՝ Բաքուն ստիպված եղավ արդարանալ, հերքել շրջանառված տեղեկությունները:

200 միլիոն դոլար ռազմական վարկի մատակարարումները կատարվել են
Ռուսաստանցի երկու խորհրդարանականների՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի, ապա ստորին պալատի՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Երեւանում արած հայտարարություններն այն մասին, թե ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հրաժարվել է Բաքվին նախկինի նման մատակարարել սպառազինության մեծ ծավալներ, ինչպես նաեւ 2016թ. քառօրյա պատերազմից հետո Մոսկվան հետեւություններ է արել՝ կապված Հարավային Կովկասում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ եւ տրամադրել է Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ, ըստ ամենայնի, հենց այնպես արված հայտարարություններ չէին:

Դրանց խորքում թերեւս թաքնված են լուրջ պատճառներ, որոնք վկայում են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա որոշակի խնդիրների առկայության մասին: Հնարավոր է, այդ խնդիրներն այս փուլում դրսեւորվեցին այս կերպ, բայց առաջիկայում ի հայտ գան նաեւ այլ գործընթացներ: Իհարկե, պաշտոնական Երեւանը մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով հրապարակային դժգոհել է Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարումներից, միեւնույն ժամանակ, որքան էլ հայաստանյան հասարակության համար ռուսաստանցի երկու խորհրդարանականների հայտարարություններն ականջահաճո լինեն, մյուս կողմից՝ կա անհերքելի իրողություն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մինչեւ 2017-ը 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան:

Ի դեպ, անցյալ շաբաթ հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը ընդգծել է, որ ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը «բավականին արդյունավետ է», եւ Հայաստանին տրված ռուսաստանյան ռազմական առաջին վարկի՝ 200 միլիոն դոլարի շրջանակում մատակարարումներն ամբողջությամբ կատարվել են: «Այն, ինչ նախատեսված էր առաջին վարկի շրջանակներում, արդեն ամբողջությամբ մատակարարված է, եւ կա պայմանավորվածություն այդ աշխատանքը շարունակելու, եւ դա մեր սպառազինության գնումների լուրջ մասն է կազմում»,- նշել է Փախչանյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը հիմա բավականին լավ ընթանում է: Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանն ընդլայնում է ռազմատեխնիկական կապերը՝ համագործակցություն հաստատելով ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ. «Այլ երկրների հետ համագործակցում ենք եւ համագործակցելու ենք, մասնավորապես՝ վերջերս բավականին լավ կապեր են հաստատվում Սերբիայի հետ, որը բավականին զարգացած ռազմարդյունաբերություն ունի, Չինաստանը: Կան կապեր, եւ կա միտում այդ կապերը զարգացնելու»: Այս ամենին զուգահեռ, ըստ պաշտպանության փոխնախարարի, վերջին տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զգալի հաջողությունների է հասել. «Դա էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլոկացիան, հետախուզության հետ կապված խնդիրներ, ռոբոտացված համակարգեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, օպտիկա, լազերային տեխնիկա եւ այլն: Այդ ուղղություններում միանշանակ մենք ունենք հնարավորություններ եւ հիմնականում շեշտադրում ենք հայկական արտադրության սպառազինություն ունենալը այդ ոլորտում»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 04.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30