Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտեզագիրը պնդում է, որ ԿԱԻ-ի աշխատակիցն իր քարտեզները «յուրացրել» է

Ապրիլ 06,2018 13:30

«Առավոտին» է դիմել պատմաաշխարհագրագետ, քարտեզագիր Գագիկ Ղազարյանը (Սուդիա Սարգսենց): Նա հայտարարում է, որ խախտված է իմ հեղինակային իրավունքը, եւ իր քարտեզները «յուրացրել» են: «Կողմնակի տպարաններն առանց իմ իմացության իմ քարտեզները արտատպել են, ընդ որում՝ իմ քարտեզների վրա գրված է իմ անուն-ազգանունը որպես քարտեզների հեղինակ, նշված են գրապալատի տվյալները, քարտեզները գրանցված են «Հայ հեղինակի» կողմից: Իմ քարտեզները ես հրատարակել եմ դեռեւս 90-ականներին, հետո վերամշակել եմ, իսկ 1995թ. ԿԳ նախարարությունը դրանք հաստատել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ»,- ասաց քարտեզագիր Գագիկ Ղազարյանը: Նա հավելեց, որ իր քարտեզները կազմված են աշխարհագրություն առարկայի ծրագրի պահանջներին համապատասխան եւ ընտրված են ՀՀ ԿԳ նախարարության Կրթական բարեփոխումների կենտրոնի կողմից հաստատված քարտեզներից:

Նրա ձեւակերպմամբ, այժմ իր քարտեզների կեղծված օրինակները տպագրվել են կողմնակի տպարանների կողմից, նաեւ ինչպես Գագիկ Ղազարյանն է պնդում. «Հանդես է եկել կեղծ հեղինակ, որը ապացուցում է, թե իբր ինքն է գծել դրանք: Խոսքը Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից, աշխարհագրության մասնագետ Աշոտ Խաչատրյանի մասին է»:

Գագիկ Ղազարյանը «Առավոտին» հայտնեց, որ իր հեղինակային իրավունքը խախտվելու փաստով դիմել է իրավապահներին, ասաց նաեւ, որ «Հայ հեղինակի»` իրեն տրված տեղեկանքներն էլ կցված են գործին, սակայն ինքը մտավախություն ունի, որ ամեն ինչ այլ հունով կարող է ընթանալ:

«Իմ քարտեզները ձեռագիր են, ես եմ նկարել: Մոտ 70 էջ քարտեզից 40-45-ը գեղանկար են, ես գեղանկարչությունն ու քարտեզագրությունը մեկտեղել եմ: Ընդ որում, եթե որեւէ տեղ սխալ եմ թույլ տվել, իրենք այդ նույն սխալները կրկնել են: Իրենք վերցրել եւ ուղղակի սկանավորել են իմ քարտեզները, պայմանական նշանների մեջ էլ մի քանի նշան են փոխել, իսկ քարտեզի պատկերին ձեռք չեն տվել, այդ դեպքում ո՞նց է դա իրենցը դարձել»,-տարակուսանք է հայտնում Ղազարյանը:

Փորձեցինք կապվել նաեւ Աշոտ Խաչատրյանի հետ: Կրթության ազգային ինստիտուտից ասացին, որ նա գործուղման է մեկնել Արցախ: Պարոն Խաչատրյանի բջջայինն էլ անհասանելի էր: Պատրաստ ենք տպագրել նաեւ Աշոտ Խաչատրյանի տեսակետը խնդրի վերաբերյալ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30