Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 7-ը Սևանում. ընդունելությունից մինչև ֆլեշմոբ

Ապրիլ 07,2018 16:50

Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության օրը, կրկին մի հարկի տակ էր հավաքել սևանցի զոհված ազատամարտիկների, զինվորների կանանց, մայրերին,  Արցախյան հերոսամարտի ճամփաներով անցած կանանց:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տոնական օրվա կապակցությամբ կազմակերպել էր ընդունելություն, որը շնորհավորանքների, բարեմաղթանքների, ինչպես նաև մտահոգող խնդիրների բարձրաձայնման լավագույն առիթ էր:

Ավանդական դարձած այս հանդիպում-ընդունելության մուտքն ազդարարվեց գարնանային ծաղիկների բաժանմամբ:

Սարգիս Մուրադյանը, ողջունելով հրավիրյալներին, նշեց. «Մենք չենք սահմանափակվում Կանանց մեկամսյակով: Տեղական իշխանության ուշադրությունն ամենօրյա է և մշտական: Դուք էլ ոչ միայն այսօրվա հերոսներն եք, այլ նաև ձեր կյանքով շատերի համար լավագույն օրինակ եք: Դուք կորցրել եք ամենաթանկը, ձեր ամուսիններն ու տղաները հայրենիքի փրկության զոհասեղանին են դրել իրենց կյանքը, որ Հայոց աշխարհում թևածի խաղաղությունը: Մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է ձեր ամուսինների, տղաների գործած սխրանքներով և ձեզանով: Սիրելի մայրեր ու կանայք, մաղթում եմ ձեզ բարեկեցիկ կյանք, առողջություն, երկար տարիների կյանք»:

Սևան համայնքի ղեկավարը կանանց հրավիրեց երկխոսության: «Չնայած օրը տոնական է, սակայն, կարծում եմ, քիչ չեն այն խնդիրները, որոնց մասին կուզենայիք բարձրաձայնել»,- նկատեց համայնքի ղեկավարը:

Հրավիրյալների կողմից նշված խնդիրներն էլ բազմաբնույթ էին, որոնք, ինչպես նշեց պարոն Մուրադյանը, կարճ ժամանակ անց կստանան իրենց լուծումը:

Հոգս ու խնդիրներին զուգահեռ կանայք իրենց շնորհավորանքի խոսքերը  հղեցին, շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին մշտական ուշադրության համար:

Հրաժեշտից առաջ Սարգիս Մուրադյանը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին, չմոռացավ հիշեցնել, որ նրանց խնդիրները միշտ էլ արժանացել և արժանանալու են համապատասխան ուշադրության:

«Վիշտը ձերն է, ու չնայած անցել է երկար տարիներ, սակայն այն բաց վերք է, որ միշտ կրելու եք ձեր հոգում: Մաղթում եմ ձեզ ուժ, տոկունություն, համբերություն, լավատեսություն: Դուք ձեր ընտանիքների ամուր հենարանն եք, պատվախնդրորեն դաստիարակում եք զավակներ ու թոռներ: Ու միշտ հիշեք` մենք ձեր կողքին ենք: Թեև մեծ չեն համայնքի հնարավորությունները, սակայն անգամ այս դեպքում ձեր կողմից բարձրաձայնվող ոչ մի խնդիր չի մնալու անարձագանք»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Տոնական ընդունելությունն ավարտվեց պարգևավճարների հանձնմամբ:

Ապրիլի 7-ի կեսօրին Սևանի Նաիրյան փողոցի մի հատվածը վերածվել էր պարահրապարակի:

Կանանց և աղջիկներին շնորհավորելու համար կազմակերպվել էր ինքնատիպ ֆլեշմոբ` շուրջպարի ներկայացմամբ, որը ստեղծել էր մեծ աշխուժություն և բարձր տրամադրություն:

Արևային տաք օրը լցվել էր ծաղիկների բույրով, փուչիկների հրավառությամբ, պայծառ հայացքներով:

Երեխաների շնորհավորանքն իրենց համաքաղաքացի կանանց բավականին լավ արձագանք գտավ: Մի քանի րոպե անցուդարձ անող մարդկանց երթևեկը դադարեցվել էր. մեծ ու փոքր դարձել էին ֆլեշմոբի հանդիսատեսն ու մասնակիցը:

Սևանի համայնքապետարանի և «Ախթամար» պարային համույթի ղեկավար Արմեն Խաչատրյանի, պարուսույց Պարգև Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշմոբը ևս մեկ գույն ավելացրեց տոնական օրվա նախաձեռնություններին:

Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30