Ով էր այն հոգեբանը, որը կանանց խորհուրդ է տալիս տեղի-անտեղի ներողություն խնդրել

Ով էր այն հոգեբանը, որը կանանց խորհուրդ է տալիս տեղի-անտեղի ներողություն խնդրել

Հոգեբանի խտրական տեսակետը կապված կանանց տեղի-անտեղի ներողություն խնդրելուն՝ բուռն քննարկման է արժանացել համացանցում և հետևաբար մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և առաջարկ ներկայացվել՝ հրապարակելու տվյալ հոգեբանի անունը։

Միհրդատ Մադաթյանը, որպես որակավորված մասնագետ, արդեն երկար տարիներ, հոգեբանական խորհրդատվություն է մատուցում բազմաթիվ անձանց:

Մադաթյանի այս տեսակ խորհուրդներին ծանոթ եմ դեռևս 2013թ-ից, իր մոտ այցելող կանանց պատմություններից։ Սակայն անձամբ ներկա լինելն ու իր հետ խնդիրները քննարկելն անհրաժեշտություն էր: Իմ մուտքը հոգեբանի սենյակ ուղեկցվել էր զայրույթով, դեռ նոր էի նստել աթոռին, արդեն հակասություններ եղան իմ և Մադաթյանի տեսակետների միջև: Հակասություններից մեկը, որն արդեն հրապարակվել է՝ կանանցից պահանջվող ներողամտությունն է, որը չարաշահվում է ընտանիքում;

Մադաթյանի կարծիքով կնոջ կողմից հնչած «ներողություն» բառը այն պահին, երբ նույնիսկ տղամարդն է մեղավոր՝ զերծ է պահում ընտանեկան վիճաբանություններից և ճիշտ տարբերակ է այդպես վարվելը։ Անշուշտ, չէի կարող համաձայնել, քանի որ մարդու արժանապատվությունը սեռ չի ճանաչում, և ինչու կինն իր ճիշտ պահվածքը պետք է ստիպված լինի դիտարկել որպես սխալ և ինքն իրեն հոգեբանական ճնշման ենթարկել: Այս թեմայի շուրջ հնարավորինս մանրամասն անդրադարձել եմ նախորդ նյութում։ Իսկ հաջորդ վիճահարույց թեման, որի շուրջ ևս կարծիքների բախում եղավ` կրծքով սնուցման ժամկետի վերաբերյալ էր: Հոգեբանն իր խորհրդատվության մեջ անդրադառնում է նաև այս թեմային:

Ըստ Մադաթյանի, երբ երեխան առաջին ատամն է ծակում, անհրաժեշտ է նրան կրծքից կտրել։ Նրա մեկնաբանությամբ դա նպաստում է կանխել երեխայի հետագա ագրեսիան, որի սկզբնական դրսևորումն է մոր կուրծքը կծելը։ Իսկ երեխաների վաղ ագրեսիան արտահայտվում է նրանց կծելու ցանկությամբ։

Վստահ եմ, որ յուրաքանչյուր մանկաբույժ և նեոնատոլոգ կբարձրաձայնի, որ հենց այդ ժամանակահատվածում է անհրաժեշտ երեխային հաճախակի կերակրել՝ կապված փոքրիկի ախորժակի բացակայության, իմունային համակարգի անկման և գերլարված նյարդային համակարգը հանգստացնելու համար։ Քանի որ կրծքով կերակրումը նպաստում է ոչ միայն քաղցը հագեցնելուն, այլ նաև օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, ինչի վառ ապացույցն է կերակրման ընթացքում փոքրիկի ննջելը մոր կրծքին։ Հոգեբանի հետ զրույցի ժամանակ մեջբերեցի նաև Յունիսեֆի քարոզարշավն ուղղված կրծքով սնուցման խթանմանը, նշեցի, որ հետևելով ՀՀ Առողջապահության և Յունիսեֆի հրատարակած գրքին՝ փոքրիկիս կերակրել եմ երկու տարուց ավելի և արժանացա նրա բացասական վերաբերմունքին։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք