Փայլակի խոստովանությունը (պատմվածք)

Փայլակի խոստովանությունը (պատմվածք)

Ճիշտն ասած կինս շատ էր ցանկանում, որ մեր առաջին հանդիպման մասին մի արձակ պատմություն գրեմ, չնայած, որ մի քանի սիրառատ բանաստեղծություններ էի նվիրել նրան այդ առթիվ: Բայց, դե՛ արձակ գրվածքն ուրիշ հմայք ունի:

Իհարկե, ես՝ Փայլակ Փանոսի Փայասլյանս, իմ կնոջ հետ հանդիպել և նաև ամուսնացել եմ պատահականության արդյունքում, սակայն բավականին երկար ճանապարհ եմ հաղթահարել մինչ այդ հանգրվանին հասնելը:

Երբ սովորում էի երկրորդ դասարանում սիրահարվել էի մեր դպրոցի երրորդ դասարանցի Էմմային, բայց այդպես էլ չամուսնացանք, քանի որ իմ կողմից՝ քնքուշ մայրս, իսկ նրա կողմից՝ խստաբարո հայրը չէին համաձայնի այդ հասակում մեզ ամուսնացնել, մեր նրբագույն ուսերը հոգսերի տակ կքել: Բացի դրանից, ես չգիտեի նաև, թե արդյոք Էմման էլ սիրում է ինձ, թե՝ ոչ:

Ութերորդ դասարանում սիրահարվեցի Ռայային, որը սովորում էր վեցերորդ դասարանում, իսկ Էմմայից արդեն հեռավոր հուշեր էին մնացել, քանի որ քեռիները նրան գյուղից քաղաք էին տարել:

Ռայայի հայրը քաղաքից ժամանակավոր մեր գյուղ էր եկել և մեզ Հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում: Ես Ռայային իսկի չէի էլ նկատում, բայց ընկերներս ինձ ասում էին, որ իբր նա է իմ վրա սիրահարված:

Բայց նրա հետ էլ չամուսնացա և միայն բավարարվեցի նրա մաթեմատիկայի տնային դժվարին հանձնարարությունների կատարումով, որը մեր տուն էր բերում նրա հմայիչ մորաքույրը, իսկ դպրոցում էլ միասին թատերական ներկայացումների էինք մասնակցում: Շուտով վերջացավ Ռայայի հայրիկի գործուղման ժամկետը և նրանց ընտանիքը Երևան վերադարձավ ու մենք իրար այլևս չտեսանք:

Դպրոցը ավարտելուց հետո, ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ (հիմա դրան համալսարան են ասում), բայց սիրահարվեցի ոչ թե իմ համակուրսեցի գեղեցիկ ու հաճելի արտաքինով Լիզային, այլ մեր վարձակալած տան դիմացի մի հարկանի տանը մոր ու տատի հետ ապրող սիրունիկ աղջկան, (դժբախտաբար անունը մոռացել եմ), բայց էլի չամուսնացանք, որովհետև նրա հարազատները ուզում էին, որ ես գնամ իրենց տուն և ոչ թե հակառակը:

Դրանից էլ զայրացա ու չեղյալ հայտարարեցի այս սիրահարվածությունը ևս, այն փոխարինելով մի այլ հարևանուհու՛ Սվետայի սիրով: Բայց այստեղ էլ բախտը չժպտաց ինձ, քանի որ մեր միությանը դեմ էր նրա հայրը, այն պատճառով, որ իր աղջիկը դեռ սովորում էր տասներորդ դասարանում ու պիտի ինձ նման դեռ ինստիտուտ ընդունվեր:

Բարձրագույնը ավարտելուց հետո աշխատանքի գործուղեցին քաղաքի հզոր ձեռնարկություններից մեկում որպես ճարտարագետ աշխատելու:

Այստեղ արագ տեմպերով սիրահարվեցի նույն հիմնարկի աշխատակցուհիներից մեկին՝ Ջուլիետային, բավական երկար ժամանակ ընկերություն էինք անում, բայց էլի չամուսնացանք, քանի որ այդ աղջիկը սիրահարվել էր մի այլ տղայի, որը ավարտեց ծառայությունը, բանակից վերադարձավ, ամուսնացան ու վեց օր հետո ամուսնալուծվեցին, նույնիսկ չսպասելով, որ գոնե մեղրաշաբաթը լրանար, էլ չեմ ասում՝ մեղրամիսը:

Կարճատև ամուսնությունից և բաժանվելուց հետո Ջուլիետան փորձեց իր որոգայթների մեջ գցել ինձ, հետս ամուսնանալ, բայց ես առարկեցի, ասելով, որ ինքը մի անգամ ամուսնացել է ու բաժանվել, թող մի քիչ սպասի այնքան, որ ես էլ մի անգամ ամուսնանամ և եթե հաջող չստացվի ու բաժանվեմ, այն ժամանակ կմտածեմ:

Ես հո չէի կարող հենց այնպես, սիրո պատճառով 1:0 հաշվով պարտվել, ոչ-ոքին ավելի գերադասելի կլիներ, էլ չեմ ասում՛ հաղթանակը, եթե երկու անգամ ամուսնանայի ու բաժանվեի:

-Ինչու՞ ես ուշացնում ամուսնանալդ,-հաճախ հանդիմանում էր մայրս, տեղյակ լինելով, որ իմ ամուսնությունը Ջուլիետայի հետ չկայացավ-ամուսնացիր, երեխաներ ունեցիր, ես էլ ուրախանամ իմ նոր թոռներով, ինչպես քույրերիդ ու եղբայրներիդ երեխաներով եմ ուրախանում, նոր միայն հեռանամ այս աշխարհից…

-Բավական է հպարտ աքաղաղի պես միայնակ ման գաս, ամուսնանալուդ ժամանակն անցնում է,-սկսեցին ինձ նախատել ամուսնացած ընկերներս (երևի նախանձից):

-Մենք արել ենք, դու մի արա այդ սխալը,-կատակում էին բարեկամներս մեկը` աչքով անելով կնոջը, իսկ մյուսը՝ խեթ նայելով,-կեր, խմիր, ազատ ման արի աղջիկների հետ, իսկ ամուսնանալը հետո էլ կլինի:

Ինչքան մարդ, այնքան էլ` մտածելակերպ ու խորհուրդներ: Ես լսում էի այդ բոլորը ու մի ականջիցս մտնում էր, մյուսով դուրս գալիս: Ես ավելի շատ նվիրված էի իմ աշխատանքին, ատենախոսության թեզին, գյուտերի և նորարական առաջարկությունների ձևակերպմանը:

Հիմա նստել եմ գրասեղանի առջև, վաստակաշատ գրողի տեսք եմ ընդունել, աչքերս հառել եմ առաստաղին, միտքս լարել եմ, ուղեղս մարտական դիրքի բերել, որոշակի թվեր և իրադարձություններ վերհիշել, որպեսզի գրեմ իմ ամուսնանալու պատմությունը… Բայց, ցավը նրանում է, որ այդ ամենը ես տարեթվերով կամ ամսաթվերով միայն մոտավոր եմ հիշում, որի համար կինս անպայման նկատողություն կանի: Ես չեմ կարող գրել թե այսինչ բանը տեղի է ունեցել մարտի քսանին կամ ապրիլի տասնհինգին, որը ոչինչ չի փոխում իրերի դրության մեջ, իսկ կինս, ընդհակառակը, ամեն ինչ հիշում է ամսաթվով, տարեթվով, որոշ դեպքերում էլ նույնիսկ օրվա ժամանակահատվածով:

-Հիշում ե՞ս, Փայլակ ջան (էս ջան բառը դիտմամբ եմ գրել, տեսնեմ կինս կնկատի, թե ոչ, քանի որ նա երբեք այդ բառը իմ նկատմամբ չի արտասանել),-երբեմն հարցնում էր նա,-մեր ամուսնության այսինչ օրը երբ դու…

Կամ`

-Հիշում ե՞ս, Փայլակ, որ մեր առաջին երեխային հիվանդանոցի պատուհանից քեզ ցույց տվեցի…

Եվ էլի շա~տ ու շա~տ «հիշում ես»-ներ, որոնք ես այլևս մոռացել եմ, բայց փորձելու եմ հիշել, հետո, երբ կինս կվերադառնա հանգստյան տնից և իր հետ կճշտեմ իրական թվերը:

Հա, կարծես առաջ ընկա իրադարձություններից: Նորից հետ գնամ: Այսպես, սովորական մի օր, սեղանի շուրջ նստած զրուցում էինք ու թեման կրկին մեր ընտանիքի գլխավոր մտահոգություններից մեկն էր՝ իմ ամուսնությունը: Քրոջս նոր հարսնացու- թեկնածուի առաջարկից հետո, որպես համեստ տղամարդ, հարցրեցի.

-Իսկ ո՞վ է նա:

-Ուսանողական ընկերուհուս քույրը, քեզ նման տանը մնացած,-հեգնանքով պատասխանեց նա:

Ասեմ, որ վերջերս, նրանք փողոցում պատահաբար հանդիպել էին ու երկար զրուցել:

-Վա~յ, ինչքան ես փոխվել, չճանաչեցի, արդեն չորս տարի է չէի տեսել,-ասել է քույրս:

Նա էլ` ծիծաղելով, թե.

-Դու ել շատ ես նիհարել, հո ամուսինդ քեզ չի ծեծում, թե՞ սկեսուրդ հաց չի տալիս:

-Էս անպիտան երեխաները հոգիս հանում են:

-Քանիսն ե՞ն:

-Երեքը:

-Լավ էլ հասցրել ես շարել, իմն էլ երեքն են:

-Տղա՞, աղջի՞կ:

-Մի տղա, երկու աղջիկ:

-Իմս հակառակն է, երկու տղա մի աղջիկ:

-Ամուսնյակդ ինչպե՞ս է:

-Ոչինչ, լավ է, շնորհակալություն, իսկ քո՞նը:

-Լավ է, աշխատում է:

Ու զրույցի վերջում նրանք հետաքրքրվում են արդեն քույր ու եղբայրներով:

-Փոքր քույրիկդ ինչպե՞ս է, դեռ չի՞ ամուսնացել:

-Չէ, կյանքներս կերել է, ոչ մեկին չի հավանում:

-Վա~յ, իմ եղբայրն էլ չի ամուսնանում, չի գտնում իր երազների թագուհուն:

-Արի բարեխոսենք, թող իրար հետ ծանոթանան, գուցե և մի բան ստացվի:

Չգիտեմ այսպես կամ մի ուրիշ կերպ է ընթացել նրանց զրույցը, դա կարևոր չէ: Եվ ահա, մեկ ամիս անց, հանկարծ քույրս հիշում է այդ մասին:

-Գոնե նկարը բերեիր, տեսնեի,-ասացի ես:

-Լուրջ ե՞ս ասում,-ուրախացավ քույրս:

-Կատակ չեմ անում,-դեմքիս լուրջ արտահայտություն տալով ասացի ես:

Շուտով ինձ մոտ հայտնվեցին և պիջակիս գրպանում հանգրվանեցին ապագա հարսնացուիս երկու լուսանկարները, որոնց հաճախ էի նայում ու մտածում, թե ինչպես և երբ պետք է սկսեմ բանակցությունները: Հո չէի՞ գնալու կանգնելու նրա աշխատատեղի դարպասների մոտ և այնտեղից դուրս եկողին հարցնել, թե այս նկարի տերը դու ե՞ս:

Բայց մի օր էլ ինձ համեզեցի, որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ես հեռախոսով կապ հաստատեմ նրա հետ ու տեղեկատուից իմանալով նրա հիմնարկի հեռախոսահամարը, զանգահարեցի, այն ժամանակ դեռ բջջային հեռախոսներ չկային:

Այդ հիմնարկի տարեց ու չամուսնացած վարիչը վերցրեց հեռախոսափողը և լսելով տղամարդու ձայն, իսկույն չոր ձայնով հարցրեց.

-Ու՞մ եք ուզում:

-Խնդրում եմ, եթե կարելի է, Լամարային կանչեք հեռախոսի մոտ,-ասացի ես քաղաքավարի երանգ տալով ձայնիս:

-Այստեղ ոչ մի Լամարա էլ չկա,-կոպտորեն պատասխանեց նա և հեռախոսը անջատեց:

Ես, իհարկե, համառեցի և նորից զանգահարեցի:

-Այ ընկեր, ես ասացի, որ այստեղ ոչ մի Լամարա էլ չկա, Լամարա չունենք,-նորից չարակամ պատասխանեց տարեց օրիորդը:

Երրորդ անգամ կրկին զանգահարեցի նույն հեռախոսահամարով և կրկին պահանջեցի Լամարային կանչել հեռախոսի մոտ:

Տարեց օրիորդ-վարիչը, երևի զգալով, որ ինձնից պրծում չկա, զիջեց, երբ ասացի, որ շտապ դեպք է պատահել և ես Լամարայի քրոջ ամուսինն եմ:

-Սպասեք մի քիչ, հիմա կկանչեմ,-վախվորած ասաց նա:

Հեռախոսը լռում էր, միայն եթերային խշշոցներ ու կտկտոցներ էին լսվում ընկալուչում: Հետո լսվեց հեռախոսին մոտեցողի ոտքերի ձայնը, ապա ինչ -որ մեկը սեղանի վրայից զգուշորեն վերցրեց ընկալուչը: Ես ամբողջովին լսողություն դարձա, պատկերացրեցի ընկալուչը վերցնողի մատների նրբությունը, շիկավուն մազերի փայլատակող խաղը, գեղեցիկ կառուցվածքի սեթևեթանքը, աչքերի խորամանկ փայլը…

-Ալլո՜,-լսվեց կանացի թավշյա, ականջ շոյող մեղմիկ ձայնը:

-Լամարան է՞,-հարցրեցի ես:

-Այո՛, իսկ ո՞վ է հարցնում:

-Ձեզ անծանոթ մի տղամարդ:

-Ասացեք, ո՞վ է, եթե ոչ լսափողը վայր կդնեմ,-խիստ տոնով ասաց նա:

-Դուք չէի՞ք ցանկանա հանդիպել և պարզել իմ ով լինելը,-հարցրեցի ես:

-Ես խիստ զբաղված եմ, չեմ կարող,-պատասխանեց նա հանդարտ ձայնով:

-Այդ դեպքում, գուցե վա՞ղը հանդիպենք, եթե այսօր չեք կարող:

Նա լռեց, գուցե փորձում էր գուշակել, թե ով կարող է լինել այս տղամարդը:

Ես, իհարկե, երկար չէի կարող հանդուրժել այդ լռությունը որպես հպարտ տղամարդ, ինքս ցտեսություն ասացի և անջատեցի հեռախոսը:

Մեկ օր անց ես կրկին զանգահարեցի, բայց տարեց օրիորդը այս անգամ ոչինչ չհարցնելով, Լամարային հեռախոսի մոտ հրավիրեց, նորից լսեցի հանգիստ ու թավշյա ձայնը, նորից նույն խուսափողական զբաղված լինելու հանգամանքները:

Ես ասացի, որ կզանգահարեմ երկուշաբթի և ցտեսություն ասելով անջատեցի հեռախոսը: Դժվար էր հաշտվել այդ մտքի հետ, բայց սպասել էի տարիներ, պետք է սպասեի ևս երկու-երեք օր, միևնույնն է, ընտանիք կազմելու համար արդեն բավական ուշացել էի…

Մարտավարական տեսանկյունից ելնելով, ես երկուշաբթի չզանգահարեցի, այլ այն իրականացրեցի չորեքշաբթի ու մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը: Գուցե նա ցանկացավ վերջ դնել հանելուկին կամ առիթը եկել էր իր բախտը ևս փորձելու:

Փետրվարյան ցուրտ օր էր, բայց էությունս ջերմությամբ էր պարուրված, քանի որ ես պետք է հանդիպեի այն լուսանկարների տիրոջը, որոնք ինձ դեռևս ջերմացնում էին պիջակիս ձախ ծոցագրպանից:

Հանդիպման վայր ընտրել էինք օդային հաղորդակցությունների տոմսարկղերի դիմացի պուրակը՝ երեկոյան ժամը յոթին:

Աշխատանքից վերադառնալով տուն, ես թեթևակի ընթրեցի, փոխեցի հագուստս, հայելու մոտ երկար-բարակ հարդարեցի մազերս, կապեցի փողկապս, տանեցիներին հայտնեցի, որ օպերային ներկայացման եմ գնում և դուրս եկա:

Իհարկե, տանեցիները չկասկածեցին իմ կեղծիքի վրա, քանի որ ես հաճախ էի գնում օպերային ներկայացումների կամ սիմֆոնիկ համերգների, չնայած նրան, որ ես երաժշտարվեստի գիտակ չեմ, բայց փորձում էի ինձ մոտ դասական երաժշտության նկատմամբ դրական մոտեցում ձևավորել:

Ես այնքան էլ չէի շտապում, քանի որ ծանոթ էի կանանց հաղթաթղթի` 10-15 րոպե պարտադիր ուշանալու արգասիքին, սակայն ժամադրավայր հասա պայմանավորված ժամից տասն րոպե ավելի շուտ: Չնայած ցուրտ եղանակին, ժամադրավայրում աշխուժություն էր տիրում, պարզվեց որ շատ զույգեր հանդիպման վայր ընտրում են հենց այդ տարածքը:

Րոպեներն անցնում էին, սակայն նա դեռ չկար:

«Գուցե նա համաձայնեց հանդիպելու, որպեսզի արագ ազատվի իր պառավ օրիորդ վարիչի շանթող հայացքից կամ գուցե շտապ դեպք է պատահել»,-մտածեցի ես:

Որոշ ժամանակ անց, երբ արդեն պատրաստվում էի տուն վերադառնալու, հանկարծ նկատեցի հեռվից արագ քայլերով մոտեցող աղջկան:

«Գուցե նա է՞»,-անցավ մտքովս:

Քիչ անց աղջիկը կտրուկ փոխելով իր շարժման ուղղությունը քայլեց դեպի իմ կողմը, մի փոքր անցավ ինձանից, ապա շարունակեց ճանապարհը, բայց կարծես դանդաղեցնելով ընթացքը:

Երեկոյան մառախուղը դժվարացնում էր նրա դեմքի ցուցադրումը, որին խանգարում էր նաև գլխաշորը, որպեսզի ես համեմատեի նրա իրական պատկերը ծոցագրպանիս լուսանկարների հետ:

Սակայն, ներքին ձայնս արագ արձագանքեց այդ հապաղումին և ես արագ քայլերով հետևեցի նրան, ապա մի փոքր էլ առաջ անցա նրանից, կտրուկ շրջվեցի հետ ու հարցրեցի.

-Ներողություն, Դուք, Լամարան ե՞ք:

-Այո, իսկ դուք ո՞վ եք, ես Ձեզ չեմ ճանաչում,-համարձակորեն պատասխանեց նա, կանգ առնելով:

-Գնանք, զբոսնենք և ես կբացատրեմ իմ ով լինելը,-հորդորեցի ես:

-Ո՛չ, ո՛չ, ես ոչ մի տեղ էլ չեմ գա, մինչև չիմանամ Ձեր ով լինելը,-հակառակեց նա:

Ես նրան պատմեցի եղելությունը: Նա, կարծես թե համոզվեց, հանդարտվեց և համաձայնեց զբոսնելու ինձ հետ: Առաջարկեցի օպերային ներկայացման գնալ, քանի որ դրսում բավականին ցուրտ էր, սակայն նա հրաժարվեց՝ գերադասելով կինոդահլիճը:

Կինոդիտումից հետո նրան տուն ուղեկցեցի: Ճանապարհին պայմանավորվեցինք հաջորդ օրը կրկին հանդիպելու, բայց նա չցանկացավ, որ ես իրեն աշխատատեղ զանգահարեմ, այլ խոստացավ նույն ժամին հաջորդ օրը հանդիպել նույն տեղում:

Ես տուն վերադարձա բարձր տրամադրությամբ, աշխարհը փոխվել էր ինձ համար, այն ավելի գեղեցիկ ու բովանդակալից էր դարձել, ուզում էի գոռալ, ճչալ, ասել բոլորին, որ գտել եմ այն միակին, որի հետ հավիտյանս կապելու եմ իմ կյանքը: Ես վախենում էի գտածս կորցնելու տեսլականից: Չէ, որ ես արդեն կորուստներ էի ունեցել…

Ահա և ես՝ Փայլակ Փանոսի Փայասլյանս, կատարեցի կնոջս տված՝ իմ խոստումը, գրեցի մեր առաջին հանդիպման մասին: Հիմա սպասում եմ, թե երբ կինս կգա հանգստավայրից, կկարդա գրածս ու ես կճշտեմ մանրամասները, քանի որ այնքան էլ վստահ չեմ, թե ամեն ինչ նրա իմացածի և պատկերացրածի պես եմ գրել: Եթե նա հավանի գրածս՝ մեր առաջին հանդիպման մասին, նոր միայն կշարունակեմ հետագա կյանքիս ընթացքը:

Չէ՛, որ նա է այս պատմության գլխավոր անձը և պատվիրատուն:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. man vel says:

    շարունակիր գրել կարդացվում է

  2. simak says:

    Շնորհակալությունս Ձեզ, բարի արձագանքի համար, ափսոս, որ չգիտեմ թե ո՞վ է թաքնված այս կեղծանվան տակ: Հարգանքներով՜ ՍիմակԳալստյան

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք