Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Նոյեմբերյանում փոքր-ինչ ուշացումով տոնվեց թատրոնի միջազգային օրը

Ապրիլ 09,2018 23:57

Ապրիլի 9-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում նշվեց թատրոնի միջազգային օրը: Թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին է նշվում, սակայն որոշ խնդիրների պատճառով այն ուշացումով տոնվեց: Ներկայացվեց Նոյեմբերյանի թատրոնի անցած ուղին, այն 1969թ. արժանացել է ժողովրդականի կոչման: Նոյեմբերյանում թատրոնի կայացման գործում մեծ դեր ունեն Արծրուն Հարությունյանը, Սամվել Բեգլարյանը, Հարություն Հարությունյանը, Ասպուրակ Ալեքսանյանը եւ բազում ուրիշներ:

Բեմում Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի տարբեր տարիների ազդագրերն էին, մշակույթի կենտրոնի պատին ցուցադրվում էին թատերախմբի ներկայացումներից տեսարաններ: Բեմադրվեց մեծ հատված Սամվել Բեգլարյանի հեղինակած «Կյանքն ինչպես որ կա» ներկայացումից: Օրվա առթիվ խոսք ասացին Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի երկարամյա ղեկավար, թատրոնի կայացման գործում ավանդ ունեցած Արծրուն Հարությունյանը, ժողովրդական վարպետ, քանդակագործ Արմեն Գոգինյանը, դերասանուհի Ինեսա Ասատրյանը, Նոյեմբերյան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը եւ ուրիշներ:

Հեռախոսով միջոցառումը, սահմանամերձ Նոյեմբերյանում թատերական կյանքի աշխուժությունը ողջունեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը: Նա ընթերցեց ռեժիսոր, դերասան Սամվել Բեգլարյանին՝ որպես թատերական գործչի, մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին տեղեկատվությունը:

Նախարարության ոսկե մեդալը հանձնեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: ՀՀ գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը նախկինում մշակույթի նախարարության ոսկե մեդալին էր արժանացել որպես գրող: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը Նոյեմբերյանի թատրոնի մի խումբ դերասանների հանձնեց քաղաքապետարանի շնորհավորագրեր, իսկ երկարամյա շնորհալի դերասանուհի Նաիրա Աբրահամյանին` պատվոգիր:

Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը հայտարարեց, որ թատերական կյանքը սահմանամերձ Նոյեմբերյանում աշխույժ է ,քաղաքի մշակույթի կենտրոնում գործում է ժողովրդական թատրոն, մանկապատանեկան թատրոն, երիտասարդ, խոստումնալից ռեժիսոր Վահե Հովհաննիսյանի հիմնած մանկական թատերական ստուդիան:

Տոնական միջոցառման ավարտին մշակույթի կենտրոնի նախասրահում թատրոնի միջազգային օրվան նվիրված տորթ կտրվեց, ուսուցչուհի Աննա Նիյազյանը գեղեցիկ երգ կատարեց, հնչեցին օրվա խորհրդին հարիր կենաց –բարեմաղթանքներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30