Ինչո՞ւ է Ալիեւը կրակում Նախիջեւանից

Ինչո՞ւ է Ալիեւը կրակում Նախիջեւանից

Նախիջեւանի հատվածում տեղակայված ադրբեջանական զորքերը ս.թ. ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը կրակ են բացել միջպետական սահմանի անդորրը հսկող հայկական զորքերի դիրքերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Ինչպես կիրակի օրը հայտնեց Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ Բացի դրանից, նա փոխանցել է ՀՀ ՊՆ կոչը ադրբեջանական զինված ուժերին՝ զերծ մնալ հետագա սադրանքներից, եւ զգուշացրել, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա։ Իսկ կիրակի օրն արդեն հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդը կրակ է բացել կովերի ուղղությամբ եւ սպանել նրանցից երեքին:

Հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածը մի շարք հայտնի ռազմաքաղաքական պատճառներով սովորաբար առանձնանում է իր՝ համեմատաբար հանդարտ իրավիճակով, ի տարբերություն, ասենք, Տավուշի հատվածի: Եվ ակնհայտ է, որ սա ոչ թե միջադեպ է, այլ քաղաքական ուղերձ հենց անձամբ Ալիեւից, ընդ որում՝ իր բնույթով չափազանց սադրիչ:

Վերջին տարիներին, հատկապես քառօրյա պատերազմից հետո, Ադրբեջանը մեծացնում է ռազմական ներուժը Նախիջեւանի տարածքում, բնականաբար՝ ռուսական զինամատակարարումների հաշվին, ինչպես նաեւ Թուրքիայի հետ ավելի հաճախակի անցկացնելով համատեղ զորավարժություններ գրեթե բոլոր զորատեսակների ներգրավմամբ: Ըստ մամուլից ստացված տեղեկությունների՝ Նախիջեւանի տարածաշրջանում հակառակորդը կուտակել է տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ՝ ԲՄՊ-3, ռուսական «Սմերչ» եւ թուրքական «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, ռազմաօդային ուժեր՝ ինքնաթիռներ եւ հարվածային ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն: Տարածաշրջանում տեղակայված զորամիավորումը բանակային կորպուսից վերածվել է առանձին համազորային բանակի:

Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ եւ սառնասրտորեն հետեւում են ընթացող զարգացումներին այդ տարածաշրջանում, որը սահմանակից է Արարատյան դաշտին, Վայոց ձորին եւ Սյունիքին: Եվ ՀՀ ՊՆ կոշտ արձագանքը ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը լրացուցիչ ցույց է տալիս, որ Երեւանն ուղղակի թույլ չի տա որեւէ «ազատություն» Ադրբեջանին՝ սահմանի այդ հատվածում, ինչը կարող է կենսական վտանգ ներկայացնել: Անկասկած, Բաքվում նույնպես այդ ամենը շատ լավ հասկանում են, որ Երեւանից «մեկ կրակոցի» հեռավորության վրա նման վարքը չի կարող անպատժելի մնալ, իսկ այս չափազանց զգայուն տարածաշրջանում սադրանքներն իրավիճակը դուրս կբերեն կանխատեսելիության հունից:

Դատելով ՀՀ ՊՆ մամլո խոսնակի հաղորդագրությունից՝ հայտարարության շարժառիթը ոչ այնքան ռեժիմի խախտման մասշտաբն էր, որքան ոտնձգության փաստն ինքնին, իսկ նախազգուշացումը հնարավոր հետեւանքների մասին՝ միանգամայն համարժեք:
Արցախում Ադրբեջանի հետ դիմակայության գծի վրա մշտական լարվածություն պահելը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ հեշտ բան չէ Ալիեւի համար այլեւս. դիվերսիոն ներթափանցումները կանխվում եւ պատժվում են բավականին արդյունավետորեն, հակառակորդի դիպուկահարների գործողությունները նույնպես այլեւս անպատիժ չեն մնում, իսկ էական վնաս հասցնելու համար մնում է լայնամասշտաբ եւ բացահայտ գործողություններ ծավալել, ինչի քաղաքական գինը Ադրբեջանի համար կարող է չափազանց ծանր լինել: Բացի դրանից, Ալիեւի՝ պատերազմի վերսկսման թեմաներով շանտաժն այլեւս ոչ ոքի չի տպավորում, նույնիսկ Մոսկվային, որի «գլուխն առանց այն էլ խառն է»:

Հետեւաբար Ալիեւին եւ նրա շրջապատին կարող է արդյունավետ թվալ որոշակի ժամանակահատվածում լարվածության «ծանրության կենտրոնը» տեղափոխել Նախիջեւանի ուղղությամբ:

Հայաստանն առանձնապես մեծ ընտրություն չունի: Հայաստանի «դաշնակիցները» նույնիսկ հերթապահ «մտահոգություն» չեն հայտնում, չեն էլ հայտնելու, իսկ ՀԱՊԿ կոչվածը նույնիսկ ինքն իրեն էլ «չի քորելու», քանի Մոսկվայի շահերն առանձնապես չեն վտանգվում, մանավանդ հիմա, երբ ամբողջ ուժով պատժամիջոցները սկսել են հարվածել ռուսական տնտեսությանը, եւ շաբաթը դեռ չբացված՝ ամենահարուստ հիսուն ռուսաստանցիներ կորցրել են ընդհանուր առմամբ շուրջ 12 մլրդ դոլար, իսկ շարունակությունը դեռ առջեւում է: Եվ Մոսկվային ամենավերջին բանը որ պետք է՝ դա լրացուցիչ լարվածությունն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, մանավանդ, երբ մի նոր «քիմիական սյուժե» է սկիզբ առել՝ Սկրիպալների գործով վերջաբանին չհասած. Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ լուրջ մտահոգություններ են արտահայտել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, եւ զարգացումները՝ այդ թվում, ինչպես երեւում է, բավականին կոշտ սցենարով, դեռ առջեւում են:

Այնուամենայնիվ, Ալիեւը փորձարկեց իր «հետախուզությունը մարտով» եւ ստացավ համարժեք պատասխան, եւ այդ իմաստով Հայաստանի Զինված ուժերի վրա է մնում ոչ միայն պետական սահմանի, այլեւ տարածաշրջանի կայունության պահպանման առաքելությունը, որն, անկասկած, միանգամայն հուսալիորեն կկատարվի:
Սակայն մյուս կողմից՝ որեւէ երաշխիք չկա, որ միջազգային կոնյունկտուրայի կտրուկ շրջադարձերի դեպքում Ադրբեջանին չի թվա, թե «պահն եկել է», եւ իշխանությունն իր չեկիստ հորից ժառանգած Ալիեւը չի փորձի լրջորեն ապակայունացնել իրավիճակը հենց Նախիջեւանից: Մանավանդ, եթե այդ իշխանությանն ինչ-որ բան սպառնա: Իսկ նման զարգացմանը Հայաստանը եւ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն օր առաջ: Հաստատապես այդ դեպքում Երեւանի հետ շահերի նույն «դաշտում» կլինեն թե՛ Արեւմուտքը, թե՛ Իրանը, որոնց շահերը տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում համահունչ են մեր շահերին:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Սպուտնիկ-Ազերբայջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք