Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի ու Էրդողանի իններորդ «պատմական հանդիպումը»

Ապրիլ 12,2018 12:00

«Թանկագին բարեկամները» կրկին հանդիպեցին

Ապրիլ 3-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինն իր առաջին օտարերկրյա այցն անցյալ շաբաթ կատարեց Թուրքիա: Օրակարգում էին երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի խնդիրներն ու սիրիական ճգնաժամը:
Ուղիղ հեռարձակմամբ ռուսաստանյան ԶԼՄ-ները ներկայացնում էին Անկարայում նախագահական պալատում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը: Անկարան ըստ արժանվույն էր պատրաստվել Պուտինին ընդունել: Պուտինն ու Էրդողանը մասնակցեցին Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ Ակույուի հիմնարկեքին՝ այն դիտելով հեռարձակմամբ Էրդողանի պալատից:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ չնայած ոչ վաղ անցյալում լարմանը, չնայած այսօր էլ որոշ խնդիրներում առկա հակառակ դիրքորոշումներին, ավելի ու ավելի են սերտանում: Պուտինի՝ Անկարա կատարած վերջին այցին նախորդել է երկկողմ շփումների աննախադեպ մեծ շարք: 2017 թվականին Էրդողանն ու Պուտինը հանդիպել են 8 անգամ, 18 ամսվա ընթացքում սա իններորդ հանդիպումն էր, Պուտինն ու Էրդողանն ավելի քան 20 անգամ հեռախոսազրույց են ունեցել 2017-ից ի վեր:

Նախ՝ «պատմական» նախագծի մասին: Չորս բլոկից բաղկացած՝ 4800 մեգավատտ հզորությամբ այդ ատոմակայանը, ըստ նախնական հաշվարկների, շահագործման կհանձնվի հինգ տարի անց: Շինարարության համար կծախսվի շուրջ 20 միլիարդ դոլար:

Ընդ որում, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին: Պուտինը վստահեցրեց, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2023 թվականին:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի բնորոշմամբ՝ Ակույուն՝ Ռուսաստանի մասնակցությամբ նախագիծը ռազմավարական ներդրման կարգավիճակ է ստացել: Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այդ կարգավիճակը թույլ կտա մոտ 10 մլրդ դոլար տնտեսել ԱԷԿ-ի կառուցման գործում: «Այժմ մենք սպասում ենք շինարարական աշխատանքները սկսելու թույլտվությանը: Դա հնարավորություն կտա մեզ սկսել շինարարության առաջին փուլը՝ փորել հիմքը ատոմակայանի հետագա կառուցման համար: Հույս ունենք, որ դա տեղի կունենա արդեն մոտ ժամանակներում»,- ասել է Նովակը:

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով՝ Ակույու ԱԷԿ-ի նախագիծը, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի կողմից, հսկայական նշանակություն ունի ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Իսկ Մոսկվայի համար՝ այս ծրագրով Ռուսաստանը տեղ է զբաղեցնում Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման ակունքներում եւ նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները:

«Այս մասշտաբային եւ նորարարական ծրագրի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, այսօր մենք ոչ միայն Թուրքիայում առաջին ատոմակայանի հիմնարկեքին ենք մասնակցում, այլեւ առհասարակ Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման հիմքն ենք դնում: Մենք սկսում ենք նոր ոլորտի ստեղծումը»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը:

C-400 «Տրիումֆ»-ները Թուրքիա կմատակարարվեն 2019-ին

Ակույու ԱԷԿ-ը միակ ծրագիրը չէ, որը կապում է Ռուսաստանին եւ Թուրքիային: Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում, կառուցվող ատոմակայանից բացի՝ երկու երկրներն այժմ նաեւ համատեղ գազատար են կառուցում՝ շուրջ 2 միլիարդ դոլար գնահատվող «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է ռուսական գազը Սեւ ծովով հասցնել Թուրքիա, ապա Հարավարեւելյան Եվրոպա:

Էներգետիկ համագործակցությունից բացի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկեցին Թուրքիային ռուսական «C-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ու ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հարցերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց, որ Էրդողանի հետ պայմանավորվել է արագացնել C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային. «Իհարկե, քննարկել ենք ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցության վիճակը, մասնավորապես, Թուրքիային զենիթահրթիռային C-400 «Տրիումֆ» համակարգերի մատակարարման պայմանագրի կատարումը։ Որոշվել է արագացնել այս պաշտպանական համակարգերի մատակարարման ժամկետները»։ Իսկ Էրդողանը նույն ասուլիսում նշեց, որ Թուրքիան C-400 համակարգերի հարցով համաձայնության է եկել ռուս բարեկամների հետ, այդ թեման փակ է, պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարման գործընթացն արագացնելու մասին: Այսինքն՝ Թուրքիայի նախագահի դիրքորոշումը, որի համաձայն՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցով ՌԴ-ի հետ համաձայնագրի թեման փակ է, եւ պայմանավորվածությունը վերջնական է, անփոփոխ է՝ չնայած ՀՏրՏոՏՐՏվֆՍրտՏՐՑ ընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ երկու նախագահների պայմանավորվածության արդյունքում փոփոխվել է նաեւ ռուսական C-400 համակարգի մատակարարման ժամկետը. 2020 թվականի առաջին եռամսյակի փոխարեն համակարգը Թուրքիային կտրամադրվի 2019-ի հուլիսին: Ռուսական ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ C-400 «Տրիումֆ»-ները Թուրքիա կմատակարարվեն 2019-ի հուլիսի 29-ին՝ Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը. «Մենք 2019-ի հուլիս ենք տեղափոխել Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրում նշված C-400-ների մատակարարման ժամկետը»։

Բացի այդ, տեղեկատվություն կա, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում «Կորնետ» հակատանկային կառավարվող համակարգ գնելու հետ կապված։ Ըստ Haber7-ի տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթանում թուրքական տանկերի զրահապատումն ամրացնելու շուրջ։ Հայտնի չէ, թե երբ կգնեն հակատանկային կառավարվող համակարգերը։

Սիրիական ճգնաժամ. Պուտին-Էրդողան-Ռոհանի երրորդ հանդիպում

Ի՞նչն է միավորում Ռուսաստանին ու Թուրքիային, թեեւ, օրինակ, Սիրիայի հարցում դիրքորոշումների խիստ տարբերությանը: Հարցի պատասխանը հստակ է՝ քաղաքական ընդհանուր հայացքները: Պուտինին ու Էրդողանին միավորում է Արեւմուտքի, ԱՄՆ-ի հանդեպ դիրքորոշումը: Առեւտրատնտեսական, էներգետիկ հարաբերությունների խորացումն այս երկու երկրների միջեւ վաղուց է դրսեւորվում:
Թուրքիան եւ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են տարածաշրջանային հարցերում: Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են աշխատանքները տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ՝ վստահեցրեց Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով. «Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումները ավարտվեն հօգուտ մեր տարածաշրջանի»:

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը չի խանգարում անգամ այն հանգամանքը, որ Մոսկվան ու Անկարան տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում. Ռուսաստանը աջակցում է նախագահ Ասադին, իսկ Թուրքիան՝ նրա դեմ հանդես եկող ընդդիմադիրներին ու փորձում է հեռացնել Ասադին: «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ նաեւ Սիրիայում ահաբեկչության վտանգին ու պատերազմին հնարավորինս արագ վերջ տալու հարցում»,- վստահեցրեց Թուրքիայի նախագահը:

Ապրիլի 3-ին Պուտին-Էրդողան հանդիպումից մեկ օր անց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին միացավ Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին: Այս հանդիպման հիմնական օրակարգային հարցը սիրիական ճգնաժամն էր: Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծում էին «ամուր եւ անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Երեք երկրների նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ արեցին մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը: Ռեջեփ Էրդողանը, Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ արձանագրում են նաեւ, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ ավելի քան 350 հազար մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է արդեն 7 տարի: Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի առաջնորդները միեւնույն ժամանակ համոզմունք են հայտնել, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, եւ որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային եւ պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում: «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»,- շուրջ մեկուկես ժամ տեւած գագաթնաժողովից հետո նշեց Իրանի նախագահը: Նրա խոսքով՝ այդ երկրի հակառակորդները փորձում էին Սիրիան մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց. «Մենք դա թույլ չենք տա»:

Նկատենք, որ Սիրիայի նախագահի ամենամերձավոր դաշնակիցները՝ Իրանը եւ Ռուսաստանը, Ասադի հակառակորդներին աջակցող Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ երրորդ անգամ հանդիպեցին: Չնայած երեք երկրների միջեւ այդ եւ մի շարք այլ հարցերում առկա լրջագույն տարաձայնություններին՝ Թեհրանը, Մոսկվան եւ Անկարան հայտարարում են, թե պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը սիրիական խնդրում: «Մենք պայմանավորվել ենք ընդլայնել Սիրիայում եռակողմ փոխգործակցության ողջ համակարգը, առաջին հերթին Աստանայի ձեւաչափի շրջանակներում, որը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցության շնորհիվ է Սիրիայում բռնությունների մակարդակը կտրուկ նվազել»,- հայտարարեց ՌԴ նախագահը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 11.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30