Նազենի Հովհաննիսյանը պայքարում է հերթական արատավոր երևույթի դեմ

Նազենի Հովհաննիսյանը պայքարում է հերթական արատավոր երևույթի դեմ

Մեր հասարակությունը իսկապես կարիք ունի ինչպես ինքնադաստիարակման, այնպես էլ հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու պատրաստակամություն ձեռք բերելու: Մեր շուրջը կատարվող ցանկացած բացասական քայլ նպաստում է հերթական արատավոր երևույթի ծնունդին: Մեր անտարբերության արդյունքում այսօր էլ տեղի են ունենում երևույթներ, որոնք հղի են մեզ վնասող,մեր դիմագծում այլակերպ դրսևորումներ ներկայացնող ոչ պատշաճ քայլեր:

Նազենի Հովհաննիսյանի հետ կատարված անբարոյական  դրսևորումը խոսում է հայ «տղամարդուն» ոչ հարիր կերպարի մասին, որը շատ հաճախ անտեսվում է: Հայ հասարակությունը հայհոյանքը դարձրել է սովորական, մշտական փողոցային լեքսիկոնի մի մասը: Հասարակական վայրում  (և ոչ միայն) կնոջն հայհոյող անհատը ոչ մի բարոյական  հիմք չունի տղամարդ կոչվելու: Շատ ու շատ կանայք և աղջիկներ ականատես են լինում նման երևույթների, բայց համարձակություն չեն ունենում Նազենի Հովհաննիսյանի նման բարձրաձայնել, խոսել, հասարակության ուշադրությունը դարձնել նման արատավոր քայլի նկատմամբ:

Մենք սիրում ենք սոցիալական հարթակներից, ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ, ճառեր, ուղերձներ հղել կանաց իրավունքների  պաշտպանության, կին – տղամարդ հարաբերությունների, կնոջ դերի մեծացման, հասարակական-քաղաքական կյանքում կնոջ ներուժի և նման մի շարք ոլորտներում հայ կնոջ անուրանալի մեծ և կարևոր  դերի մասին: Բայց ցավալի է փաստը, որ 21-րդ դարում հայ տղամարդիկ կարող են կնոջը վիրավորել, հայհոյել, անգամ ձեռք բարձրացնել:

Նազենի Հովհաննիսյանի այս քայլը հաղորդագրություն է հասարակության բոլոր շերտերին, պատկան մարմիններին հետևողական լինելու՝ հասարակական վայրերում ոչ կոռեկտ, նույնիսկ անհարիր և անբարոյական դրսևորումներ ցուցաբերող անձանց նկատմամբ կիրառել քննադատող, դատապարտող, մերժող և ամբիոններից պախարակող քայլեր, դրանով իսկ նպաստել մեր հասարակության կրթմանն ու դաստիարակմանը:

Այստեղ հարցը միայն Նազենի Հովհաննիսյանը չէ: Նրա փոխարեն կարող էր հայտնվել մեզնից յուրաքանչյուրի մայրը, քույրը, կինը, ընկերուհին…Հայ կնոջ բարոյական, առաքինի և զուսպ կերպարի կողքին այսօր կարող ենք ավելացնել պայքարող, համառ, նպատակասլաց և իր իրավունքների համար պայքար մղող բնորոշումները տալ: Մենք ազգովի պետք է պայքարենք նման անբնական, ոչ կիրթ և անբարտավան երևույթների դեմ:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք