Այլևս չենք կարող թաքցնել մեր զայրույթը առ այն, թե այս ինչ վաշխառուական, կոռուպցիոն կարգեր են հաստատվել մեր քաղաքում. դիմում Կարեն Կարապետյանին և Մանե Թանդիլյանին

Այլևս չենք կարող թաքցնել մեր զայրույթը առ այն, թե այս ինչ վաշխառուական, կոռուպցիոն կարգեր են հաստատվել մեր քաղաքում. դիմում Կարեն Կարապետյանին և Մանե Թանդիլյանին

Մանե Թանդիլյանին՝ իր ընտրողներից

Երևանի Դավիթ Անհաղթ 7 շենքի բնակիչներս բակային տարածքի բռնազավթման փորձերի առնչությամբ և բակը խաղային գոտու վերածելու խնդրանքով քանիցս դիմել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, այնուհետև քաղաքապետին ու հասել մինչև վարչապետ (նյութի պատմության, արձագանքների և միտումների վերաբերյալ պատկերացում տալու համար ներկայացնում ենք ամփոփիչ բովանդակության, նաև դրան հաջորդող դիմումները ուղղված վարչապետին)։

Մենք անհրաժեշտ ենք գտնում և խնդրում ենք, որ այս հարցը ձեր միջոցով հանրային հնչեղություն նույնպես ստանա, որպեսզի խնդիրը լուծվի նման իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքաբնակների օգտին։

Նաև ուզում ենք, որ համայնքներում բռնազավթումների թեման մեր երկրին նետված մարտահրավերների շարքում ներկայացվի որպես առաջնային կարգավորման խնդիր, քանի որ խնդրի չլուծված լինելը էականորեն թուլացնում է երկրի թիկունքը։

Ասվածը համեմատության կարգով պարզաբանենք և հիմնավորենք։

Օրինակ, եթե հայ ընտանիքներում զգալիորեն բռնություն չլիներ, այն՝ պետական բռնության (պատվաստումների կիրառման) տեսքով իր արտացոլումը չէր գտնի, և ընտանիքում բռնության շահարկման (հետևանքի կամ կեղծ կանխարգելման) ձևով հետո վերադառնալու փորձ անել արդեն իսկ չէր համարձակվի։ Սա նշանակում է. երբ որ օր առաջ, լավագույնս օգնենք կարգի բերել մեր ընտանիքները (ընթացքում խոհեմաբար զսպելով շահարկումները, որպեսզի գործին չխանգարեն) ու դրանով՝ նոր սերնդի առողջության նկատմամբ պետական բռնություն կիրառողին զրկենք նաև գլխավոր այդ մոտիվացիոն ակունքից, մեզ համար արդեն հեշտ կլինի զսպել ու կանխել նրանց քմահաճ բռնությունները, հետևաբար և հայ ընտանիքին միջամտելու հավակնությունները։

Ահա նմանապես էլ,  այսօր՝ բնակիչների իրավագիտակցության ու թեմատիկ իմացության բարձրացմամբ և սթափորեն ակտիվ ներգրավվածությամբ, մենք չպետք է թույլ տանք, որ համայնքներում բռնազավթումները գնալով դժվարավուն խնդրի վերածվեն, այլ լինի հակառակը: Որպեսզի դրանով՝ գերտերությունների կողմից խաղաղապահական շահարկմամբ բռնազավթումների (հատկապես պետական դեֆոլտի պարագայում նորանոր գույքի և իրավունքների կորզում՝ ընդհուպ ինքնիշխանության կորուստ հետապնդող) սպառնալիքը՝որպես համայնքային բռնազավթումների արտացոլում, զրկված լինի իր գլխավոր մոտիվացիոն այդ ակունքից, այդպիսով կարողանանք կանխել քմահաճ բռնաճնշման փորձերը և  հետևաբար՝ մեր ազգային համայնքներին միջամտելու հավակնոտ հետապնդումներն ու հեռանկարը։

Հարգանքով՝ Ալբերտ Զախարյան (N.13 բն․ բնակիչ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Կարեն Կարապետյանին

 Հարգելի պարոն Կարապետյան․

Դավիթ Անհաղթ փող. 7 շենքի բնակիչներս, բակային տարածքի բռնազավթման փորձերի առնչությամբ և բակը երեխաների համար խաղային տարածք դարձնելու խնդրան­քով քանիցս դիմել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, այնուհետև քաղաքապետին ու վերջին դիմումով (գրանց. 2018.03.07՝ հսկիչ համար B953-7B04-1BE9) հասել մինչև վարչապետ։

Սակայն կառավարության կայքում պատասխան քննարկումների ընթացքին հետևելը և հանրապետությունից այդ օրերի Ձեր բացակայությունը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ մեր ձայնը անձամբ Ձեզ չի հասել։ Իսկ քաղաքապետարանի միջոցով եկած պատասխանը իր նախորդի պես ցույց է տալիս, որ այդ մարմինը բնակիչներիս հետ չի էլ փորձում հաշվի  նստել։  Փոխարենը՝ քաղաքի կանաչ գոտիներն ու մայթերը, հիմա էլ բակային տարածքները վաճառելն է իր բուն գործունեությունը համարում։ Ինչը մեծ հաշվով, մեր գնահատմամբ, արդեն իսկ ապօրինություն է։

Նշենք, որ ի տարբերություն քաղաքապետարանի, մեր վարչական շրջանի գրասենյակը իր  վերջին արձագանքի մեջ մեզ հետ հաշվի նստելու (թեկուզ և չբավարարող) նշաններ քիչ-քիչ արդեն սկսում է ցույց տալ․ «…Կաթսայատունը և կաթսայատան հարակից բաքերի տարածքը հանդիսանում են մասնավոր սեփականություն, այդ իսկ պատճառով հնարավոր չէ նշված տարածքում կառուցել խաղահրապարակ։

Դավիթ Անհաղթ փողոցի 7 շենքի հարակից մեկ այլ տարածք ներկայացվել  է 2018 թ-ին նախատեսվող բակային բարեկարգման տարածքների նախագծման փուլի քննարկմանը» (20․03․2018՝ N 1300812 31/03-հսկ46)։

Ուզում ենք, սակայն Ձեզ տեղեկացնել, որ մեր դիմումները 2015թ․ի վեր միտումնավոր ձգձգվել են, որպեսզի բակի երկարությամբ ձգվող նախկին կաթսայատան՝ տասնամյակներ վարձակալած ու մինչ այսօր պարապուրդի մատնված հնամաշ շինությունը (ներառած նրան հարակից ու մեր բակի բնական տարածքի մաս կազմող մազութի բաքերի հողահատվածը) մասնավորեցնելու գործարքն ի վերջո (2017 թ) հասցվի իր ավարտին։

Որևէ մեկը, որևէ պատկան մարմին պե՞տք է պատասխան տա և հատուցի այն բանի համար, որ բակը երեխաներին ծառայեցնելու մեր երկու տարվա հորդորները ստորադասվեցին մասնավոր գրպանային շահերին, բարոյաիրավական և նյութական վնաս հասցնելով բնակիչներիս՝ բակի իրական, հետևաբար և օրինական տերերին։

Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ անհրաժեշտության դեպքում՝ հանրային գերակա շահից ելնելով կամ այդ անվան տակ մի ամբողջ թաղամասի բնակչություն կարող է տեղահանվել։ Իսկ բակային մակարդակում ի՞նչը կարող է երեխաների շահերից ավելի գերակա լինել։

Բնակիչներով նաև պատրաստ ենք բաքերի հողահատվածի փոխհատուցման ծախսերը վերցնել  մեզ վրա։

Սակայն, ներկայիս տեղական իշխանությունների (հատկապես քաղաքապետարանի) նկատմամբ չունենալով որևէ վստահություն, խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ հարցը բնակիչներիս օգտին լիակատար լուծելու համար, ինչպես նաև քաղաքապետարանին պարտավորեցնելու հաշվի նստել Երևանի քաղաքաբնակների  ու նրանց շահերի հետ և ծառայել նրան, ինչի համար, որ կոչված է։

Հարգանքներով՝ 7-րդ շենքի բնակիչներ

ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Կարապետյան․

Մենք՝ Դավիթ Անհաղթ 7 շենքի բնակիչներս, 2015 թ-ից քանիցս դիմել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին շենքի բակը բարեկարգելու` առկա մազութի բաքերը հեռացնելու, բակային տարածքը կանաչապատելու և այն երեխաների համար խաղային գոտու վերածելու խնդրանքով (նաև մեր նյութական մասնակցությունը բերելու պատրաստակամությամբ, ի հավաստում որի՝ 2017 թ-ի գարնանը բաքերին հարող տարածքում կանաչապատման նպատակով բնակիչների ուժերով հողը մաքրվել և տնկվել էին 7 ծառ, 4 թուփ և ծաղիկներ)։

Սակայն մեր բոլոր դիմումներին արձագանքել են ժամանակը ձգձգող պատասխաններով․ «տեղազննության արդյունքում որևէ շինարարական աշխատանք չի հայտնաբերվել» (N 953402 31/03-Կ/86, առ 02․12․2015թ․), «տվյալ տարածքը, պահանջվող նորմատիվներին համապատասխանելու դեպքում, կներկայացվի 2018 թ-ին նախատեսվող բակային բարեկարգման ծրագրի քննարկմանը» (N 1167420 31/03-Կ/23, առ 30․05․2017թ․), «Դ․ Անհաղթ փողոցի 7-րդ շենքի բակում կաթսայատանը հարակից տարածքը հանդիսանում է մասնավոր սեփականություն․ ինչ վերաբերվում է շենքի բակային տարածքում խաղահրապարակի իրականացմանը, ինչպես տեղեկացվել է, կներկայացվի 2018թ․ նախատեսվող բակային բարեկարգման ծրագրի քննարկմանը» (N 12882014 31/03-Հսկ 25, առ 20․02․2018թ․)։

Փոխարենը՝ սույն թվականի փետրվարի 1-ի առավոտյան ոչ միայն հեռացվեցին բաքերը, այլ նաև հողին հավասարեցվեցին տնկված ծառերն ու թփերը։ Եվ ինչպես այդ ժամանակ հայտնեց նախկին կաթսայատան հնամաշ շինության սեփականատեր, կից N34 սեփական տան բնակիչ Սամվել Լևոնի Գրիգորյանը, բաքերի շրջակա բակային հատվածը ևս իր կողմից սեփականացվել է և պատրաստվում է այն պարսպապատել։

Սակայն անշարժ գույքի կադաստրի ծառայությունից մենք տեղեկացանք, որ մեր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից արված «կաթսայատան հարակից տարածք» անորոշ ձևակերպումը մազութի բաքերի հողահատվածին է սոսկ վերաբերվում։ Եվ իզուր չէ, որ նրա սեփականատերն էլ անընդհատ խույս է տալիս, երբ իրենից փաստաթուղթ ենք պահանջում։

Սույն թվականի փետրվարի 13-ին դիմել ենք արդեն Երևանի քաղաքապետին (ծանուցում․ գրանցման համար՝ Կ327, առ 13․02․2018 11։29, Բանալի 1288214)։ Սակայն այստեղ էլ նախորդների պես՝ խոստացված ժամկետում (15 օրվա ընթացքում), պատասխան դեռ չունենք։

Այս ամենը լիովին սպառեց բնակիչներիս վստահությունը թե՛ վարչական շրջանի գրասենյակի, թե՛ քաղաքապետարանի նկատմամբ, որը կարողանում է թեթև ձեռքով վճարի դիմաց օտարել քաղաքային ցանկացած գույք, հողատարածք, և որի համար այդպիսի գործարքները ավելի կարևոր են քան երեխաների խաղահրապարակ ունենալը մի բակում, որտեղ անկախ պայմանների բացակայությունից խաղալու համար մշտապես 4-5 շենքերի երեխաներ են հավաքվում։

Փաստորեն, ստացվել է այնպես, որ շենքի բնակիչները եթե բարեկարգ բակ և երեխաների խաղահրապարակ են ուզում ունենալ, ապա միակ լուծումը բակային տարածքը գնել ու սեփական ուժերով այն բարեկարգելն է, որին մենք նույնպես պատրաստ ենք գնալ։ Սակայն այլևս չենք կարող թաքցնել մեր զայրույթը առ այն՝ թե այս ինչ վաշխառուական, կոռուպցիոն կարգեր են հաստատվել մեր քաղաքում։

Հասկանալով, որ ժամանակը աշխատում է ապօրինությունների օգտին, հայցում ենք Ձեր աջակցությունը երեխաներին խաղային տարածքից չզրկելու և նրանց անվտանգությունը ապահովելու հարցում։

Հարգանքներով՝

Երևան քաղաքի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ 7 շենքի բնակիչներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք