Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների նկատմամբ ճնշումները նվազել են, աճել են տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները. Աշոտ Մելիքյան

Ապրիլ 13,2018 15:50

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ 2018-ի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների դեմ բռնություններ տեղի չեն ունեցել:

«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիքյանը, ներկայացնելով խոսքի ազատության և լրատվամիջոցների իրավունքների վերաբերյալ հերթական եռամսյակային զեկույցը, հայտնեց. «Հունվարից մարտ որևէ ֆիզիկական բռնության դեպք լրագրողների նկատմամբ չի եղել: Շատ քիչ են նման եռամսյակներ պատահում. կուզեի՝ սա միտում դառնար: Նվազել է լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների թիվը: Հատկապես նկատելի է տարբերությունը ներկայիս իրավիճակի և 2017-ի նույն ժամանակահատվածում իրավիճակի հետ»:

Դրական փոփոխություններին զուգահեռ պարոն Մելիքյանը նշեց նաև մի շարք բացասական միտումներ. «2018-ի առաջին եռամսյակում ավելացել են տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքների խախտումները: Կարծում եմ՝ այս միտումը կարող է շարունակվել այն պարզ պատճառով, որ իշխանություններն անցել են փակ գործելաոճի և ընդունել օրենքներ, որոնք լուրջ սահմանափակում են մտցնում լրագրողական գործունեության համար: Տեղեկատվություն ստանալը բարդանալու է»:

Ներկայացնելով թվային տվյալներ՝ պարոն Մելիքյանը նշեց. «2017-ի առաջին եռամսյակում գրանցվել էր լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու 32 դեպք, այս տարի՝ 12: Անցյալ տարի առաջին եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները 5-ն էին, այս տարի դրանք հասել են 14-ի»:

Աշոտ Մելիքյանի համար մտահոգիչ է պետական մարմինների փակ գործելաոճը. «Կառավարությունը տասը տարի աշխատում էր դռնբաց, և հանկարծ որոշվեց, որ այսուհետև դռնփակ պիտի աշխատի: Այդպիսով իշխանությունները մեծ հաշվով արհամարհեցին այն բոլոր քննադատական հոդվածներն ու հրապարակումները, որոնք եղան մամուլում: Ուղղակի արհամարհեցին, ցույց տվեցին, որ դա ավելորդ է, և իրենք իրենց ասածն են անելու»:

Պարոն Մելիքյանը ցավով նշեց, որ նույն մոտեցումը շարունակվեց նաև այլ իշխանական ատյաններում. «Մենք այս երկու օրենքները և փոփոխությունները համարում ենք հետադիմական քայլ, ինչը հակասելու է տեղեկատվության և խոսքի ազատությանը, սահմանափակելու է լրագրողական գործունեությունը և խոչընդոտ է դառնալու հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքին: Սա նաև բացասական երևույթ կարող է դիտվել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Որևէ փակ կառույց արդյունավետ աշխատել չի կարող, այնտեղ ավելանում են կոռուպցիոն ռիսկերը»:

Աշոտ Մելիքյանը մտահոգիչ համարեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ սկզբում քննարկման էր դրված մեկ նախագիծ, հետո խորհրդարանում հայտնվեց միանգամայն ուրիշը:

Օրենսդրական դաշտում որպես դրական առաջընթաց պարոն Մելիքյանը համարեց վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները. «Ընդունվեցին վարչական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխությունները, որոնք վերաբերում էին դատական նիստերի լուսաբանմանը: Եթե մինչև վերջերս անհրաժեշտ էր, որ լուսաբանման ժամանակ կողմերից մեկը միջնորդություն ներկայացնի դատավորին, որ նա թույլ տա նիստը տեսալուսանկարահանել, ապա հիմա բավական է երկու կողմի համաձայնությունը, և լրագրողները կկարողանան լուսաբանել նիստը: Եթե կողմերից մեկը՝ մասնավորապես պետական մարմնի ներկայացուցիչը, դեմ է, ապա պետք է հիմնավորի, որ հրապարակվելու է այնպիսի լուրեր, որոնք գաղտնիք են պարունակում կամ էլ այդ լուսաբանմամբ կարող է վտանգել հասարակական կարգը»:

Աշոտ Մելիքյանի համար ընդունելի չէ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը՝ միայն ԶԼՄ-ների խմբագիրներին հրավիրելը. « ԶԼՄ ղեկավարներն այնտեղ էին որպես հյուր, ոչ թե որպես լուսաբանող լրագրող: Այն բարի ավանդույթը, որ հետխորհրդային ժամանակաշրջանում ձևավորվել էր, երբ գրեթե բոլոր ԶԼՄ-ները հնարավորություն ունեին այդ արարողությունը լուսաբանել, հիմա դա այլ կերպ է լուծվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30