Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գաղափարազուրկ քաղաքական դաշտի առեղծվածը

Ապրիլ 15,2018 12:00

Հայաստանի քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները հատկապես քաղաքականությունից են հեռու: Նրանց  մեծ մասի համար քաղաքականությունը պատգամավոր, բարձրաստիճան պաշտոնյա կամ բիզնեսմեն ու մեծահարուստ դառնալու միջոց է: Խոսքը գրեթե բոլորին է վերաբերում, ներառյալ՝ ընդդիմադիր ու ոչ իշխանական շատերին: Հնարավոր է, որ շատ երկրներում է այդպես, ներառյալ՝ զարգացող երկրներում:

Հայաստանում գոյություն ունի Խորհրդային Միության կարոտախտ, ակնհայտորեն գոյություն ունի, բայց գոյություն չունի կոմունիստական գաղափարախոսություն: Չնայած Խորհրդային ժամանակների կարոտախտն ակնհայտորեն գոյություն ունի, բայց, զարմանալիորեն, Հայաստանն աշխարհի ու հետխորհրդային այն եզակի երկրներից է, որտեղ կոմունիստները պատգամավորական գեթ մեկ մանդատ չունեն:

Չնայած այս փաստն անբացատրելի է, բայց,այնուամենայնիվ, բացատրության կարիք է զգում: Ինձ հակադրվողները հակադրվելով կասեն, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական կուսակցություններն են գաղափարազուրկ: Ներառյալ՝ իշխող կուսակցությունը:

Գարեգին Նժդեհի հայրենասիրական ու հերոսական կենսագրությանը ոչ ոք չի կասկածում, բայց ես անձամբ կասկածում եմ, որ հայրենասիրությունն ու հերոսականությունը կարող են գաղափարական բավարար հիմք հանդիսանալ քաղաքական ժամանակակից որևէ կուսակցության ու քաղաքական ուժի համար: Ասածիցս պետք չէ եզրակացնել, որ ժամանակակից քաղաքական ուժերը պետք է հայրենասիրությունից ու հերոսականությունից զուրկ լինեն: Ասածս ավելի հասկանալի ու մատչելի դժվարանում եմ բացատրել, որովհետև մենք իրականում այնքան հեռու ենք իրական քաղաքականությունից ու քաղաքական կյանքից, որ նույնիսկ այսպիսի պարզ հարցերում կդժվարանանք իրար հասկանալ:

Գարեգին Նժդեհի արձանը Երևանի կենտրոնում, իհարկե, արժեր դնել, և այս առումով շատ ճիշտ ենք անում, որ լուրջ չենք ընդունում Նժդեհի ազգայնամոլության վերաբերյալ ռուս  «քաղաքագետների» վայրահաչությունները, բայց, ցավոք սրտի, մեր իշխանական նժդեհյան կուսակցության շատ ներկայացուցիչներ Գարեգին Նժդեհից այնքան տեղյակ չեն, որքան տվյալ ռուսներն ու օտարազգիները: Այլապես կկարողանային ինչպես հարկն է պաշտպանել իրենց կուսակցության գաղափարական առաջնորդին:

Որովհետև Գարեգին Նժդեհին որպես հանրապետական կուսակցության գաղափարական առաջնորդ ոչ թե իրենք են ընտրել, այլ՝ անձամբ Աշոտ Նավասարդյանը: Նաև՝ Անդրանիկ Մարգարյանը: Բայց ո′չ էսօրվա ամենաակտիվ հանրապետականները: Եվ չնայած էսօրվանները Գարեգին Նժդեհին իբրև կուսակցության գաղափարախոս Աշոտ Նավասարդյանից են ժառանգել, այդուհանդերձ, հենց իրենց օրոք մեր մայրաքաղաքի ամենակենտրոնում խոյացավ Գարեգին Նժդեհի մեծադիր արձանը, որը և առիթ հանդիսացավ, որ ռուսական բազմաթիվ հեռուստաալիքներով և նույնիսկ որոշ պաշտոնական բերաններից շոշափվեր Գարեգին Նժդեհի ազգայնամոլ լինելու մասին թյուր կարծիքը:

Բայց վերադառնանք կոմունիստներին ու մյուսներին: Ինչու՞ որոշակիորեն կոմունիստական ժամանակների կարոտախտով տառապող մեր քաղաքացիներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կոմունիստներին ձայն չեն տալիս: «Ծառուկյան» դաշինքին, «Ելքին» ու Դաշնակցությանը տալիս են, բայց կոմունիստներին չեն տալիս: Որովհետև մեր կոմունիստներն էլ, փաստորեն, գաղափարախոսություն չունեն, առավել ևս՝ ժամանակակից գաղափարախոսություն: Նրանք էլ են ընդամենը կոմունիստական կարոտախտով տառապում:

Մեր մյուս կուսակցություններն էլ գաղափարախոսություն չունեն: Նրանք իրարից ամեն ինչով տարբերվում են՝ գաղափարախոսությունից ու գաղափարներից բացի: Նույնիսկ Դաշնակցությունը ժամանակակից արդի գաղափարախոսություն չունի: Հիմնականում սնվում է կուսակցության գաղափարախոսության անցյալի ժառանգությունից: Եթե խաղաղությունն ու խաղաղասիրությունը համարենք գաղափար ու գաղափարախոսություն, թերևս ՀԱԿ-ը միակն է, որ գաղափարախոսություն ունի, բայց սա էլ այնպիսի գաղափարախոսություն է, որի պատճառով ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը նույնիսկ իր ունեցած ձայներից զրկվեց:

Բայց անդրադառնանք խորհրդարան անցածներին: Խոսրով Հարությունյանի, Գեղամյանի ու Բաբուխանյանի կուսակցությունները խորհրդարան մտան ոչ թե իրենց գաղափարների շնորհիվ, այլ՝ ՀՀԿ-ի: «Ծառուկյան» դաշինքի գաղափարախոսությունն էլ բարեգործությունն էր: «Ելքինը»՝ պոպուլիզմը:

ԱԺ-ից դուրս մնացածներն էլ՝  ԱԻՄ-ը, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը, ԱԺՄ-ն, ՕՐՕ-ն ու մյուսներն էլ քաղաքական գաղափարներով իրարից առանձնապես չեն տարբերվում:

Այս իրավիճակում ու այս պայմաններում միանգամայն տրամաբանական ու բնական է, որ հայ ընտրողը նախապատվությունը տալիս է ընտրակաշառքին, բարեգործությանն ու պոպուլիզմին: Որովհետև քաղաքական ուժերի մեջ գաղափարական տարբերություններ չի գտնում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Ա՛յ, ապրեք, հիմա ոնց որ նորմալ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30