Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածները Սիրիային եւ հայկական արձագանքը

Ապրիլ 17,2018 22:00

Ռուսաստանի «անասունները»
եւ պաշտոնական Երեւանի քաղաքական դալտոնիզմը

Ուրբաթ օրը՝ ապրիլի 13-ին, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը կետային հարվածներ հասցրեցին Սիրիայի մի քանի օբյեկտներին, որոնք կապված են այդ երկրի քիմիական զենքի ծրագրի հետ: Դրանք շարքից դուրս են բերվել եւ մաքրվել գետնի երեսից, ինչպես վկայում են զինվորականների զեկույցները եւ արբանյակային լուսանկարները, իսկ հարված հասցրած հրթիռներից եւ ոչ մեկը չի վրիպել եւ կուրսից նույնիսկ չի էլ շեղվել, որքան էլ որ դրա մասին պնդեցին սիրիական եւ ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրենց զինվորականներին:

Ուշագրավն այն է, որ քաղաքացիական բնակչությունն ընդհանրապես չտուժեց, Սիրիայում տեղակայված ռուսական զորքերը՝ եւս, իսկ հանուն «դաշնակից» Ասադի, որին Թրամփը մինչեւ հարվածը հրապարակայնորեն «անասուն» անվանեց, ռուսները չարձակեցին եւ ոչ մի կրակոց:

Ռազմական օպերացիան սատարեցին Գերմանիան, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը, համապատասխան հայտարարություններով հանդես եկան Անգելա Մերկելը, Յենս Սթոլթենբերգը եւ Դոնալդ Տուսկը:

Իսկ «նստվածքում» մնաց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբենզյայի վերջին փաստարկը՝ մանր խուլիգանական պահվածքն Անվտանգության խորհրդի նիստում, որի ժամանակ Սիրիայում իրականացրած ռազմական օպերացիան անվանեց «խուլիգանություն, ընդ որում՝ ամենեւին էլ ոչ մանր», ինչը պարզապես արհամարհվեց: Ոչ ոք նույն ոճով նույնիսկ չփորձեց նրան ստիպել «բերանը փակել», ինչպես դա խորհուրդ էր տալիս Բրիտանիայի պաշտպանության նախարարը, իսկ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին զգուշացրեց, որ ԱՄՆ զինված ուժերը «լիցքավորված են եւ պատրաստ» կրկնելու ուժային ներգործությունը, եթե քիմիական զենքի կիրառումը կրկնվի, ինչի հետ կապված բազմիցս է զգուշացվել. դա «կարմիր գիծ» է, որի հատելն անպատիժ չի ստացվի:
Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը ցույց տվեց, որ Մոսկվային աջակցում է միայն Բոլիվիան, Չինաստանն էլ կողմ քվեարկեց ռուսական բանաձեւի նախագծին, ընդ որում՝ միանգամայն սեփական դրդապատճառներից ելնելով, այլ ոչ թե Մոսկվայի «գեղեցիկ աչքերի» համար: Իսկ սա նշանակում է Ռուսաստանի միջազգային մեկուսացում, մանավանդ, որ հայտնի դարձավ, որ Մոսկվայի՝ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակից Ղազախստանը ձեռնպահ մնաց, երբ քվեարկվեց ռուսական բանաձեւի նախագիծը:

Տեղի ունեցածում որեւէ զարմանալի բան չկա: ԱՄՆ-ը ցույց տվեց, որ հայտարարություններն այն մասին, որ քիմիական զենքի առկայությունն Ասադի ռեժիմի մոտ անընդունելի է եւ չի հանդուրժվելու, եւ որ այդ հարցում ունի հզոր դաշնակիցներ՝ հանձինս ՄԱԿ-ի ԱԽ անդամ, միջուկային տերություններ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, ունի լայն միջազգային աջակցություն, նաեւ՝ «կարող է կրկնել», ինչպես սիրում են տեղի-անտեղի հոխորտալ ռուսները 1945թ մասին: Տեղի ունեցածը նաեւ ցույց տվեց, որ ռուսները Սիրիայում ոչ այնքան «պաշտպանում» են իրենց «դաշնակցին»՝ իրենց Ասադին, որքան մտահոգված են միայն սեփական խնդիրներով, որոնք լուծելու համար պատրաստ են մնալ այնտեղ մինչեւ վերջին սիրիացին:

Իսկ ի՞նչն են Սիրիայում «պաշտպանում» ռուսները: Կարեւոր օբյեկտնե՞րը: Տեսանք, որ ամենեւին էլ ոչ, այդ օբյեկտները մեկ հարվածով կարող են հողին հավասարվել: Սիրիացիների՞ն: Տեսանք, որ նույնպես ամենեւին էլ ոչ: Կես միլիոն սիրիացի է զոհվել յոթ տարվա ընթացքում, իսկ Վլադիմիր Պուտինը ժպտալով խոսում է ռուսական նոր զինատեսակների՝ «իրական ռազմական պայմաններում հաջող փորձարկման մասին»՝ շարունակելով արդուկել սիրիական բնակավայրերը ռազմաօդային ուժերի միջոցով իր «անասուն» Ասադի հետ միասին: Այսինքն՝ սիրիացիների դեպքում եւս, ինչպես եւ այլոց շատերի, ռուս դաշնակից ունենալը նշանակում է, որ թշնամի այլեւս պետք չէ. քո երկիրը կարող է բռնաբարել մի «անասուն», հակառակորդ հարեւանդ կարող է ներխուժել եւ գրավել մի նահանգային կենտրոն, իսկ քո «դաշնակիցը» ձայն չհանել եւ մի բան էլ քո գլխին ռումբեր լցնել: Ահա սա է իրողությունն ընդհանուր առմամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, ավելի բարդ է այդ իրողության ընկալումը, մանավանդ, երբ ընկալումն ինքնին խնդիր է:

Հարվածների հենց հաջորդ օրը ռուսական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածում, որ, այսպես կոչված, ՀԱՊԿ-ի «գլխավոր քարտուղար», Հայաստանը ներկայացնող գեներալ Յուրի Խաչատուրովի եւ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Սիրիայի շուրջ իրավիճակի կապակցությամբ տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն, որով նաեւ Հայաստանի անունից «դատապարտել» են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական օպերացիան: Պաշտոնական Երեւանի արձագանքը, բնականաբար, չկա, այնպես, ինչպես Սկրիպալների գործով մի անօգնական եւ երկիմաստ, պոստֆակտում բացատրություն կլինի, թե ոչ՝ կարեւորը դա չէ, այլ այն, թե նույն պարոն Խաչատուրովի «նախաձեռնությամբ» գոնե մի հերթապահ մտահոգության համար այդ Մշտական խորհուրդ կոչվածը չի հավաքվում, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը կրակի տակ է առնվում Նախիջեւանից, նույնը՝ Նոյեմբերյանի հատվածում, երբ խաթարվում է երթեւեկությունը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա:

Այսինքն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Սիրիայի համար պարոն Խաչատուրովը եւ Ռուսաստանը «նախաձեռնում» են եւ «դատապարտում», նաեւ մե՛ր անունից, իսկ ահա ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքի գնդակոծման հետ կապված պարոն Խաչատուրովի եւ ՌԴ «նախաձեռնողականությունը» հանկարծ վերջանում է: Իսկ պաշտոնական Երեւանը լռում է թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում: Իհարկե, ավելորդ է խոսել, թե ինչ է մտածում եւ մտածո՞ւմ է արդյոք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, Բրիտանիայից բիզնեսմենների պատվիրակության այցին եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները սերտացնելուն պատրաստվող ու ՌԴ դեսպան Վոլինկինին «Բարեկամության շքանշան» տվող պաշտոնական Երեւանը, թե ինչպես են հետագայում դասավորվելու հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի հետ: Նման «կոնտրաստը» տեսնելուն խանգարում է անհույս քաղաքական դալտոնիզմը եւ «սարսափած ճագարի սինդրոմը» Մոսկվայի հետ հարաբերություններում: Հետեւաբար ավելորդ է խոսել նաեւ այդ ծեծված՝ «դասեր քաղելու անհրաժեշտության» մասին, թեկուզ Ղազախստանի օրինակով, քանզի դրա համար անհրաժեշտ նվազագույն ընդունակությունների բացակայության պայմաններում դա կդիտվի որպես պարզ դեմագոգիա:

Սակայն ավելի մտահոգիչն այն է, որ պաշտոնական Երեւանին, Հայաստանի իշխանությանն իր այս անմեղսունակ կեցվածքում որեւէ ինստիտուցիոնալ ընդդիմախոս ներկայումս դեռ չկա: Անհատներ կան, բայց ինստիտուցիոնալ կառույցներ՝ ոչ: Իսկ այն, ինչ ստեղծվել է, գերադասում է «սեփական յուղի մեջ տապակվել». մեկը՝ փողոցում, մյուսը՝ խորհրդարանում, երրորդը՝ մերձքաղաքական բամբասանքների դաշտում՝ պետությունը եւ հասարակությանը թողնելով մեր եւ «անասուն» Ասադի «դաշնակցի»՝ Նեբենզյայի եւ իր «նաչալնիկների» քմահաճությանը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

17.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30