Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտպետերբուրգցի դիրիժորը կղեկավարի «հայկական» «Կարմենն» ու «Շոպենիանան»

Ապրիլ 19,2018 12:30

Ավելի քան քառորդ դար Երեւանում բալետային ոչ մի ներկայացում չի ղեկավարել հրավիրյալ դիրիժոր: Այս մասին «Առավոտին» հայտնեցին մեր բալետարվեստի որոշ երախտավորներ, հատկապես նշելով, թե բալետի արտիստի համար էլ «տանը» անհրաժեշտ է երբեմն ստեղծել պայմաններ՝ շփվելու ոչ միայն օտար խորեոգրաֆների, ճանաչված արտիստների, այլեւ դիրիժորների հետ, ինչը նույնիսկ խաղացանկային ներկայացումներին, չասենք՝ նոր ձեռագիր, բայց որ թարմություն է բերում՝ հաստատ է: Մեր զրուցակիցները փաստեցին, որ Ազգային օպերային թատրոնի ապրիլի 18-ի մեկ գործողությամբ երեք բալետային ներկայացումներից երկուսը՝ Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն», «Շոպենիանա», կղեկավարի Սանկտ Պետերբուրգից հրավիրյալ դիրիժոր Միխայիլ Լեոնտեւը:

Երեսունը վերջերս բոլորած արվեստագետը մասնակցելով ոչ միայն ռուսաստանյան, այլեւ Տոկիոյում կայացած օպերային-սիմֆոնիկ դիրիժորների 15-րդ մրցույթներին, արժանացել է ժյուրիի ուշադրությանը: Ի դեպ, Տոկիոյի մրցույթը դասվում է աշխարհում հեղինակավոր միջոցառումների շարքին: Մեր խնդրանքին՝ ներկայացնել հատկապես իր օպերային- բալետային ժանրի գործունեությունը, Միխայիլ Լեոնտեւը նախ նշեց իր համագործակցությունը ռուսաստանյան եւ արտասահմանյան հեղինակավոր նվագախմբերի հետ, բարձրաձայնեց Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի, Պետական կապելլայի սիմֆոնիկ, Սվետլանովի եւ Կոգանի անվան, Մոսկվայի ֆիլհարմոնիայի նվագախմբերի անունները, հիշատակեց Տոկիոյի, Օսակայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ Տալլինի «Սիմֆոնիետան»: Դիրիժորն ասաց նաեւ, թե 2011-16թթ. հանդիսացել է Տամբովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

«Ինչ վերաբերում է օպերային եւ բալետային ներկայացումներ ղեկավարելուն, դրանք դեռեւս մեծ թիվ չեն կազմում: Բայց սիրում ու երկրպագում եմ այդ երկու ժանրը»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա տեղեկացրեց, որ հանդես է եկել Ֆինլանդիայում ավանդաբար անցկացվող բալետային միջազգային փառատոնին, Միխայլովյան թատրոնի հետ հյուրախաղերի է մեկնել Հարավային Կորեա, իսկ Սանկտ Պետերբուրգի բալետային խմբի հետ՝ Հոլանդիա, Բելգիա եւ Լյուքսեմբուրգ:

«Բալետի հիանալի արտիստներ ունեք: Իհարկե, չեմ շփվել, բայց տարբեր առիթներով եվրոպական բալետային ճանաչված խմբերում հանդիպել եմ հայկական ազգանունների նույնպես: Վերջերս եմ Միխայլովյան թատրոնում ղեկավարել Վասիլի Ռոմանովսկու խորեոգրաֆիայով «Կարմենը»: Տպավորված եմ երեւանյանով նույնպես, որը բեմադրել է Արմեն Գրիգորյանը, իսկ Միխայիլ Ֆոկինի խորեոգրաֆիայով «Շոպենիանային» ծանոթ եմ վաղուց: Չառանձնացնելով որեւէ մենապարողի անուն, պետք է գոհունակությունս հայտնեմ ողջ բալետային խմբի մասին»,- հայտնեց Միխայիլ Լեոնտեւը:
Զրույցի ընթացքում արվեստագետն ասաց նաեւ, որ ղեկավարել է Կոմիտասի, Խաչատրյանի, Հարությունյանի ստեղծագործություններից, այս պահին էլ ակտիվ գործունեություն է ծավալել Սանկտ Պետերբուրգի Մյուզիք հոլլի եւ Վոլգոգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30