Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր» ղեկավարների հին խնդիրը

Ապրիլ 19,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Բանակցային գործընթացը կանգնած է

«Մենք պատրաստ ենք եւ մեր ցանկությունն է՝ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, եւ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում է միայն զիջումներ ԼՂ-ի կամ ՀՀ-ի կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկել, որ մեզ համար այդ կարեւորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»,- ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի ճիշտ է ասել, որ «բանակցային գործընթացը կանգնած է», որովհետեւ դրանց արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար: Ս. Սարգսյանն արձանագրեց, որ մինչ այս փուլը Հայաստանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որ գործընթացում աշխուժություն լինի, ձեռք բերած պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Սակայն, ըստ նրա, ոչ միայն բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ բանակցությունները, պարզվում է, որ անտեղի են, որովհետեւ Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահում:

Այսպես, Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ փաստացի բանակցային գործընթացը փակուղում է գտնվում՝ Ադրբեջանի պահվածքի պատճառով, եւ լավատեսության հիմքեր չկան:

Ի՞նչ է սպասվում բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ Բաքվից հայտարարություններ էին հնչել, թե այդ երկրում նախագահական ընտրություններից հետո ակտիվություն կլինի բանակցային գործընթացում: Արդյոք դա Բաքվի կողմից նաեւ պայմանավորվածությունները հարգելո՞ւն է վերաբերում… Հազիվ թե: Բոլորի համար էլ պարզ է, որ Բաքվի «թայմաութը»՝ կապված ընտրությունների հետ, ընդամենը պատրվակ էր:

Ի՞նչ է մնում հայկական կողմին այս պայմաններում: Թերեւս հասնել նրան, որպեսզի գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մակարդակով զրկել Ադրբեջանին պայմանավորվածություններից անընդհատ հրաժարվելու քաղաքականությունից: Միայն այդ կերպ հնարավոր կլինի որոշակի կայունություն, հարաբերական անդորր հաստատել սահմաններում եւ Ալիեւին ստիպել խաղաղություն:

Չի կարելի բացառել, որ նախընտրական շրջանում որոշակի կոշտ հռետորաբանությունից հետո ապագայում Ալիեւը սկսի խոսել բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ այդ կերպ ցույց տալով, թե իբր կողմնակից է խաղաղ բանակցությունների շարունակմանը:

Հերթական «հաղթական» ելույթը՝ ապագայում «օկուպացված տարածքներում» ադրբեջանական դրոշի ծածանման մասին

Մինչ հայկական կողմը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի՝ որպես միջազգային հանրության համար անկանխատեսելի անդամի գործողությունները ղարաբաղյան բանակցային գործընթացում, Ալիեւը շարունակում է նախագահական ընտրությունների առիթով հրապարակված իր ուղերձում շեշտել, թե Ադրբեջանի ժողովուրդը քվեարկել է «կայունության, անվտանգության եւ զարգացման օգտին»:

Ալիեւը պնդում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը լուրջ հաջողություններ է արձանագրել նաեւ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում: «Մենք լուրջ դիվանագիտական հաղթանակներ ենք արձանագրել: Միաժամանակ, մենք մեծ հաղթանակի ենք հասել ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռեւս օկուպացիայի տակ գտնվող տարածքներում եւս կծածանվի ադրբեջանական դրոշը, եւ այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Մենք մեծ հաղթանակի ենք հասել նաեւ ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռեւս օկուպացված մեր տարածքներում եւս կծածանվի ադրբեջանական դրոշը, եւ այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն»,- իր հետընտրական ուղերձում հայտարարում էր Ալիեւը:

Հասարակություն, որը տասնամյակներ շարունակ ռազմատենչ, «հաղթական» քարոզչության զոհ է պետական մակարդակով, որը հայատյացությունից եւ ագրեսիայից բացի՝ այլ ելույթներ չի լսել, թերեւս դեռ երկար ժամանակ կլռի եւ չի պահանջի Ալիեւից փաստեր վերոնշյալ ելույթի եւ նման այլ բազմաթիվ ճառերի ճշմարտացիության վերաբերյալ:

Ալիեւին շնորհավորած ԵՄ առաջնորդները դատապարտվեցին

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» քննադատել է միջազգային հանրությանը նախագահ վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիեւին հղած շնորհավորանքների համար: Խորհուրդը հատկապես մատնանշել է շնորհավորական ուղերձներ հղած՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին: Ադրբեջանական ընդդիմությունը հիշեցրել է ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի ու ԵԽԽՎ-ի դիտորդների գնահատականների մասին: «Ընտրություններն անցել են քաղաքական սահմանափակումների, մեծաթիվ քաղբանտարկյալների առկայության պայմաններում, առանց արդար մրցակցության, իշխանական թեկնածուի օգտին վարչական ռեսուրսի կիրառմամբ, այդ իսկ պատճառով Եվրոպայի առաջնորդների շնորհավորանքները տարօրինակ են թվում»,- ասված է ադրբեջանցի ընդդիմադիրների հայտարարության մեջ:
Հիշեցնենք. Ալիեւի վերընտրության հաջորդ իսկ օրը ԵԱՀԿ դիտորդները փաստեցին. «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում եւ այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները: Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»:

Ըստ ամերիկացի նախկին դիվանագետների՝ ԱՄՆ-ը պետք է վերանայի Ալիեւին աջակցելու քաղաքականությունը

ԱՄՆ-ը պետք է վերանայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աջակցություն ցուցաբերելու՝ տարիներ առաջ որդեգրված քաղաքականությունը՝ հեղինակավոր Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում նշում են Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ պետքարտուղարի նախկին տեղակալ, 2010-2014թթ. Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դեյվիդ Քրամերը:

«Ադրբեջանական ընտրությունները զավեշտ են» վերնագրված այս հոդվածում պաշտոնաթող ամերիկացի դիվանագետները գրում են. «Տարիներ շարունակ Ալիեւի առջեւ կանաչ լույս վառելով` ԱՄՆ կառավարությունը ոչ Ադրբեջանի ժողովրդի համար է լավ գործ արել, ոչ էլ նպաստել է տարածաշրջանում ԱՄՆ շահերի ամրապնդմանը: ԱՄՆ-ը եւ արեւմտյան մյուս պետությունները վերածվել են Ալիեւի ներքին քաղաքականությանն աջակցող ուժերի` սպանելով ժողովրդավարական էվոլյուցիոն զարգացման, մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների հաստատման, կոռուպցիայի վերացման եւ իրապես ռազմավարական գործընկերության ձեւավորման բոլոր հույսերը»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

Ամերիկացի դիվանագետներն արձանագրում են, որ Ալիեւի վարչակազմը Արեւմուտքի հետ հարաբերություններում նման արտոնյալ պայմաններ կարողացել է ստանալ էներգակիրների մեծ պաշարների եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի մատակարարման հյուսիսային ուղու կարեւորագույն հատվածը լինելու հաշվին: «Հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Պուտինի գործողություններից բխող սպառնալիքները եւ դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղու կարեւորությունը` ոմանք (Վաշինգտոնում) պնդում են, թե ԱՄՆ-ն Ալիեւի վրա իրավապաշտպան թեմաներով ճնշում գործադրելու պատճառով չի կարող խաթարել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- գրում են Կոզլարիչը եւ Քրամերը` արձանագրելով, սակայն, որ ամերիկյան կողմի նախընտրած մարտավարությունը` խնդիրները լուծել փակ դռների ետեւում, անարդյունք է:

«Լռակյաց» դիվանագիտությունը տապալվել է»,- գրել են Ռիչարդ Կոզլարիչը եւ Դեյվիդ Քրամերը՝ պնդելով, որ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով՝ Ալիեւը միայն մեկ նպատակ էր հետապնդում` շարունակել ամրապնդել իր միանձնյա իշխանությունը. «Այս ընտրություններով Ադրբեջանն է՛լ ավելի է մոտենում ավազակապետական ավտորիտարիզմի պուտինյան մոդելին»:

Ամերիկացի դիվանագետների համոզմամբ՝ Ալիեւի համար սեփական իշխանությունն ամրապնդելու մյուս գործուն լծակը ԼՂ հարցում մարտաշունչ հռետորաբանության կիրառումն է: «Նախընտրական շրջանում Ալիեւի կառավարությունը նաեւ Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում: Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով եւ Երեւանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել (ազգայնական) դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում եւ Սիրիայում»,- գրում են հոդվածի հեղինակները:
Ռիչարդ Կոզլարիչի եւ Դեյվիդ Քրամերի համոզմամբ՝ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը պետք է լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը. «ԱՄՆ կառավարությունը ուշացումով պետք է ընդունի, որ Ալիեւին եւ նրա վարչակազմին արտոնությունների տրամադրումը հանգեցնում է Ադրբեջանի ներսում քաղաքական եւ սոցիալական վիճակի վատթարացմանը: Երբ այս կեղծ ընտրությունների արդյունքները հրապարակվեն, Վաշինգտոնից կամ արեւմտյան մեկ այլ մայրաքաղաքից որեւէ մեկը չպետք է զանգահարի Ալիեւին` «հաղթանակի» առթիվ նրան շնորհավորելու նպատակով»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30