Լրահոս
Օրվա լրահոսը

Սինոփսիս ընկերությունում հանել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները. Արմեն Գրիգորյան

Ապրիլ 19,2018 20:08

Շուրջ 40 րոպե ուշացումով Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ոչ մի իշխանական, ոստիկանական պատ չի կարող կանգնեցնել այս ալիքը. «Ինչքան էլ փշալարերի կամ նման շենքերի հետևում թաքնվեն, այս գաղափարները կասեցման որևէ պատ չունեն:Այս ալիքին են միացել Հայաստանի և սփյուռքի բազմաթիվ հայեր: Մեզ նաև արձագանքել են Արցախից»: Նա հայտարարեց, թե ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ևս միացել է իրենց, այսօր նաև բիզնեսի ներկայացուցիչներ են քայլեր ձեռնարկել և մերժել Սերժին: Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Սինոփսիս ընկերությունում հանել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները: Նաև նշեց, որ Թատերական ինստիտուտում Հովհաննես Հակոբյանը հեռացրել է Սերժ Սարգսյանի նկարը: Նա նշեց, որ ոստիկանությունում ևս հեռացվել է Սերժ Սարգսյանի նկարը, Վարդենիսում նստացույց է սկսվել, Աշտարակում քաղաքացիները ինքնակազմակերպվել և վաղը երթով միանալու են իրենց:

Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են կրկնել, որ իրենց ցույցերն ու երթերը խաղաղ են և իրենք դրա համար անձնական պատասխանատվություն են կրում:

Նա հորդորեց պահպանել իրենց նյարդերը, քանի որ այս պայքարում կարողանալու են հաղթել այն քաղաքացիները, որոնք կարողացել են հանգստություն, հանդարտություն պահպանել և տրամաբանական գործողությունների շղթայի վերջում բերել հաղթանակ:

Դառնալով իրենց մարտավարությանը՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Մենք ոչ թե մեկ կետում հավաքվելու, բախում ենք ունենալու ոստիկանների հետ, այլ ՀՀ ողջ տարածքով մեկ ամեն մեկս մեր քայլերով պարալիզացնելու ենք այս համակարգը ու փաստի առաջ կանգնեցնելու Սերժ Սարգսյանին: Այս համակարգը հնարավոր է պարալիզացնել խաղաղ անհնազանդության միջոցով և միլիոնավոր քաղաքացիների մասնակցությամբ»:

Հովհաննես Հակոբյանը ողջունեց «ՀՀ երրորդ հանրապետությանը հայտնի ամենաըմբոստ հանրությանը», «ՀՀ երրորդ հանրապետության իշխանությանը ցցերի վրա պահող երիտասարդությանը». «Կոչ եմ անում իմ դասախոսներին, իմ վարպետներին, ՀՀ մտավորականությանը, որոնք պետք է օրինակ լինեն երիտասարդության համար, ներկա լինել այստեղ և մեզ հետ միասին քայլ անել ու մերժել Սերժին: Ի՞նչ է կատարվում սահմանում. երիտասարդները զբաղված են ՀՀ-ի և Արցախի սահմանները պահպանելու սուրբ գործով ու գաղափարով, բայց ես ուզում եմ, որ այդ սուրբ գործն ու գաղափարը չշրջվի գլխի վրա ու դառնա մի քանի հոգու կարողությունն ու հարստությունը պահելու ճղճիմ գաղափար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30