Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը

Ապրիլ 20,2018 13:30

Եվրոպայում կատարելագործվող եւ ստեղծագործող տենոր Դավիթ Հովհաննիսյանը ապրիլի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգ կունենա` կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար` Մադաթ Ավանեսով): Սա տենորի երկրորդ մենահամերգն է հայրենիքում: Համերգի հատուկ հյուրն է Los Reyes-ը: «Բավականին բարդ ծրագիր է, որն ընդգրկում է 4 դասական գործ: Համերգը կսկսվի Կոմիտասի «Կռունկով»,- նշեց մեր զրուցակիցը: Համերգում անդրադարձ կա դասական crossover-ին, որը Դավիթն իր ոճն է համարում:

2015 թ. Դավիթ Հովհաննիսյանը Երեւանում հանդես էր եկել իսպանացի սոպրանո Կարմեն Ակոստայի հետ, համերգն էլ նվիրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ասում է` այս համերգն էլ յուրատեսակ նվեր է հայրենակիցներին. «Համերգում հնչելու են իմ սիրելի գործերը»:

Դավիթ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են իր եվրոպացի դասախոսները երեւանյան համերգի ծրագրի մասին: «Քանի որ տվյալ պարագայում crossover-ը գերիշխում է, երկու դասախոսներն էլ չողջունեցին ծրագիրը (ժպտում է-Գ.Հ.): Մյուս կողմից, սա ժամանակակից մոտեցում է, եւ առաջինը ես չեմ արել, crossover-ը (երաժշտական համադրություն` դասական մոտիվներով, որն իր մեջ կարող է ներառել ֆոլք երաժշտության տարրեր, փոփ, ռոմանս, եվրոպական շանսոն, բալլադ եւ այլն) բավականին տարածում ունի 70-80-ական թվականների վերջերից, նպատակն էլ այն է եղել, որ դասական երաժշտությունն ավելի մասսայականացվի եւ հանրայնացվի: Դա երկուստեք շահեկան է` եւ դասական երաժշտության տարածման, եւ ունկնդրի համար, մարդիկ ավել լավ են ծանոթանում դասական երաժշտության հետ: Իմ ձեւաչափն էլ ավելի շատ դասական crossover-ն է, քան բուն դասական երաժշտությունը»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա համերգին հրավիրել է արվեստի ու մշակույթի շրջանակների մարդկանց, ասում է, որ նրանց գնահատականներն իր համար կարեւոր են: Հրավիրյալների թվում են` ջազմեն Լեւոն Մալխասյանը, երգիչներ Արամոն, Էմմա Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, նկարչուհի Արեւ Պետրոսյանը եւ այլք:

Տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

«Ուզում եմ այդ մարդիկ համերգի օրը լինեն ինձ հետ եւ կիսեն իմ տոնը»,-ասում է տենորը:
Մեր հարցին` իր կարծիքով արվեստագետների պարագայում հաջողությունն ավելի շատ տաղանդի՞, թե՞ աշխատասիրության արդյունք է, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա շատ անհատական է: Կոնկրետ իմ դեպքում ավելի մեծ դերակատարություն է ունեցել աշխատասիրությունը, թեեւ տաղանդ կոչված «պիտակն» էլ ինձ կպցրին: Բայց ես միշտ, ինչի հասել եմ, հասել եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Շատ տեղեր չի նկատվում դա, որոշ տեղեր ուշ է նկատվում, կան տեղեր էլ` միանգամից նկատում են, ու այդպես գումարվում են մեծ ու փոքր հաջողությունները»: Դավիթը երաժշտության մեջ փորձարարությանը լավ է վերաբերվում: «Դասական երաժշտությունն արվեստների մեջ ամենապահպանողականն է, քանի որ այն գրող կոմպոզիտորը իր ժամանակների գաղափարով է ստեղծել գործը»,-նշում է նա, բայց միեւնույն ժամանակ շեշտում, որ փորձարարությունը որոշ ժանրերի պարագայում հրաշալի է ստացվում: Դավիթը օրինակ բերեց իր համերգի համատեքստում Los Reyes խմբի հանդես գալը, որը ֆլամենկո ոճի երաժշտություն է ներկայացնում, իսկ ինքը` դասական:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Դավիթ Հովհաննիսյանի` Տեներիֆեին նվիրված երգի տեսահոլովակին, որ նկարել էր հանրահայտ Ֆրան Կազանովան: «Բավականին հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, շատ տպավորված եմ»,-ասաց երաժիշտը:
Տենորը հայտնեց, որ Եվրոպա մեկնելուն պես մի քանի երգ կձայնագրի եւ կնկարահանի եւս մեկ նոր տեսահոլովակ, կան նաեւ համերգային ծրագրեր, այդ թվում` մի բարեգործական համերգ Հռոմում, մյուսն էլ Վիեննայում: Վերջինիս կազմակերպիչը տեղի հայկական համայնքն ու եկեղեցին են:

Դավիթ Հովհաննիսյանը կարեւորում է արվեստագետների` շատ ճամփորդելը եւ «դրսում» ապրելով եվրոպական մշակույթին հաղորդակից լինելը, որը նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ավելի արժեւորել արմատներդ եւ ազգային երաժշտությունդ: Չի բացառում, որ առաջիկայում որեւէ նախագիծ կանի` հայկական հնագույն շարականների հենքի վրա:

Քանի որ Հայաստանում այս օրերին բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ են տեղի ունենում, մեր զրույցի ավարտին Դավիթ Հովհաննիսյանը խաղաղություն մաղթեց բոլորին` անկախ քաղաքական նախընտրությունից, ազգային, կրոնական պատկանելությունից, կարծիքների տարբերությունից, քանի որ միայն խաղաղության պարագայում է հնարավոր «լիաթոք» ստեղծագործել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30