Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժել, իսկ Երեւան քաղաքինը բավարարել է հայցը

Ապրիլ 20,2018 14:00

Քաղաքապետարանի որոշումը թղթի վրա էր մնացել՝
մինչեւ դատարան դիմելը

Վարչական դատարանում երեկ միայն օրվա տարբեր ժամերին նշանակվել էին 180 գործով դատական նիստեր: Մայրաքաղաքում ընթացող ներքաղաքական իրադարձություններին զուգահեռ՝ դատարաններում հազվադեպ է, որ նիստեր տեղի չեն ունենում, հիմնականում խնդիրներ են ծագում քրեական գործերով կալանավորներին կենտրոնով համայնքային դատարաններ տեղափոխելու հնարավոր դժվարությունների հետ: Նշեմ նաեւ, որ վարչական դատարանի 180 գործերից 15-ն առնչվում էր պատասխանող ճանաչված դատական ակտերի հարկադիր ծառայությանը:

Երեւանաբնակ Մարգարիտա Պապոյանի գործով հետաքրքիր զարգացում էր տեղի ունեցել. վարչական դատարանում գործի քննությունն ավարտվել է, լուծում ստացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:

Վարչական դատարանին դիմելով՝ Մարգարիտա Պապոյանը հայտնել էր, որ 2002թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ Երեւանի քաղաքապետը Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող իր կրպակի տարածքի փոխարեն Թումանյան փողոցում 7 տարի ժամկետով տրամադրել էր 5 քմ տարածք: Սակայն հետագայում քաղաքապետարանը նրա հետ վարձակալության պայմանագիր չէր կնքել:

Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ի վճռով Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրել էր, ըստ էության, հարգել իրենց իսկ ընդունած որոշումը, կատարել 2002թ. հոկտեմբերի 10-ի որոշումը եւ քաղաքացու հետ կնքել վարձակալության պայմանագիր: Որոշման կատարումը ուղարկվել էր արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայություն, սակայն նրանք էլ այն ընթացք չէին տվել:

Մ. Պապոյանի ներկայացուցիչն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ հանցագործության մասին հաղորդմամբ: ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ ԴԱՀԿ աշխատակիցների արարքում հանցակազմ չտեսնելով: Վերադասության կարգով իրավապաշտպան գրասենյակը բողոքարկել էր 2017 թ. դեկտեմբերի 4-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Վերաքննիչ վարչական դատարանը նույնպես մերժել էր Մ. Պապոյանի ներկայացուցիչներին:

ՀՔԾ որոշումը բողոքարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացած դատական նիստի ընթացքում դատարանն արձանագրել էր, որ նյութերի նախապատրաստման փուլում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները քննարկման առարկա չեն դարձել: Դատարանը քաղաքացու օգտին որոշում է կայացրել, մասնավորապես, բավարարել Մ.Պապոյանի բողոքը եւ վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՔԾ-ի 2017 թ. դեկտեմբերի 4-ի որոշումը։
Լորիս Մելիքյանի գործով երեկ նախնական դատական նիստ էր նշանակվել: Քաղաքացու հայցադիմումը կրկին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ է՝ Ավան եւ Նոր Նորք տարածքային բաժնի կողմից կատարողական վարույթներով կայացված որոշումը՝ Լ.Մելիքյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Նոր Նորքի բնակարանն այս տարվա փետրվարի 5-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու, այն անվավեր ճանաչելու պահանջի մասին է:
Քաղաքացին գտնվել է արտերկրում եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան եւ Նոր Նորք բաժնի որոշման մասին իմացել է միայն այս տարվա հունվարի 18-ին:

Դատարանը հարգելի էր համարել նրա՝ դատարան ուշ դիմելու հանգամանքը, հիմքում դնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային՝ 2010թ. հուլիսի 30-ի թիվ ՎԴ/1327/05/10 որոշումը: Անդրադառնալով դատավարական ժամկետները բաց թողնելու եւ այն վերականգնելու իրավական խնդրին, դատարանը նշել է. «Անձի դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, եւ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնի, որ հայցադիմումի ընդունումը մերժելու լիազորությունը սերտորեն կապված է անձի դատական պաշտպանության, ինչպես նաեւ խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու իրավունքների հետ»:

Մեկ այլ քաղաքացի էլ՝ Սուսաննա Փոթոյանը, պահանջում էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հունվարի 15-ի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Քաղաքացին գտնվում է նյութական ծանր վիճակում, ազատվել էր պետտուրքի վճարումից: Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ նա սնանկ է ճանաչվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

19.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30