Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կոտրեք ըմբոստ երիտասարդին

Ապրիլ 21,2018 15:30

Այսպես ոչնչանում է Հայաստանի ապագան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընթացող «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիայի երեւանյան փուլում տասնյակ երիտասարդների են տարել ոստիկանության բաժիններ: Ոմանց տուգանել են, ոմանք ցուցմունք են տվել, որ ակցիայի մասնակից չեն, տարածքով անցնելիս են եղել: Համացանցում նման նյութեր շատ կան:
Այն պահին, երբ երիտասարդներին տանում էին ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանի գործընկեր Արամ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հանրապետականներին ասաց. «Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»: Բողոքի ակցիային մասնակցող երիտասարդներին ոստիկանություն տանելը պահեստայինների նստարանի ոչնչացում է: Հայտնի խոսք կա՝ «եթե մարդը երիտասարդ է, բայց ըմբոստ չէ, սիրտ չունի, եթե տարեց է եւ ըմբոստ է՝ խելք չունի»: Հանրապետականին ծառայող ոստիկանությունը մեր սրտոտ, լուսավոր եւ ըմբոստ երիտասարդներին տանում է ոստիկանություն եւ ստիպում խոստովանել, որ բողոք-մողոք չունեն: Ոստիկանությունը կասի՝ չենք ստիպում, իրենք են խոստովանում: Դե հա, ճիշտ նույն արդարությամբ հանրապետականները հաղթում են ընտրությունում, Հայաստանում պաշտոնյայի որդին դառնում է խոշոր գործարար եւ այդպես շարունակ: Ըմբոստ երիտասարդին հալածող-կոտրող ոստիկանությունը (հանրապետական իշխանությունը) սպանում է Հայաստանի ապագան: Փողոցում բողոքող երիտասարդին «սխալ հանող» եւ խոստովանություն պարտադրող ոստիկանությունը (հանրապետական իշխանությունը) հարվածում է մեր ազգային անվտանգությանը:

Եթե անգամ երիտասարդը չգիտակցելով էր փողոցում, ոգեւորվել էր ընկերների պահվածքից, արդյունքը նույնն է. նրան դուր է գալիս սեփական կարծիքը բարձրաձայնող մարդը, նա ուզում է նմանվել ընկերոջը՝ դառնալ սեփական կարծիքը բարձրաձայնող մարդ, իսկ վաղը՝ Հայաստանի պահանջատեր քաղաքացի: Հալածված-կոտրված երիտասարդն արդեն պահանջատեր չի: Մեկ անգամ փորձեց բարձրաձայն դժգոհել՝ տարան ոստիկանություն: Հիմա նա մեկընդմիշտ վախեցած է ու թերություն տեսնելիս չի բարձրաձայնի՝ լինի դա սովորելիս, աշխատելիս, ծառայելիս, ընտրելիս: Կոտրված երիտասարդը ամեն ինչին մատների արանքով է նայելու. լավ չի սովորելու, ծառայելու է անհավես՝ օրերը հաշվելով, աշխատելու է առանց ոգեւորության, չի գնալու ընտրության ու ցավ չի զգալու, որ իր քվեն գողացել են: Այսպես ոչնչանում է Հայաստանի ապագան: Այսպես ձեւավորվում են հլու-հնազանդ կամակատարներ՝ այսօրվա հանրապետականների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին: Իրենց Նժդեհյան որակող հանրապետականները մոռացել են (եթե իհարկե գիտեին), որ Նժդեհը չէր համակերպվում, նրան հալածողն էլ էր հարվածում մեր ազգային անվտանգությանը:

Մի կոտրեք ըմբոստ երիտասարդին: Մի սպանեք մեր ապագան: Երիտասարդների հետ աշխատելու այլ ձեւեր կան՝ սկսած ընկերական-խրատական-բացատրական զրույցներից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30