Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը համամիտ է՝ խորհրդարանը պետք է ցրել

Ապրիլ 21,2018 12:09

«Ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը»,- երեկ, Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում այս հարցերն էր հնչեցրել Անահիտ Բախշյանը՝ ակնկալելով երեկոյան, հանրահավաքում լսել դրանց պատասխանները:

Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ այս հարցերին: Բայց Անահիտ Բախշյանը հուս ունի, որ առաջիկա օրերին կլսի դրանց պատասխանները. «Ասելիք ունի, երեկ արդեն ծրագիր ներկայացրեց, դրեց այն քննարկման»:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց՝ չի կարող գուշակել, թե զարգացումներն ո՞ւր կտանեն. «Բայց ժողովրդական շարժումը պետք է անպայման հանգուցալուծվի՝ հօգուտ ժողովրդի բարօրության»:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրին` «Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ», տիկին Բախշյանն ասում է՝ որ խորհրդարանը ցրելու քայլ պետք է լինի, այլընտրանք չի տեսնում. «Պետք է ԱԺ-ում բազմակարծությունն ապահովվի: Այն բոլոր քաղաքական հայացքները, որ կան Հայաստանում, պետք է պառլամենտ գնան: Խորհրդարանական հանրապետության պահանջը դա է: Կայուն մեծամասնություն հասկացությունը պետք է Սահմանադրությունից դուրս գա»:

Թե ի՞նչ հերթականությամբ եւ ի՞նչ մեխանիզմներով, ինչպե՞ս պետք է այսօրվա հարթակը վարչապետի թեկնածու ներկայացնի խորհրդարանին, մեր զրուցակցի համար դեռ փոքր ինչ անհասկանալի է: Բայց, որ քայլ պետք է արվի եւ այս շարժումը կարողանա կառավարման համակարգում ինչ-որ բաներ փախել՝ նա կասկած չունի:

Հետաքրքրվեցինք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հարցազրույցից ինքը տպավորություն ստացա՞վ, որ իշխանությունը պատրաստ է փոփոխությունների: «Ոչ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հարցազրույցը, իր գնահատմամբ, չափազանց վնաս էր Սերժ Սարգսյանին, քանզի նա պետք է անդրադառնար այսօրվա հանրահավաքների ժամանակ հնչող տարբեր մեղադրանքներին, բայց ոչ թե ինչ-որ թվեր ասելով, այլ շատ բաներում պետք է համաձայնություն հայտներ. «Ժողովուրդը տեսնում է իր ասածի եւ իրականության միջեւ խոր վիհը»: Իրականությանը չանդրադառնալով եւ ինչ-որ թվեր ասելով, տիկին Բախշյանի գնահատմամբ Սերժ Սարգսյանն ավելի է հրահրում եւ ոտքի հանում ժողովրդին: Ինքը ցավով է ասում, որ նոր մշակույթ ձեւավորելու քայլեր այդ հարցազրույցում չի տեսել:

Անահիտ Բախշյանը հատուկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի նկարները աշխատասենյակներում, հատկապես ուսումնական հաստատություններում պարտադիր փակցնելու, Սերժ Սարգսյանի ասած ավանդույթին. «Ոչ: Այդ նկարներն իր՝ նախագահ ընտրվելուց հետո են հայտնվել: Չգիտեմ՝ ո՞ւմ հրամանով, բայց դա իր օրոք է եղել»:

Հիշեցնենք, նախագահների նկարները դպրոցներում պարտադիր ունենալու խորհրդային «ավանդույթը» դպրոցներում վերականգնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Այն ժամանակ դարձյալ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով դպրոցներում պետականության անկյուններ ստեղծվեցին, որտեղ պարտադիր նաեւ նախագահի լուսանկարն էր փակցվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30