Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոց փակելիս ցուցարարները գտնվում են օրինականության դաշտում». Կարեն Մեժլումյան

Ապրիլ 21,2018 13:10

Ցուցարարների՝ այս օրերին Երևանի փողոցները փակելը օրինակա՞ն է, թե՞ ոչ. այս հարցի կապակցությամբ փաստաբանների կարծիքները չեն համընկնում:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնագետ Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Կուդրևիցիուսն ու մյուսները» վճռի 173-174 կետերին, գրել է. «Մի բան է, երբ փողոցը փակվում է հավաքի արդյունքում (ՄԻԵԴ, Գայանե Աշուղյան – թույլատրելի է), այլ բան է, երբ փողոցը փակելը հավաքի նպատակն է։ Վերջինը չի թույլատրվում»։

Այս առիթով Aravot.am-ը փաստաբան Ինեսա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ցուցարարները օրինական դաշտո՞ւմ են գտնվում, նա պատասխանեց. «Պարզ է, որ հավաքի համար է փողոցը փակվում, և նախաձեռնողները բազմիցս հայտարարել են, թե ինչու են փակում փողոցը: Քաղաքացիական անհնազանդություն է. հավաքներ են անցկացնում և դրա համար է փողոց փակվում: Տվյալ դեպքում հավաքի նպատակը միանշանակ փողոց փակելը չէ, հավաքի համար է փակվում փողոցը, այդ մասին հայտարարվում է, ուստի իրավաչափ է այս դեպքում փողոց փակելը: Այդ անձինք գտնվում են օրինականության դաշտում»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ևս գտնում է, որ փողոց փակելիս ցուցարարները գտնվում են օրինականության դաշտում: Նա հստակեցրեց. «Փողոց փակելը քաղաքացիական անհնազանդության ձևերից մեկն է, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության ձևերից է հավաքներ անցկացնելը, շենքեր արգելափակելը, գործադուլներ անելը: Ոչ թե հավաքն է նշաձողը, այլ քաղաքացիական անհնազանդությունը, որի մեջ այդ ամենը ներառվում է: Իսկ թե փաստական հիմք ունենք, թե՝ ոչ, սա հարցի այլ կողմն է: Ունենք, որովհետև այդ մարդիկ դնում են երկրի ղեկավարի հայտարարությունը, որ ինքը չի հավակնում, որ համարում է սխալ, որ անձը երրորդ անգամ ընդհանրապես հավակնի երկրի ղեկավարմանը: Եվ ասում են, թե ոչ միայն քո խոստումը չես կատարել, այլ սխալ ես գործում: Այսինքն՝ խոսքը այս պահին քաղաքացիական անհնազանդության մասին է, որի ձևերից են այն գործողությունները, որոնք արվում են, այդ թվում նաև փողոց փակելը»:

Ըստ պարոն Մեժլումյանի՝ նպատակն ամենևին փողոց փակելը չէ, այլ որպեսզի Սերժ Սարգսյանն այս պահին հրաժարական տա.«Ավելին ասեմ՝ նաև հավաքի նախաձեռնողները հայտարարել են, որ իրենք քաղաքացիական անհնազանդության ձևով են այդ պայքարն իրականացնում, իսկ քաղաքացիական անհնազանդության շրջանակներում է գտնվում նաև փողոցներ փակելը, շենքեր արգելափակելը, նույնիսկ ասեմ ավելին, մեր սահմանադրության մեկնաբանություններում այդ մասին գրված է. հենց այդ հոդվածի մեկնաբանության հեղինակն էլ Գագիկ Հարությունյանն է»:

Պարոն Մեժլումյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ այստեղ խոսքը հավաքի նպատակի մասին է, իսկ հավաքի նպատակը ինքն արդեն նշել է՝ որն է, և դա փողոց փակելը չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30