Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն երեխաներին՝ լավ ապագա կերտելու համար

Ապրիլ 21,2018 13:33

Իր հիմնադրման օրից Հայ Եկեղեցին միշտ կանգնած է եղել որբի, այրու, կեղեքյալի և աղքատի կողքին։ Եկեղեցին թանգարանացած վայր չէ, այլ այն կենդանի, շնչող ու սփոփարար սպեղանի է յուրաքանչյուր հայորդու համար։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմը, իր ժրաջան Առաջնորդի՝ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի գլխավորությամբ, բազմապիսի օժանդակություններով նեցուկ է կանգնում հայ մանկանը, երիտասարդին ու ընտանիքին։ Այդ օժանդակություններից մեկն է «Էջմիածնի Երեխաների Հիմնադրամ»ը, որը նյութական օժանդակություն է տրամադրում Հայաստանում ապրող ծնողազուրկ և կարիքավոր երեխաներին։

Հիմնադրամը հիմնված է Թեմի նախկին առաջնորդներից՝ Գերշ. Տ. Վաչե Արք. Հովսեփյանի օրոք, սակայն այն վերջին տարիներին նոր թարմությամբ աննախադեպ վերելք ապրեց։ Հիմնադրամի ատենապետներն են Տեր և Տիկին Սայաթ և Հերմինե Օրունճաքչիէլները։

2016 թվականն էր, երբ «Էջմիածնի Երեխաների Հիմնադրամը» ծնունդ տվեց «Մանկապարտեզի Ծրագրի»ն, որի գործունեությունը ծառայեց նաև գյուղական շրջաններում մանուկների համար առողջ կրթական միջավայր ստեղծելու գործին։ Օրինակ. Հիմնադրամը հովանավորում է Քարակերտի Գրիգոր Նարեկացի հոգևոր-մշակութային կենտրոնի 30 երեխաների սննդի տարեկան ամբողջական ծախսերը։ Կենտրոնի տնօրեն Աննա Ղուկասյանը մեր հետ կատարած հարցազրույցի ընթացքում դրվատելով Հիմնադրամի գործունեությունը՝ ասաց. ««Էջմիածնի Երեխաների Հիմնադրամ»-ի շնորհիվ մեր երեխաները լիարժեք սնվեցին և իրենց առօրյան անցկացնում են և անցկացնելու են ավելի ջերմ ու գունեղ միջավայրում։ Առ այդ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հովնան Սրբազան Հորը, ողջ անձնակազմին, այս ծրագրին նպաստողներին,  որոնք իրենց ուժն ու կորովն են ներդրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար և այն բոլոր աստվածահաճո ծրագրերն ու նպատակները, որոնք ուղղված են մեր հայրենիքի մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը։ Թող Աստված պահի ու պահպանի հայրենիքիս նկատմամբ նման մարդկանց գործունեությունը և երջանկություն պարգևի մեր մատաղ սերնդին»։

«Էջմիածնի Երեխաների Հիմնադրամը» իր գործունեությունն է ծավալել նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում, որտեղ թիվ 5 մանկապարտեզը գտնվում էր անմխիթար վիճակում։ Նշենք, որ Ճամբարակ գյուղը Ադրբեջանի սահմանից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա է տեղակայված։ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմը, համագործակցելով Գեղարքունիքի Թեմի և քաղաքապետարանի հետ, 2017 թվականին հիմնովին նորոգեց մանկապարտեզի տանիքը։ 2018-ին, Հիմնադրամը Առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի նախաձեռնությամբ, որոշել է նաև նույն մանկապարտեզի դռներն ու պատուհանները փոխարինել նորով՝ մանուկներին ցուրտ եղանակից զերծ պահելու և նրանց տաքուկ «օջախ» պարգևելու համար։

«Էջմիածնի Երեխաների Հիմնադրամը» բարձր գիտակցությամբ և նախանձախնդրությամբ գործում է ու պիտի շարունակի գործել, գործունեություն, որ ազգանվեր ծառայություն է յուրաքանչյուր հայ երեխայի նկատմամբ։ Նվիրատվություն կատարողը պետք է գիտակցի, որ նա ո՛չ միայն անմեղ երեխաների կյանքն է բարելավում և լավ պայմաններ ստեղծում, նաև նրանց հույս, հավատ և սեր է ներշնչում ապագայի նկատմամբ։ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմը՝ համագործակցելով գիտակից հայորդիների հետ, շարունակելու է յուրաքանչյուր հայ մանուկին անհոգ մանկություն և անկեղծ ժպիտ պարգևել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30