Լրահոս
Օրվա լրահոսը

Lինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց. ՀՀ ԱԻՆ կոչը

Ապրիլ 21,2018 20:18

Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ցույցերի և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային և ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի և երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական արտադրատեսակների  (ճայթռուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր և այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին` խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը, արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման գրավականն է: Պատրաստ լինելով ցանկացած պահի արձագանքելու արտակարգ դեպքերին, պատահարներին՝ ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին` չխոչընդոտել հրշեջ-փրկարարական մեքենաների ազատ տեղաշարժին:

Մարդածին և բնական աղետների ռիսկի նվազեցման և մարդու կյանքի և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են և արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30