Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ տեմպերացված շանսոն». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ

Ապրիլ 22,2018 15:48

«Լավ տեմպերացված շանսոն». այսպիսի խորագիր ուներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 21-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։

Համերգը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սերգեյ Ստադլերը, իսկ որպես մենակատար հանդես եկավ ամերիկացի հանրահայտ ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Լավ տեմպերացված շանսոն» շարքը (մենակատար՝ Դավիթ Աարոն Քարփենթեր)։

«Լավ տեմպերացված շանսոնը» հայտնի է երաժշտասեր հանրությանը։ Դավիթ Աարոն Քարփենթերն այն կատարել է Մետրոպոլիտեն թանգարանում, Կարնեգի հոլում, և ստեղծագործությունը միշտ հաջողությամբ է ընդունվել ունկնդրի կողմից։

Պատասխանելով լրագրողի հարցին` ինչպե՞ս է ստեղծվել այս գործը, հեղինակը՝ Ալեքսեյ Շորը, նշեց, որ ամեն ինչ սկսվեց մի կատակից. «Ես պարզապես ինչ-որ վարիացիաներ նվագեցի երաժիշտ ընկերներիս համար, արձագանքը միանգամայն անսպասելի էր։ Նրանք ասացին, թե ցանկանում են կատարել այն և խնդրեցին շարունակել էքսպերիմենտը, արդյունքում ստացվեց երաժշտական այս շարքը»։

«Սա պրոֆեսիոնալ ստեղծագործություն է, ես կասեի՝ վիրտուոզ»,- ասաց դիրիժոր Ստադլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ընկալում Շորի ստեղծագործությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ նշեց, որ նվագախումբը ծանոթ է Ալեքսեյ Շորի արվեստին. նրա երաժշտությունը բազմիցս ներկայացվել է մեծ հաջողությամբ։

Հիշեցնենք, որ Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի ընթացքում որպես պաշտոնական նվագախումբ հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Նշենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Մալթայում կհեռարձակի Medici հեռուստաընկերությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30