Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի «Ելք»

Ապրիլ 23,2018 10:46

Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրություններում ընդդիմությունը չափազանց քիչ ձայներ ստացավ: Մանավանդ՝ եթե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չենք համարում, այլ համարում ենք ոչ իշխանական:

Ընդդիմադիր կարող ենք համարել «Ելք» դաշինքը, որը, փաստորեն, եթե այսօրվա դրությամբ Ազգային ժողովում մանդատներ չունենար, Հայաստանի իշխանության համար շատ անհարմար վիճակ էր ստեղծվելու: Կստացվեր, որ Հայաստանի Ազգային ժողովում բացարձակապես բացակայում է ընդդիմությունը: Ինչեւէ, այս պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում «Ելքը», չնայած չափազանց փոքրաթիվ, այնուամենայնիվ կա, գոյություն ունի եւ նույնիսկ հանձնաժողովների մեջ է ընդգրկված, եւ պատահական չէ, որ այս հանգամանքը հաճախ են նշում իշխանավորներն ու իշխանամետները:
Եթե Ազգային ժողովում «Ելքը» չլիներ, կստացվեր, որ Ազգային ժողովում բացարձակապես բացակա է ընդդիմությունը, եւ այդ դեպքում նույնիսկ իշխանականների մտքով չէր անցնի առնչություն ունենալ ԵՄ-ի հետ:

Ստացվում է, որ, փաստորեն, «Ելքը» որոշակիորեն պարզերես է արել Հայաստանի իշխանություններին: Տարօրինակ է, բայց՝ փաստ:

Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմադիրների չափազանց փոքր քանակությունը բազմաթիվ պատճառներ ունի, բայց պատճառներից գլխավորն ու հիմնականն ընդդիմության անմիաբանությունն է: Ազգային ժողովի վերջին ընտրությունների նախընտրական շրջանում ընդդիմությունը հնարավորինս անմիաբան էր գործում: Եթե հիշում եք, ՀԱԿ-ը մյուս ընդդիմադիրների հետ որեւէ կապ չուներ: «Երկիր ծիրանին»՝ առավել եւս: ՕՐՕ-ն իբր թե դաշինք էր, բայց ՕՐՕ-ն իր երեք առաջնորդներից հիմնական ու գլխավոր առաջնորդ էր ընտրել միանգամայն սկսնակ ու միանգամայն անփորձ «քաղաքական գործիչ» Սեյրան Օհանյանին:

Համեմատաբար «Ելքն» էր միասնական, եւ պատահական չէր, որ ընտրություններում որոշ հաջողություն ունեցավ: Եթե, իհարկե, այդ մի քանի մանդատը հաջողություն համարենք մի ամբողջ ընդդիմության համար:

Այսինքն՝ ընդդիմադիրներն իրականում ոչ թե իշխանության դեմ են պայքարել, այլ հիմնականում իրար դեմ: Այսինքն՝ իրենք գիտակցում էին, որ Հայաստանում ու հատկապես Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությանը չափազանց սահմանափակ տեղեր են հատկացված, եւ փորձում էին էդ տեղերն իրարից խլել: Եվ խլում էին: Եվ լավ էլ խլում էին:

Այսուհանդերձ, «Ելքն» Ազգային ժողովի իր մի քանի մանդատներից պիտի որ գոհ լինի: Ըստ ամենայնի, «Ելքը» պիտի որ գոհ լինի այն հանգամանքից, որ Ազգային ժողովում էս պահի դրությամբ ինքն է, փաստորեն, միակ ընդդիմությունը: Բայց, ներքուստ գոհ լինելով հանդերձ, պարտավոր է ցույց տալ, որ շատ դժգոհ է: Որովհետեւ ընդդիմություն է: Ընդդիմությունը պետք է դժգոհ լինի: Պարտավոր է դժգոհ լինել: Պարտավոր է դժգոհ լինել իշխանություններից: Այլապես ժողովուրդն իրեն չի հավատա եւ հաջորդ անգամ ձայն չի տա:

Եթե ընդդիմություն ես, պիտի խրոխտ ու անհաշտ ելույթներ ունենաս: «Ելքն» այդպես էլ անում է: Ավելի ճիշտ՝ ոչ թե «Ելքն» է այդպես անում, այլ անձամբ Նիկոլը: Նիկոլը, փաստորեն, «Ելքի» բաժին ընդվզման ողջ բեռն ու ծանրությունը վերցրել է իր վրա՝ խոսելուց սկսած եւ քայլելով վերջացրած:

Եվ՝ ոչ միայն «Ելքի»: Նիկոլի այս նոր շարժմանը մի քանի ընդդիմադիր կուսակցություններ ու ընդդիմադիր լիդերներ հայտարարություններով միացան Փաշինյանին: Բայց փաստ է, որ Նիկոլը մեն-մենակ տարավ շարժման ողջ ծանրությունը:

Եթե «Ելքի» բոլոր բաղադրիչներն ու բոլոր անդամներն իրենց պահեին այնպես, ինչպես «Լուսավոր Հայաստանի» Մարուքյանն ու Գորգիսյանն են իրենց պահում, ընդդիմության տպավորություն չէին թողնի: Պիտի ընդվզեին ու հոխորտային, որ ընդդիմության տպավորություն թողնեին: Նիկոլն էդպես էլ անում է: Եվ Նիկոլի շնորհիվ, փաստորեն, ողջ «Ելք» դաշինքն է ընդդիմության տպավորություն թողնում: Դեռ մի բան էլ ավելի: Ասում ենք՝ մի բան էլ ավելի, որովհետեւ Նիկոլը երբեմն-երբեմն չափն անցնում է: Ընդվզման առումով: Եվ կարծես թե՝ ամեն ինչ ճիշտ է ստացվում: Ընդդիմության տպավորություն ստեղծելու առումով: Ասածս երեւի մի քիչ կոպիտ է հնչում, բայց, համաձայնեք, որ մի ամբողջ Ազգային ժողովում մի քանի հոգով անհնարին է լուրջ ու վտանգավոր ընդդիմություն լինել: Նիկոլ Փաշինյանը փորձում է, եւ արդյունքն ավելի քան տպավորիչ է:
Բոլոր դեպքերում, մեր ներքաղաքական այժմյան էտապում ընդդիմության տպավորություն թողնելն էլ կարելի է արդյունք համարել, եւ կարելի է արձանագրել, որ «Ելքը», ավելի ճիշտ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն այդ արդյունքին հասել է: Եվ եթե Նիկոլի խրոխտ ելույթները, մարաթոնյան քայլքն ու դրսեւորման մյուս ձեւերը արդյունք համարենք, պիտի արձանագրենք, որ «Ելքը», ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը լավ է պատկերացնում՝ ինչ ասել է ժամանակակից ընդդիմություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

21.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30