Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետ ճամփա փակող օլիգարխներ չեն լինելու, ԵՊՀ-ի դուռ փակող չի լինելու». Հանրահավաքը մեկնարկեց

Ապրիլ 23,2018 19:25

Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկեց Սերժ Սարգսյանի հրաժարականը կարդալով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն ասաց, որ հայ ժողովուրդը ապացուցեց՝ հաղթանակած ժողովուրդ է եւ աշխարհում անելիք ունենք, այսօր ազգային զարթոնքի օր է. «Մենք հասել ենք մի կարեւոր հանգրվանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է»:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը ոստիկաններին հրավիրեց հրապարակ՝ միասին տոնելու. «Դուք էլ եք հաղթել, դուք մեզ ուղեկցել եք՝ դեպի հաղթանակ»:

Նա ասաց, որ թեեւ ասում են՝ երիտասարդներն են հաղթել, բայց իրականում իրենք հաղթել են՝ մեծերի դաստիարակության շնորհիվ:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ելույթ ունեցավ, եւ ասաց, որ այսօրվանից սկսում է հաղթական պատմական նոր շրջանը: Նա հիշեցրեց, որ երբ Փաշինյանի հետ դուրս եկան պայքարի, բոլորը թերահավատորեն էին մոտենում. «Ապացուցեցինք, որ կարող ենք, ուժեղ ենք միասին, ազատ ենք մենք եւ ցանկանում ենք հզոր երկիր ունենալ»:

Երեւանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Ժողովուրդ, մենք ձեւը գտել ենք, այսուհետ որեւէ իշխանություն, եթե իրեն խելոք չպահի, մենք փողոցները կփակենք»:

Նա մեջբերեց Փաշինյանի՝ ամսի 18-ի ելույթից մի հատված, որտեղ նա ասում էր, որ սա հետսովետական տարածքում եւ սոցիալիստական նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որի անունը որեւէ կերպ չի կապվում օտարերկրյա պետությունների հետ եւ սա մեր հպարտությունն է:

Հանրահավաքի ժամանակ ասացին, որ այս օրերին բերման ենթարկված եւ կալանավորվածներից մեծ մասին արդեն ազատ են արձակել, մյուսներն էլ ազատ արձակման ճանապարհին են:

ՔՊ կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց. «Այսուհետ ճամփա փակող օլիգարխներ չեն լինելու, դպրոցի դռներ փակողներ չեն լինելու, բուհերի դռներ, ԵՊՀ-ի դուռ փակող չի լինելու»: Նա ասաց, որ այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, նրանք բոլորը ազատ են արձակվում, բայց եթե կլինեն մարդիկ, որոնք կմնան ոստիկանական բաժանմունքներում, հորդորեցին իրենց տեղյակ պահել դրա մասին:

Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչեւ 2040 մենք ունենալու ենք 4 մլն բնակչություն: Ըստ Արայիկ Հարությունյանի, Սարգսյանը օգնեց մեզ այդ հարցում,աչքիս մինչեւ 2030-ն ենք լինելու այդքան: Սփյուռքից գալիս են, այսպիսի բան չի եղել, Գլենդելում մի քանի հազարանոց ցույց է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30