Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական լուծման ճանապարհը

Ապրիլ 24,2018 10:05

Խոստովանեմ, մինչեւ ապրիլի 20-ը ես ենթադրում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է, որովհետեւ չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, եւ, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղեկատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է:

Իրավիճակն արագ լիցքաթափվեց եւ, բարեբախտաբար, անարյուն՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նախագահի հասցեին այս պահին հայհոյանքներ գրելը շատ հեշտ է (կարծում եմ՝ նախագահ եղած ժամանակ էլ դժվար չէր): Հիմա ժամանակը չի գնահատելու Սերժ Սարգսյանի 30-ամյա գործունեությունը, որում եղել են թե՛ պայծառ էջեր, թե՛ սխալներ ու տապալումներ, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում: Բայց որ նա հեռացավ ոչ այնպես, ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինքներդ գիտեք, թե ով)՝ դա փաստ է:

Լուծումը շարունակում է մնալ երկխոսությունը: Ճիշտն ասած, երբ մի քանի օր առաջ ես գրում էի երկխոսության մասին, նկատի չունեի մի քանի տասնյակ լրագրողների առաջ նստելն ու ուղիղ եթերում իրար մեղադրելը: Հիմա, որ վաղը լինի լիագումար նիստ, ենթադրում եմ, որ էլի դրա նման մի բան կստացվի: ԲՀԿ-ն, մոռանալով, որ խմբակցության կեսը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, հանդես կգա սուպերհեղափոխական դիրքերից եւ կհավաստիացնի, որ միշտ Փաշինյանի կողքին էր:

Դաշնակցությունը նույնպես, թեեւ այդ աստիճանի կուրծք չծեծելով, կասի, որ Հայաստան աշխարհում նոր արշալույս է բացվել: ՀՀԿ-ականները կփորձեն թեթեւակի դիմադրել:
Հենց այդ պատճառով, ինձ թվում է, խելամիտ չէ միանգամից ԱԺ լիագումար նիստ հրավիրել եւ երեսպաշտության վրա ժամանակ կորցնել: Գործը շատ ավելի արագ կգնա, եթե փակ խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ հետո միայն համաձայնեցված որոշումը բերեն լիագումար նիստ:

Այն, ինչ ես հիմա կգրեմ, գիտեմ, որ շատերին դուր չի գա: Հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ պետք չէ կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը՝ ով հավատում է այդ գաղափարներին, կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ ով կուսակցական տոմս է վերցրել, այսպես ասենք, «այլ պատճառներով» (իսկ իշխող կուսակցությունում սովորաբար այդպես էլ լինում է), միեւնույն է, կփախնի: Առնետավազքն անխուսափելի է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մենք՝ հայերս եւ առաջին հերթին դուք՝ Հայաստանցիներդ, այս օրերին պատմութիւն կերտեցիք: Անասելի յուզուած եմ եւ սրտաբուխ շնորհաւորանքներս:

    Ցոյցերն այնքան տպաւորիչ էին ու լայն արձագանք էին գտել աշխարհով մէկ, որ նոյնիսկ օտարազգի գործընկերներս էին հետաքրքրւում:

    Այսօր արդէն հպարտօրէն կարող ենք արձանագրել. հայկական պետութիւնն աննախադէպ ժողովրդավարական վերելք ապրեց: Հայաստանը ժողովրդավարութեան գեղեցիկ դաս տուեց հարեւաններին, յետխորհրդային երկրներին, աշխարհի շատ երկրներին եւ ինչու ոչ՝ ինքներս մեզ:

    Այնուամենայնիւ, միամիտ չլինենք եւ նշենք, որ դժուարին գործը դեռ առջեւում է. «Տասնօրեայ յեղափոխութիւնը» լաւ հնարաւորութիւն է ընձեռել աւելի բարեկեցիկ, ազատ եւ անկախ երկիր կառուցելու համար: Այդ իսկ պատճառով չարբենանք յաղթանակի բերկրանքով ու չկորցնենք զգօնութիւնն ու աչալրջութիւնը:

    Իր բոլոր դրական ու բացասականով հանդերձ՝ Սերժ Սարգսեանի արածը խիզախ եւ բարձր գնահատականի արժանի քայլ է: Նրա չարածների մասին շատ է գրուել (քննադատուել): Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Սերժ Սարգսեանը շատ լաւ բաներ էլ է արել: Ուստի շնորհակալութիւն յայտնենք նախկին նախագահին իր ղեկավարած տասնեամեակի եւ յատկապէս արժանապատիւ հրաժարականի համար: Ժամանակը յետագայում աւելի մանրամասն գնահատական կը տայ նրա արած-չարածներին:

    Յ.Գ. Երկրորդ պարբերութեան վերջին նախադասութիւնն ուժեղ էր 🙂
    «…ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինքներդ գիտեք, թե ով) 🙂

  2. Արսեն says:

    Սա նման է պալատական կամ հայ-ռուսական հեղափոխության։ Ռուսական պաշտոնյաները չեն էլ թաքցնում , որ Կարեն Կարապետյանը իրենց ամենաընդունելի թեկնածուն է, նույնիս Սերժ Սարգսյանից ավելի ընդունելի։Իմ կարծիքով , դրա համար էլ չխառնվեցին գործընթացներին կամ ,որ ամենահավանականն է, ստիպեցին պրն Սարգսյանին հրաժարական տալ։

  3. Լավատես says:

    Մի դրածոն իր հայությունը վերջին պահին ցույց տվեց ու հրաժարվեց պաշտոնից, տեսնենք մնացած դրածոները այդքան մակարդակ կունենա՞ն ու իրենց մեջ ուժ կգտնե՞ն իրենց հայությունը ցույց տալու ու հրաժարական տան, գնան հանգիստ իրենց կուսակցական գործերով զբաղվեն: Ամենակարեւորը՝ հայի հայություն ցուցաբերելը հայի աստվածային փրկությունն է: Իսկ երբ բոլորս վերադառնանք մեր հայ էությանը, այսինքն՝ լինենք մենք մեզնով ու ոչ մեկի տնազը չլինենք, այդ ժամանակ ապրիլի քսանչորսի բացասական նշանը ապրիլի քսանհինգի մեր հաղթանակների դրական նշանով կփոխարինենք:

  4. Աշոտ says:

    Հա հա հա… բոլոր նրանք, ովքեր Նիկոլից երես էին թեքում, թե նա ճիշտ քայլեր չի կատարում, հիմա արմունկներն են կրծում։ Նիկոլը ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, ապա ամեն բան կարող է իր ճամփից սրբի-տանի։ Հարկավոր է Սերժ Սարգսյանին արժանին մատուցել. չնայած իր բացասական կերպարին, նա ապացուցեց, որ նա ամենից առաջ հայ է, հետո նոր իր աթոռին սերտաճած պաշտոնյա, դիկտատոր ու իշխանավոր։
    իհարկե, ինձ կարող են հակաճառել, թե նա արդեն ելք չուներ, բայց աչքի առաջ է ուրիշ դիկտատորների ընտրած ճանապարհները…
    Հիմա շատերը մտածում են՝ լավ իսկ հետո՞։ Կարծում են, թե հհկ-ն առանց պայքարի չի հեռանա։
    Ես համոզված եմ, որ Նիկոլը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը։ Հանրապետակններից պադգամավորներց շատերը այդ կուսակցության անդամ են ոչ թե համոզմունքներից ելնելով, այլ որովհետև «բոլորն են ուզում ավելի լավ ապրել»։ Հիմա այդ «Հհկ» ականներից շատերը ինքնապահպանության բնազդով են շարժվելու՝ «դե ես միշտ էլ ասել եմ, որ Նիկոլը մեր ախպերնա»
    Ու ես համոզվածծ եմ՝ ապագա վարչապետ Փաշինյանը թեպետ երբեք չի եղել իշխանության մեջ և կառավարման փորձ չունի, սակայն իր լրագրողական և քաղաքական պայքարի փորձը իրեն կոգնեն ճիշտ որոշումներ կայացնել։
    Բարին ընդ մեզ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30