Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կբաժանեն իշխանությունը

Ապրիլ 24,2018 13:00

Երեկ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվեց, սրանից րոպեներ առաջ ձերբակալված Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ արձակվեցին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քայլ արա՝ մերժիր Սերժին» նախաձեռնությանը բազմահազար քաղաքացիներ միացան եւ օրեր շարունակ խաղաղ բողոքի ցույցեր էին անում, ինչի արդյունքում Սարգսյանը հրաժարական տվեց: Սարգսյանն իր հրաժարականի դիմումում նշել է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։
Շարժման առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը իշխանափոխության ծրագիր էր ներկայացրել՝ Սարգսյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից, Ազգային ժողովը ընտրում է ժողովրդի առաջարկած վարչապետի թեկնածուին, եթե ԱԺ-ն նոր վարչապետի ընտրության համար քվորում չի ապահովում, ապա այս ԱԺ-ն լուծարվում է, եւ ԱԺ նոր ընտրություններ են իրականացվում: Երեկ էլ հանրահավաքում Փաշինյանը կրկնեց նույնը՝ հավելելով՝ վարչապետի նոր թեկնածուի նշանակումը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, ժողովրդի առաջարկած վարչապետի թեկնածուից հետո նշանակվելու է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ:

Արդյոք Փաշինյանի նախատեսած ծրագրով կգնա՞ն զարգացումները, Փաշինյանին ազատ արձակելուց րոպեներ առաջ փոխվարչապետի պաշտոնում գտնվող Կարեն Կարապետյանն էր հանդիպել նրան: «Առավոտի» հետ զրույցում պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց. «Չշտապենք: Այս իրավիճակում մանրամասներ չենք կարող կանխատեսել, դեռ մի բան էլ բոլորս պետք է խոստովանենք՝ ով որ այս ընթացքում հանրային կարծիք է հայտնել, սխալվել է, սա պետք է ազնվորեն արձանագրենք: Համենայնդեպս, մի բան պետք է հասկանանք՝ այո, ուժային ռեալ դասավորությունից կախված կլինի: Փաշինյանը կարողացավ այնքան մարդ հավաքել հրապարակում, որ հիմա նրա առաջարկների հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Բնականաբար, պետք է հաշվի նստեն: Մյուս կողմից՝ արդեն երեւի համարյա իշխանության եկած ուժը, նրանք էլ պետք է անպայման պայմանավորվեն, ինչ-որ փոխզիջումների գնան մյուս ազդեցիկ ուժի հետ: Ես նկատի չունեմ միայն քաղաքական, տնտեսական ազդեցություն եւ այլն, եւ այլն»:

Հրանտ Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ ի վերջո պետք է հասկանալ, թե Փաշինյանի քաղաքական ուժը որքան ռեսուրս ունի, ասենք՝ պաշտոնների համար, եւ բացի այս, կա բանակցությունների խնդիր. «Ենթադրում եմ, այսօր ինչ-որ բանի շուրջ պայմանավորվածություն եղել է Կարեն Կարապետյանի հետ»:
Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ էլ Տեր-Աբրահամյանն ասաց՝ երեկ առավոտյան արդեն պարզ էր, որ այլ տարբերակ արդեն չկա. «Կամ պետք է լիներ շատ ուժեղ բախում, վախենամ նույնիսկ մարտի 1-ի բախումից էլ ուժեղ: Կա՛մ պետք է ուժային լուծումների գնար իշխանությունը, իսկ այդ պահն արդեն բաց էր թողնված, կա՛մ էլ հրաժարականն այլընտրանք չուներ: Սա ժողովրդի ճնշման տակ էր, սա ժողովրդի պահանջն էր»:

Արդյոք առաջիկայում ՀՀԿ-ն կհրաժարվի՞ իշխանությունից, կառավարումից, թե՞ համաձայնեցված կառավարություն կձեւավորվի՝ մեր այս հարցին ի պատասխան էլ քաղաքական վերլուծաբանն ասաց. «Կարծում եմ՝ ողջամիտ համաձայնություն կլինի: Փաշինյանը փորձառու քաղաքական գործիչ է, պարզ է, որոշակի փոխզիջումների կգնան: Թե ի՞նչ ֆորմատով՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, որովհետեւ մի քիչ դժվար եմ պատկերացնում այս շարժման մեջ տարբեր կողմերի ներդրումը որքան է եղել: Կարծում եմ՝ ներդրումը միայն Փաշինյանինը չէ, նրա դերը շատ մեծ է, չենք թերագնահատում: Բայց կարծում եմ՝ տարբեր ներդրումներ են եղել, ենթադրում եմ՝ կախված այս ներդրումներից, բայց դինամիկ ձեւով կլինի իշխանության ձեւավորումը: Որովհետեւ ի վերջո Նիկոլի ներդրումն ամենաբարձրը եղավ, որովհետեւ հրապարակային գործընթացը ինքը տարավ, հիմա մյուսների ներդրումները որքան են եղել՝ դժվար է հստակ գնահատել, եւ հետո, այս դինամիկայի մեջ որքան կարեւոր դեր են ունեցել: Օրինակ՝ մենք տեսանք անսպասելի դեմքեր, որոնք առաջներում չէին երեւում, մենք տեսանք՝ ուսանողությունը եկավ հրապարակ, սա նորույթ էր: Հիմա հստակ դժվար է կանխատեսել, բայց վերը նշվածից կախված կլինի պայմանավորվածությունը: Այսինքն՝ ով որքան ներդրել է, եւ այդ ներդրումը քանի տոկոսով է աճել, այդ չափաբաժնով կլինի դասավորվածությունը»:

Սա թավշյա հեղափոխություն էր, որի մասին շարժման սկզբից հայտարարվում էր, արդյոք Հայաստանը նոր փո՞ւլ է մտնում, եւ արդյոք սա բեկումնային իրավիճա՞կ է դեպի ժողովրդավարական գործընթացին գնալու, կոռումպացված համակարգին վերջ դնելու՝ մեր այս հարցին ի պատասխան Տեր-Աբրահամյանն ասաց. «Շատ դժվար հարց է: Ժողովրդավարությունը ոչ ցանկությունով է գալիս, ոչ էլ նույնիսկ պարտադիր բխում է հեղափոխությունից: Ժողովրդավարությունը պետք է իրական հիմք ունենա հասարակության մեջ: Այսինքն՝ հասարակութան մեջ պետք է լինեն ռեալ խմբեր, որոնք պետք է մոտավորապես հավասարաչափ ուժ ունենան: Իրական մրցակցություն լինի: Հիմա դժվարանում եմ ասել՝ ունե՞նք այս տիպի իրավիճակ, թե՞ ոչ: Կարծես թե չունենք: Մյուս տարբերակն այն է, եթե ասենք՝ նոր կառավարություն է, այն ոչ այդքան դասական ժողովրդավարական միջոցներով, այլ ավելի շատ հենց հեղափոխական միջոցներով սկսում են պայքարել այդ երեւույթների դեմ: Մոտավորապես Սաակաշվիլու օրինակի պես: Սա էլ կախված կլինի, թե ինչ չափաբաժիններով կբաշխվի նոր իշխանության մեջ տարբեր խմբերի ազդեցությունը: Եվ իհարկե, ինչ քաղաքական կամք կունենան, սա չենք կարող այժմ գնահատել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

24.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30