Լրահոս
Օրվա լրահոսը

Խորոված՝ Խանջյան փողոցում, ոստիկանների հետ բարիդրացիական հարաբերություն, առանց պետհամարանիշների «համեր»-ներ ու «ջիփ»-եր՝ փողոցներում

Ապրիլ 24,2018 12:00

Երեկ հանրահավաքի մասնակիցները այլեւս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տոնում էին իրենց հաղթանակը:

Փողոցներում ոստիկաններ գրեթե չէին նկատվում` բացառությամբ կառավարության շենքի եւ ՀՀԿ գրասենյակի մոտ ծառայություն իրականացնողների, որոնք, սակայն, փոքրաթիվ էին եւ, այսպես ասած` «ռելաքս» վիճակում: Նրանք հանգիստ շփվում էին քաղաքացիների հետ, թողնում, որ երթեւեկեն ՀՀԿ գրասենյակի կողքով, պատմում լարված իրավիճակներում իրենց ապրումներից:

Մի խումբ քաղաքացիներ հենց Խանջյան փողոցում սեղան էին փռել եւ խորոված էին անում: Մարդիկ էլ կային, որ ուրախությունից որպես «մաղարիչ» ջուր ու քաղցրավենիք էին բաժանում: Հրապարակի մերձակայքում, փողոցների վրա առեւտուր իրականացնող փոքր ու միջին բիզնեսի գործը եւս բարեհաջող էր ընթանում: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ տնտեսվարողներն ասացին, որ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են նման ծավալի առեւտուր ունեցել:


Աղբամանները եւս չէին դիմանում աղբի քանակին, դրանք ամենուր լեփ-լեցուն էին, հրապարակում աղբը ոտք առած գնում էր: Երեկ էլ փողոցներում առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ էին պտտվում, սակայն այս անգամ նրանց վարորդներն ու ուղեւորները ոչ թե ցուցարարների էին ծեծում, այլ, ի նշան հաղթանակի, եռագույնն էին պարզում ու ազդանշան տալիս:

Եվ որքան էլ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում հաղթանակը տոնել առանց ալկոհոլի, այնուամենայնիվ, խանութներում ամենաշատ սպառված ապրանքը խմիչքն էր` շամպայնը, գարեջուրը:


Փողոցներում ճանապարհային ոստիկաններ էլ չկային, ինչպես երթեւեկությունը, այնպես էլ հաղթանակի պատվին տեղի ունեցող քայլերթերը ինքնակազմակերպվում էին:
Քեֆ ուրախությունը միայն վերգետնյա չէր, մետրոյում՝ նույնպես, գնացքներում երիտասարդները երգում-պարում էին: Օրվա երկրորդ կեսից արդեն պարապուրդի մատնված հասարակական տրանսպորտն էլ սկսեց սպասարկել, սակայն անկախ գծի ուղղությունից՝ քաղաքացիները վարորդներին հորդորում էին հրապարակով գնալ:
Տաքսիների գործը եւս լավացել էր. ում հաջողվում էր տաքսի որսալ, իր հետ նույն ուղղությամբ գնացող քաղաքացիներին առաջարկում էր տանել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30