Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը» հերքում է իր մերձավորի կողմից Էջմիածնում ԵԿՄ-ականի դանակահարության լուրը

Ապրիլ 24,2018 11:56

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», այլ կերպ է պատմում երեկ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Հակոբ Հակոբյանը Aravot.am-ին ասաց, որ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր- Արմեն Հովհաննիսյանին դանակահարությունը կամ որեւէ միջադեպ նրա մասնակցությամբ ինքը չի տեսել:

Նա հերքեց ԵԿՄ խորհրդական Վարդան Վարդանյանի ասածները, թե ինքը երեկ իր կողմնակիցների հետ Էջմիածնի քաղաքապետարանը գրավելու կոչեր է արել:

«Երեկ Էջմիածնում տեղի էր ունենում տոնախմբություն Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված, ես իմ ընկերոջ հետ, մի մարդ, որը 70 տարեկան է, գնացել ենք այնտեղ, ժողովրդի հետ ողջագուրվել ենք, զրուցել ենք… այդ դանակահարությունը մեր մոտակայքում չի եղել: Ես հետո եմ իմացել, որ նման բան է եղել, հակառակ դեպքում մենք ճիչ, գոռոց կլսեինք, կտեսնեինք… Մենք ոչ շենք ենք ուզել գրավել, ոչ էլ նման նպատակ ենք ունեցել: Այնտեղ տեսախցիկներ են եղել, մարդիկ իրենց հեռախոսներով նկարում էին, թող հետաքննեն, պարզեն»,- ասաց նախկին պատգամավորը:

Ըստ նրա, Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում էր նաեւ քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի տղան, իր շքախմբով: Պատգամավորը զարմանում է՝ հնարավո՞ր էր, իրենց կողմնակցին դանակահարեին ու քաղաքապետը կամ իր շքախմբի անդամները չգոռային, չագրեսիվանային, չպաշտպանեին դանակահարվողին. «Դուք նման բան հավատո՞ւմ եք, թող իրավապահները քննություն անեն»:

Հակոբ Հակոբյանի պատմելով, երեկ երբ ցուցարարները տոնախմբության մեջ էին, մի ցուցարար շատ վրդովված ասում էր, որ իրեն ծեծել են իր տղայի աչքի առաջ ու նսեմացնել. «Այդ ժամանակ 25-30 մետր հեռավորությունից քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մոտ երեսուն հոգու հետ հետեւում էին այդ մարդու ելույթին: Այդ մարդը, երբ նկատեց նրանց, ձեռքն ուղղեց նրանց կողմն ու ասաց՝ ինձ նսեմացնողը այ էն «սպարտիվկով» անձնավորությունն է ու հայհոյեց: Այդ ժամանակ Կարեն Գրիգորյանը իր շքախմբով փորձեց տոնակատարությանը խանգարել, թույլ չտալ մարդկանց շարունակել, բայց ցուցարարները հավաքվեցին, սկսեցին գոռալ, նրանք հեռացան»:

Հիշեցնենք, որ երեկ կրծքավանդակի հատվածում մահացու վիրավորում է ստացել ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30