Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Հայաստանում տեղի ունեցավ իրական թավշյա հեղափոխություն»

Ապրիլ 24,2018 22:44

ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Աղասի Ենոքյանի պատասխանները «Առավոտի» հարցերին:

-Պարոն Ենոքյան, եթե փորձենք, այսպես ասած, ավելի սառը գլխով դատել, իրականում ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում՝ անցած օրերի ընթացքում:

– Հայաստանում տեղի ունեցավ կարեւորագույն երեւույթ՝ ժողովրդի կամքի արտահայտություն։ Հայուգենը քաղաքականապես ձեւակերպվեց, որպես քաղաքացիական հասարակություն եւ իր կամքը պարտադրեց իշխանությանը։ Հայաստանի քաղաքական համակարգը վերջապես, ավելի քան 20-ամյա ընդմիջումից ի վեր, սկսեց արձագանքել հասարակական տրամադրությանը։

Հայաստանում տեղի ունեցավ իրական թավշյա հեղափոխություն։ Իշխանությունը՝ գլուխը կախ, ընդունեց փողոցի պարտադրանքը, շարժումը ընդունեց իշխանության հրաժարականը: Պետք է ընդունել, որ իշխանությունն ի վերջո կարողացավ ադեկվատ արձագանքել Հասարակությանը, թող որ այս դեպքում դա արտահայտված էր Փողոցով։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա պահպանել փոփոխությունների տեմպը, ապա հեղափոխությունն անխուսափելի է։ Նա կկարողանա հաստատել իշխանության՝ ընտրություններով փոփոխվելու տրամաբանական տարբերակը։

Կուզեի նշել մի կարեւոր մեթոդոլոգիական հանգամանք. իշխանության համար մեծ պրոբլեմ էր, այն որ լինելով կարծրացած ու իրականության անհամարժեք մեխանիզմ, այն չէր հասցնում արձագանքել Փողոցի պարտադրած արագությանը։ Հիմա վտանգներից մեկն այն է, որ իշխանությունը կարող է իր ձեռքը վերցնել փոփոխությունների տեմպը, դանդաղեցնել այն, բերել իրեն հարմար հունի մեջ, եւ դրանով իսկ լուրջ հաջողություններ գրանցել։

– Մի տեսակ անակնկալ չէ՞ր Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրվա հանդիպման ժամանակ հեգնական տոնից հետո: Ի՞նչը ստիպեց մի քանի ժամերի ընթացքում իշխանությունը վայր դնելու որոշում կայացնել մի մարդու, որը տարիներ շարունակ, պահում էր իր իշխանությունը:

– Առաջին հերթին դա ցուցարարների թվի էքսպոնենցիալ աճն էր Սարգսյան-Փաշինյան հանդիպումից հետո։ Թեկուզ զուտ թվաբանական հաշվարկից պարզ էր, որ հավաքված ժողովրդին անգամ մեր բազմահազարանոց, լավ զինված ու մարզված ոստիկանությունը չէր կարող դրան դիմակայել, իսկ զորքեր բերել Սերժ Սարգսյանը չուզեց։ Այս ընթացքում նաեւ լրահոսում որոշակի ակնարկներ երեւացին, որ ավելի կոշտ գործողությունները կբերեն միջազգային հակազդման։

-Ի՞նչ է սպասվում առջեւում: Կլինե՞ն արտահերթ ընտրություններ, քաղաքական ի՞նչ ներկապնակ կունենանք՝ նկատի ունենալով բոլոր քաղաքական ուժերի վարկաբեկված լինելու փաստը:

– Մենք ունենք սահմանադրական ճգնաժամի ամենալայն արտահայտությունը։ Ըստ հրամցված սահմանադրության, իշխանության ձեւավորման համար անհրաժեշտ են կուսակցություններ։

Միաժամանակ ակնհայտ է, որ ասպարեզում եղած «կուսակցությունները» կամ իշխանության կողմից ձեւավորված կառույցներ են, կամ մարգինալ են։ Դժվար է ասել, թե ինչպե՞ս կաշխատի նոր ընտրությունների մեխանիզմը՝ արդյո՞ք մինչ այդ մենք կունենանք նոր Սահմանադրություն, արդյոք եղած կուսակցությունները արժանի՞ են պահպանելու իշխանության ձեւավորման բացառիկ իրավունքը, արդյոք կգնա՞նք հանրապետականներին՝ որպես կոռուպցիոն համակարգի, արգելման ճանապարհով։ Քանի դեռ ունենք հեղափոխական ընթացք, կա այս հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը՝ նախքան ընտրությունները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30