Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-ն ԴԱՀԿ-ում ուշագրավ խախտումներ է հայտնաբերել

Ապրիլ 24,2018 21:30

Վերահսկիչ պալատը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարած ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել: Ըստ ՎՊ տարեկան հաշվետվության, ԴԱՀԿ ծառայության պահպանում ծրագրով 2016-ին պետական բյուջեից հատկացվել է 1,4 միլիարդ դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 1,3 միլիարդ դրամ: Իսկ 2017-ին բյուջեից հատկացումը կազմել է եւ դրամարկղային ծախսը կազմել է 1 միլիարդ 351 միլիոն եւ 1 միլիարդ 329 միլիոն դրամ:

2016-ին ԴԱՀԿ ծառայության պահպանման ծախսերի 84.3%-ը կազմել է աշխատողների վարձատրությունների եւ պարգեւավճարների ծախսը, իսկ 2017-ին այս նույն ծախսը կազմել է 83.4%: Իսկ էներգետիկ, կապի եւ կոմունալ ծառայությունների ծախսերը 2016-ին կազմել են 7.8% իսկ 2017-ին ՝ 8.2%:

Ծառայության կարիքների համար ապրանքների ձեռք բերման ծախսերը կազմել են 2016-ին՝ 64,2 միլիոն դրամ, ծառայության բյուջեի 4.8%-ը եւ 53,4 միլիոն դրամ՝ 4%-ը՝ 2017-ին:

Ըստ ՎՊ-ի բացահայտման, ԴԱՀԿ նախկին ղեկավարի 2012 թվականի հրամանով ծառայության յուրաքանչյուր ծառայողին երկու տարվա համար տրամադրվում է 1 սվիտեր: Ծառայությունը բյուջետային միջոցների հաշվին 2016-ին եւ 2017-ին ձեռք բերել համապատասխանաբար 200 եւ 150 հատ սվիտեր, որի մեկ հատի արժեքը 17 հազար 500 դրամ է եղել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ծառայության պահեստներում սվիտերների մնացորդը 580 հատ է: Իսկ հաստիքացուցակի 427 աշխատողներով ծառայությունը ապահովված է եղել սվիտերներով հաջորդ տարվա համար: Սակայն 2016 եւ 2017 թվականներին գնել են 6,1 միլիոն դրամի 350 հատ հավելյալ սվիտերներ:

Ըստ ՎՊ-ի, 2016 եւ 2017 թվականներին նյութական խրախուսման բաղադրիչից համապատասխանաբար 331,8 եւ 392,8 միլիոն դրամը ուղղվել է պայմանագրային հիմունքներով աշխատող ավելի քան 200 անձանց վարձատրությանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության որոշմանը: Սրա արդյունքում ծառայողների խրախուսման համար միջոցները պակասել են եւ խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի կեսը կազմող 653,9 միլիոն դրամի փոխարեն այն կազմել է 147,6 միլիոն դրամ: Այսինքն, օրենքով սահմանված աշխատակիցներին հատկացվող խրախուսման միջոցները պայմանագրայինների հաշվին ծառայությունը նվազեցրել է:

Ծառայությունը արտաբյուջետային միջոցների հաշվին 2016-ին « ձեռք է բերել 570 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր՝ 8,2 միլիոն դրամով: Սակայն ստուգմամբ պարզվել է, որ ծառայության հաշվեկշռում այդ տարի առկա էր 521 հատ համակարգիչ, որից 11-ն անսարք էին եւ չէին շահագործվում: Ծառայությունը պահանջվածից 60 հատ ավելի է գնել այդ ծրագրերը, եւ 867 հազար դրամ ավելի գումար ծախսել:

A4 ֆորմատի թուղթն էլ, ըստ ՎՊ-ի, ծառայությունը գնել է 158 դրամով թանկ գնով եւ ծախսել ավելի գումար՝ 1 միլիոն 34 հազար դրամ: Այս թղթի 2-րդ խմբաքանակն էլ գնել է 225 դրամով ավելի թանկ գնով, ծախսել է 5,6 միլիոն դրամ ավելի գումար:

Ծառայությունը Երեւանի քաղաքապետարանի պահանջով 2016-ին հարուցել է 52,728 վարույթներ՝ 1,1 միլիարդ դրամ բռնագանձման ենթակա գումարով: 2017-ին նոյեմբերի 29-ի դրությամբ հարուցվել է 26,277 վարույթ՝ 448,9 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով: Հարուցված զգալի թվով վարույթներով պարտապան հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ունեցել են եկամուտներ, սակայն, ինչպես պարզել է ՎՊ-ն, վարույթներով գումարներ չեն բռնագանձվել:

Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 149,8 միլիոն դրամի մնացորդ, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են:

ԴԱՀԿ-ն այս «մեղադրանքների» մասին տվել է բացատրություններ եւ առարկություններ ներկայացրել ՎՊ-ին: Մասնավորապես սվիտերների մասին նշել է, որ 2018-ին դրանց կարիքը լինելու էր, եւ անհայտ է նոր աշխատողների թիվը, քանի որ, ըստ ծառայության, դեպի ԴԱՀԿ կադրերի հոսունություն կա: Թանկ գնով թղթեր գնելու մասին էլ ԴԱՀԿ-ն պատճառաբանել է, թե դրանց ձեռք բերման կարիքը հրատապ էր, եւ արտաբյուջետային ծախսի նախահաշիվը հաջորդ եռամսյակում պետք է հաստատվեր, ուստի ստիպված թանկ են գնել: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի՝ գումար բռնագանձման պահանջին, ու դրա չկատարմանը, ԴԱՀԿ-ն վստահեցրել է ՎՊ-ին, որ վարույթները կարճվել էին, ուստի գումար չի բռնագանձվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30