Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա էն կարտոֆիլ ուտող ժողովուրդն է». Վահան Բադասյանը`ՀՀԿ-ականներին

Ապրիլ 25,2018 19:50

«Ես վաղուց էի ասում, որ այսպիսի վիճակ է լինելու: ՀՀԿ-ականների հիվանդ մտածելակերպի արդյունքն է`սկսած Սերժ Սարգսյանի`մարտի մեկով վախեցնելուց, վերջացրած Վահրամ Բաղդասարյանի` այսօր արած այն հայտարարությամբ, որ եղբայրասպան չպիտի լինենք: Իսկ ո՞վ է խոսում եղբայրասպանության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն, որը Երեւանում է եւ մասնակցում է համաժողովրդական շարժմանը:

«ՀՀԿ-ական հայտնի պատգամավորն (Հակոբ Հակոբյանը- Ն. Գ.) ասում էր`ժողովուրդը միայն կարտոֆիլ է ուտում: Սա էն կարտոֆիլ ուտող ժողովուրդն է: ՀՀԿ-ականները եւ նրանց շարունակությունները թող իրենց միսը պինդ պահեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նկատեցինք`առնետավազքն այլեւս սկսված է`ԲՀԿ-ն միացավ շարժմանը, ՀՅԴ-ն`լքեց կոալիցիան եւ միացավ, «անակնկալներ» դեռ էլի կտեսնենք: Վահան Բադասյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանինն առնետավազք չի: Իրենք անկախ էին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա չէր եւ իրենք շուտ էին հայտարարել, երբ ոչինչ որոշված չէր: Սա գնահատել կարելի է ինչ-որ տեղ»:

Դիտարկմանը, որ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը սպասարկում էր ՀՀԿ-ի շահերը, ավելին խմբակցության 12 պատգամավորներ կողմ քվեարկեցին, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, Վահան Բադասյանը հակադարձեց. «Սպասարկել էին, բայց տեսել են, որ…իրենցն, էնքան էլ չի»:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, մեր զրուցակիցը համարում է կոնկրետ առնետավազք. «ՀՅԴ-ում կարծում են, որ ՀՀԿ-ականներն իրենց պետք չեն այլեւս, կերակրամանի համար էր: ՀՅԴ ԳՄ-ն լավ է լռեր եւ ոչինչ չասեր: Սա եվս մեկ անգամ ապացուցում է, որ իրենց կռիվը ՀՀԿ-ի հետ ոչ թե սկզբունքի հարց էր, այլ ախոռամանի համար էր: Եթե հումորով մոտենանք`դարձյալ մսի եւ կարտոֆիլի հարց էր: Ի՞նչ է, մինչեւ հիմա խելոք չէին`հիմա՞ խելոքացան: Պետք չէ: Արդեն շատ ուշ է»:

Հանգուցալուծումը մեր զրուցակիցը տեսնում է այսպես`գործող խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինյանը նշանակվում է վարչապետ, նա էլ նոր`մաքուր եւ հավատարիմ մարդիկ է նշանակում պաշտոնների`իբրեւ առաջին դեմքեր: Իսկ, որ մեր ժողովրդի մեջ նման մարդիկ շատ կան`Վահան Բադասյանը կասկած չունի. «ՀՀԿ-ականների պետք է վռնդել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30